Խնձորով շերտավոր կարկանդակ

Մայրիկիս պատրաստած աս համեղությունն եմ առաջարկում այսօր։

Ճիշտ որ’ մայրիկի եփածն ուրիշ է։ Դարչինի բույրը գայթակղեց, այնպես չէ։

Դե ուրեմն’ համեցեք։

Բայց նախ գրանցենք բաղադրիչները.

Խմորի համար`

400 գ կաթ
1 ճաշի գդալ խմորիչ (դրոժ)
1 ճ գդալ շաքարավազ (խմորիչի հետ լցնելու համար)
2 ձու
70 գ ձեթ
50 գ հալեցված կարագ
1 թեյի գդալ աղ
5 ճաշի գդալ շաքարավազ
Ալյուր

Միջուկի համար`

Խորիզ, խնձոր, դարչին…..

Կաթի կեսի վրա լցնում ենք խմորիչն ու մեկ ճաշի գդալ շաքարավազը, թողնում ենք 20 րոպե տաք տեղում, որ լավ բարձրանա։

Դրանից հետո այն լցնում ենք մեծ թասի մեջ, ավելացնում մնացած կաթը, ձուն, շաքարավազը, ձեթն ու կարագը։

Լավ խառնելուց հետո մաղելով ավելացնում ենք այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, թեթև խմոր։

Ծածկում ենք սրբիչով, դնում որևէ տաք տեղ ու թողնում ենք, որ լավ հասունանա։

40-60 րոպեն բավական է, պետք է խմորն ամենաքիչը կրկնապատկվի։ Լավ հասունանալուց հետո խմորը բաժանում ենք երկու իրար հավասար մեծ գնդերի և մեկ փոքր գնդի։ Մեծ գնդերից մեկը բացում ենք ձեթ քսած տապակի չափսով ու փռում այդ տապակի մեջ։ Վրան բարակ շերտով խորիզ ենք տարածում, խորիզի վրա շարում կամ անկորիզ խուրմա, չամիչ կամ ինչպես այս դեպքում մայրիկս է արել’ մուրաբայի հատիկներ։

Այս շերտը ծածկում ենք մյուս մեծ գնդով, որը նախապես գրտնակում ենք կրկին տապակի չափսով։ Այս շերտի վրա տարածում ենք նախապես դարչինի, մի քանի գդալ շաքարավազի ու կիտրոնի հյութի հետ խառնված քերած խնձորը։ Խնձորի շերտի վրա տարածում ենք տապակի չափսով բացված փոքր գունդը, որի վրա մինչև կարկանդակօ վրա փռելը նախապես դանակով կտրվածքներ ենք անում, որ ցանցի նմանվի։

Տապակով այս կարկանդակը թողնում ենք տաք սենյակում 10-20 րոպե, որ վերջնական հասունանա, որից հետո այն թխում ենք նախապես 220 աստիճան տաքացված ջեռոցում մինչ լավ կարմրելը։

Ի դեպ, խմորիչով նման խմորների դեպքում նախընտրում եմ երեսին ձուն քսել միայն անմիջապես ջեռոց դնելուց առաջ, ոչ շուտ. այսպես խմորն ավելի թեթև է ստացվում։

Կարկանդակի դեպքում պահանջվում է վրան քսելու համար մեկ ձվի դեղնուց։

Ահա և վերջ. շերտավոր կարկանդակը պատրաստ է։ Ջեռոցից դուրս բերելուց հետո թողնում ենք այն սառչի հենց տապակի մեջ։

Սառած ժամանակ արդեն կարելի է դուրս բերել, կտրատել և մատուցել։

Հա, ի դեպ, մայրիկս շաքարի փոշիով է միշտ մատուցում։ Ըը~~մմմ, ինչ հրաշք է….

Շնորհակալություն աշխարհի ամենաբարի ու ամենաքնքուշ իմ մայրիկին այս բաղադրատոմսի համար։ Woman.am -ում տնական համով-հոտով բաղադրստոմսեր շատ կան։ Փնտրեք մեր էջերում և հետևեք թարմացումներին։

#Ամանորյա նվերներ

#jobs.am