Տորթ՝ Մարիամ

Հետաքրքիր անվանումով այս համեղությունն ենք պատրաստելու: Մեզ այդ հարցում կօգնի Թամարա Գյուլզադյանը:

Պատրաստվեք, սկսում ենք:

Տետրերը բացեք, թելադրում եմ բաղադրիչները.

 Խմորի համար

4 դեղնուց

1 բաժակ շաքարավազ

300 գ փափուկ կարագ

2 թեյի գդալ քացախ

0.5 թեյի գդալ սոդա

3 բաժակ ալյուր

Բեզեի համար

4 սպիտակուց

180 գ շաքարավազ (250 գրամանոց բաժակով ոչ լիքը)

1 բաժակ մանրացված ընկույզ

Կրեմի համար

1 տուփ եփած խտացրած կաթ

200 գ կարագ

Սկսեցինք:

Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ միասին: Այստեղ չմոռանամ ասել, որ դեղնուցի վրա շաքարավազ լցնելիս, եթե ուզում եք, որ հետո գնդիկներ չառաջանան, անպայման նույն այդ պահին լցրեք ու սկսեք խառնել կամ հարել, հակառակ դեպքում շաքարավազն այրում է դեղնուցի պարկուճը, որից էլ եփովի կրեմի մեջ ու նման դեղնուցային խմորների մեջ կարող են անհարթություններ առաջանալ: Սա կարևոր է հատկապես եփովի կրեմների դեպքում, եթե ուզում եք լիարժեք հարթ զանգված ստանալ:

Սա միջանկյալ տեղեկատվություն էր)

Զանգվածը հարելուց հետո ավելացնում ենք փափուկ, սենյակային ջերմաստիճանի կարագն ու շարունակում հարել: Գուցե կարագը լիովին հավասար չտարածվի զանգվածի մեջ, ոչինչ,, խմորի պնդանալուն զուգահեռ այն կտարածվի հավասար, չանհանգստանաք:

Կարագն էլ բարեհաջող ավելացրեցինք, հիմա քացախի հերթն է: Ուշադրություն, քացախը սոդայի հետ չենք խառնում, ես այս մասին առանձին հրապարակում եմ արել: Կայքի փնտրման տողում հարկավոր է գրել ՛՛Իդեալական խմորի գաղտնիքները՛՛, ու կկարդաք իմ պատրաստած հատուկ հրապարակումը:

Քացախն ավելացնելուց հետո կրկին խառնում ենք ու ավելացնում ալյուրը՝ սոդայի հետ միասին:

Ստացվելու է պինդ խմոր: Բաժանում ենք 3 գնդի, ծածկում, թողնում հանգստանա: Եթե իմ՝ վերը նշված նյութը կարդացել եք, ապա լավ գիտեք,  թե ինչու հենց սոդայով պինդ խմորները հանգստանալու կարիք ունեն:

Այս ընթացքում պատրաստում ենք բեզեն:

Սպիտակուցները հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի պինդ զանգված: Ավելացնում ենք մանրացված ընկույզն ու զգույշ խառնում:

Խմորի գնդերից ամեն մեկը բացում ենք տապակի չափսով: Բեզեն աչքաչափով բաժանում ենք երեք մասի: Շերտի վրա քսում ենք բեզեի մի մասն ու դնում նախապես 140-150 աստիճան տաքացված ջեռոցը՝ մինչ պատրաստ լինելը:

Ջերմաստիճանի ցածրությունը կօգնի, որ բեզեն հասցնի չորանալ, իսկ խմորն այդ ընթաքում չայրվի:

Այսպես պատրաստում եքնք երեք շերտերն էլ ու իրար միացնում կրեմով:

Կրեմը պատրաստում ենք հետևյալ հեշտ ու արագ ձևով.

Փափուկ կարագը լավ հարում ենք այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթը: Բաղադրիչներից բոլորը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, որ կրեմը չկտրվի:

Վերջին շերտի վրա ևս քսում ենք մի փոքր կրեմից, վրան ընկույզ ենք շաղ տալիս ու ձևավորում ջնարակի նախշերով:

Ի դեպ, նույն կերպ փնտրելով ՛՛Փայլոն ջնարակ՛՛ վերնագրով նյութը, կարող եք ծանոթանալ իմ ջնարակի տարբերակին:

Այսքանը: Շատ համեղ ու գեղեցիկ այս խմորեղենը, վստահ եմ, անտարբեր չի թողնի ոչ ոքի:

Woman.am-ն օր օրի հարստանում է նոր բաղադրատոմսերով ու հետաքրքիր, օգտակար խորհուրդներով: Փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու հետևեք թարմացումներին:

Մինչ նոր համեղ հանդիպումներ 😉

 

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)

#Ashxtanq