Համեղ, ամենօրյա կերակրատեսակներից առաջարկում եմ այսօր պատրաստել խնկալի: Բառի ստուգաբանությունն ուսումնասիրելիս հանդիպեցի հետաքրքիր տեսակետի, որի համաձայն խնկալի բառը ամենևին էլ վրացական ծագում չունի: Այն հայկական է: Բառի մեջ առկա ՛՛խնկ՛՛ արմատը  հենց խունկն է, հետևաբար խնկալի նշանակում է անուշաբույր:

Սա իմանալուց հետո էլ ավելի մեծ ոգևորությամբ կանցնենք գործի:

Մեզ հարկավոր է՝

Խմորի համար

1 բաժակ սառը ջուր

1 լիքը թեյի գդալ աղ

Մի քանի կաթիլ ձեթ

Ալյուր

Միջուկի համար

400 գ կգ տավարի միս

200 գ խոզի միս

Կանաչիներ

Աղ, սև պղպեղ

Սխտոր

Ջուր

2 մեծ գլուխ սոխ

Խոհանոցո՞ւմ եք: Դե ինչ, ուշադրություն, սկսում ենք:

Քանի դեռ չեք սկսել, հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:

Մի մեծ թասի մեջ լցնում ենք ջուրը, մեջը լուծում աղն ու ձեթը, այնուհետև մաղելով ավելացնում ենք ալյուրը: Ասեմ, որ կարելի է պատրաստել հակառակ հերթականությամբ՝ սկզբում լցնելով աղն ու ալյուրը, հետո ջուրն ու ձեթը իրար խառնած: Ես, սակայն, պատրաստում եմ իմ նշած տարբերակով:

Խմորը պետք է հունցել հնարավորինս երկար, ցանկալի է, որ դա տևի 5-7 րոպե: Դրանից խմորն առացվել էլաստիկ կդառնա ու հեշտ կգրտնակվի: Պատրաստի խմոր պետք է լինի պինդ, չկպչի ձեռքերին:

Այն վերջնական հունցելուց հետո բաժանում ենք մի քանի գնդի ու մեծ արագությամբ ուժեղ հարվածում ենք սեղանին: Սա խմորն ավելի էլաստիկ դարձնելու համար է:

Մեր խմորի լավ չարչարելուց հետո ծածկում ենք սրբիչով ու թողնում մի 30 ր հանգստանա մեզնից:

Մինչ խմորը հանգստանում է, պատրաստում ենք խճողակը:

Նախապես աղացված մսին ավելացնում ենք համեմունքները, աղացած սոխը, կանաչիները, համեմում ենք աղ ու պղպեղով: Այստեղ մի պահ ուշադրություն: Ես այս ֆարշի մեջ սիրում եմ ավելացնել 1-2 սուրճի բաժակ սառը ջուր: Լցնում եմ քիչ-քիչ՝ թույլ տալով, որ միսը ներծծի այն: Սա օգնում է, որ պատրաստի խնկալիի մեջ միսը չլինի պինդ, ռեզինի պես:

Միջուկը դնում ենք սառնարանն ու սպասում խմորի՝ հանգստից վերադառնալուն:

Արդեն լավ հանգստացած ու լավ ճկուն խմորը բաժանում ենք բռունցքի չափ գնդերի ու հերթով գրտնակում: Բարակ բացում ենք ու սկսում ձևավորել խինկալիները:

Ես օգտվում եմ հատուկ խինկալի պատրաստելու կաղապարներից: Խմարի բարակ շերտը փռում եմ կաղապարի վրա, փոսիկների մեջ գդալով տեղադրում եմ խճողակից, հետո սա ծածկում եմ մյուս բարակ գրտնակված շերտով ու վրայից գրտնակով սեղմում, մի քանի անգամ սեղմելով գրտնակում եմ ու վերջ, հատիկներն առանձնանում են: Մի փոքր ալյուրոտում եմ սինին ու վրան տեղավորում պատրաստի խինկալիները: Արագ տեղավորում եմ սառցարան, քանի որ միջուկի մեջ առկա հեղուկը կարող է թացացնել խմորը:

Ահա և վերջ:

Սառցարանից խինկալիները դուրս եմ բերում միայն այն պահին, երբ աղաջուրը կրակին արդեն լավ եռում է: Դրանք իջեցնում եմ ջրի մեջ ու սպասում մինչ բարձրանան ջրի երես: Ահա և վերջ, խնկալին պատարստ է: Ի դեպ, ջրի մեջ կարելի է ավելացնել նաև սև պղպեղի հատիկներ ու դափնու տերև՝ հետաքրքիր համն ու բույրն ավելի արտահայտիչ դարձնելու համար:

Խնկալին սովորաբար մատուցում են թթվասերի, մածունի, սև պղպեղի հետ միասին:

Պատրաստեք սիրով և հյուրասիրեք ձեր մտերիմներին:

Woman.am-ի էջերում սիրելի դարձած կերակրատեսակների բաղադրատոմսեր շատ կան, փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու սպասեք նորույթներին: Մինչ նոր համեղ հանդիպումներ: