Ողջույն ու կրկին բարի գալուստ woman.am –ի խոհանոց:

Նորից նստել, մտածել ու ստեղծագործել եմ ձեզ համար նոր ու համեղ այս թխուկը:

Ախորժելի է, այնպես չէ՞:

Եթե հավանեցիք, պատրաստվեք, սկսում ենք:

Խմորի համար մեզ անհրաժեշտ է`

 

  • 4 ձու
  • 1.5 բաժակ շաքարավազ
  • 180-200 գ կաթնաշոռ (1 տուփ)
  • 1 բաժակ թթվասեր
  • 3 ճաշի գդալ հալեցված կարագ կամ ձիթայուղ (ես կարագ եմ օգտագործել)
  • 3-4 ճաշի գդալ կակաո
  • 1 լիքը թեյի գդալ սոդա
  • 1լիքը  ճաշի գդալ եփգիպտացորենի օսլա
  • Ալյուր
  • Ինչպես նաև բալ և սառեցված մոշ

 

Սկսեցինք: Մինչ այդ հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ իմ՝ Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան խմբում:

 

Խորը թասի մեջ լցնում ենք երկու ձվի սպիտակուցը և կես բաժակ շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև բեզե դառնա (պետք է լինի պինդ, ամանը շրջելիս չթափվի): Առանձին մնացած շաքարավազի հետ հարում ենք երկու սպիտակուցներից մնացած դեղնուցները և ևս երկու ամբողջական ձու: Հարում ենք ոչ շատ երկար, մինչ զանգվածը մի փոքր սպիտակի: Այս զանգվածի վրա լցնում ենք իրար խառնած ու նախապես կամ հարած, կամ մաղով անցկացրած կաթնաշոռի և 2-3 ճ գդալ  թթվասերի խառնուրդը: Ես մաղով եմ անցկացրել, որ կաթնաշոռը համասեռ լիներ: Հետո ավելացնում ենք մնացած թթվասեր ու էլի խառնում: Ավելացնում ենք հալեցված կարագը: Խառնում ենք: Այնուհետև այս զանգվածին ավելացնում ենք նախապես հարած բեզեն ու զգուշորեն խառնում ենք:

Երբ զանգվածը արդեն պատրաստ է, առանձին ամանի մեջ խառնում ենք սոդան, մի բաժակ ալյուր, օսլան և կակաոն ու մաղելով ավելացնում խմորին:

 

Պետք է ստանանք բիսկվիթայինից մի փոքր ավելի պինդ խմոր, եթե կպահանջվի, մաղելով էլի ալյուր ենք ավելացնում: Ես չեմ չափել, ամեն անգամ տարբեր քանակի ալլյուր է պահանջվել՝ կախված թթվասերի ու կաթնաշոռի խտությունից, որակից, յուղայնությունից, ձվի չափսից և այլն:

Ասեմ, որ այս խմորի դեպքում խտությունը խիստ էական չի, կարևորը, որ շատ ջրիկ չլինի:

Խմորը լցնում ենք ջեռոցի յուղաթղթով տապակի մեջ (իմ տապակը 30/40 չափսի է): Այս պահին պատրաքստում ենք սառեցված բալն ու մոշը:

Հատիկները իրար մոտ հեռավորության վրա շարում ենք ու մատով սեմում, որ ընկղմվեն խմորի մեջ: Մի փոքր վերևում բաց կմնա, ոչինչ, նորմալ է:

Իմ դեպքում օգտագործվեց երկու բաժակ բալ ու մեկ լիքը բաժակ մոշ:

Ի դեպ, վերջին անգամ թխելիս բալը նախապես կոնյակի մեջ եմ թողել մի քանի ժամ:

Առհասարակ մոշն ու բալը նախընտրում եմ խմորի մեջ ավելացնել անմիջապես սառցարանից հանելուց հետո, երբ դեռ լրիվ սառած վիճակում են: Էս դեպքում դրանք խմորը չեն թացացնում, խմորի մեջ պահպանում են տեսքն ու ողջ հմայքը: Մինչ հալչում, ետ են գալիս, ուզում են հալվել, մեր խմորն արդեն պատրաստ է լինում: Դրա շնորհիվ խմորի մեջ ունենում ենք թարմ ու գեղեցիկ տեսքով մրգեր ու հատապտուղներ (նույն կերպ վարվում եմ նաև հաղարջի և մորու հետ):

Թխում ենք 200-220 աստիճան նախապես տաքացած ջեռոցում, պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով:

Թխվելուց հետո սպասում ենք մինչ թխուկը մի փոքր հովանա, տաքէ ժամանակ յուղաթուղթը հեռացնելու փորձերը իզուր են, խմորն այդ պահին շատ թաց կթվա ու կպած կլինի յուղաթղթին:

Սառչելուց հետո դուրս ենք բերում տապակից սրբիչի վրա, հետացնում ենք յուղաթուղթն, ու 1-2 ժամ անց արդեն կարելի է կտրել ու մատուցել:

Կարող եք մատուցել շաքարի փոշի ցանած: Ես չեմ արել. տղաներս էսպես են նախընտրում:

 

Ահա և վերջ, երկար ստացվեց, բայց շատ հեշտ է ու շատ համեղ, փորձեք ու կիսվեք արդյունքներով:

Սիրով ձեր՝ Արուսյակ: