Այս համեստ թխուկը մեզ մանկություն կտանի: Պարզ, արագ ու զարմանալիորեն համեղ: էլ ինչ է պետք, երբ չգիտես՝ երեկոյան թեյի հետ ինչ հյուրասիրել սիրելիներին:

Ով հիշեց, ով էլ նոր կծանոթանա: Բոլորդ միասին դեպի խոհանոց: Ես պատրաստ ձեզ եմ սպասում՝ Սոֆիա Սարգսյանի հետ միասին: Նա է այսօր մեզ օգնելու: Մի տեսեք ինչ սիրուն է պատրաստել: Լուսնակարում Սոֆիայի աշխատանքն է:

Գրում ենք բաղադրիչները:

1 բաժակ սպիտակաձավար /մաննի/

1 բաժակ թթվասեր

150 գ կարագ

1 բաժակ շաքարավազ

3 ձու

0.5 թեյի գդալ սոդա կամ 1 թեյի գդալ  փխրեցուցիչ

1 բաժակ ալյուր

Չամիչ, ընկույզ՝ ըստ ցանկության

Անցանք գործի:

Մաննին ու թթվասերը խառնել, թողնել որ ուռչի: 30-60 րոպեն լիովին բավարար է: Այնուհետև ավելացնում ենք փափկեցված կարագն ու լավ հարում հարիչով:

Վերցնում ենք մեկ ուրիշ աման, իրար ենք խառնում շաքարվազն ու ձուն, հարում ենք այնքան, մինչև թեթև ու փրփրուն զանգված ստացվի, որից հետո ավելացնում ենք վանիլինն ու սոդան:

Երկու ամանների զնագվածները խառնում ենք իրար ու լավ հարում հարիչով: Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու արդեն խառնում գդալով:

Եթե փխրեցուցիչ եք օգտագործելու, ապա ավելացրեք ալյուրի հետ խառնված: Չնայած, որ խմորի մեջ թթվասերի առկայությունը թույլ է տալիս սոդա օգտագործել ու ստանալ շատ լավ արդյունք:

Սոֆիան այս թխվածքը պատրաստել է 26 սմ տրամագծով ձևամանում,  որի տակ նախապես պետք է յուղաթուղթ դնել: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու թխում նախապես 180-200 աստիճան տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը:

Ահա, այսքանը:

mannik

Համեղ ու հեշտ խմորեղենը պատրաստ է: Այն որոշ առումով հիշեցնում է շատերիս ծանոթ շամալին:

Ձևամանից դուրս ենք բերում, դնում կամ սրբիչի կամ հարմար ցանցի վրա ու թողնում սառչի: Ձևավերոք՝ ինչպես կցանկանաք, ես սիրով կվայելեի հենց Սոֆիայի տարբերակը՝ շաքարի փոշիով:

Woman.am-ը մտածում է ձեր ժամանակի մասին: Խնայեք ժամանակը խոհանոցում՝ տնային հոգսերը թեթևացնելու ու ամեն բան ժամանակին հասցնելու համար:

Փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու հետևեք թարմացումներին:

Ձեր սիրելի բաղադրատոմսերը կարող եք գտնել կայքում փնտրման տողի միջոցով:

Մինչ նոր համեղ հանդիպումներ:

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան  (Arusyak Hokhikyan’s group)