Սուրճի տրամադրություն ունեք: Իսկ մենք՝ սրճային տորթի: Միացեք մեզ: Հեղինե Մավյանը հրաշալի սրճային տորթ է հյուրասիրելու մեզ, բայց մինչ այդ միասին մի փոքր կաշխատենք:
Նախ 1 ձուն հարում ենք 200 գ շաքարավազով, ավելացնում ենք վանիլինն ու 250 գ թթվասեր:
Առանձին մաղում ենք 20 գ կապուչինոն, 1 լիքը թեյի գդալ փխրեցուցիչը և 180 գ ալյուրը: Խառնում ենք, ստանում համասեռ զանգված: Խմորը թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մոտ 20 րոպե:
Մինչ առաջին շերտը թխվում է, պատրաստում ենք երկրորդ անգամ նմանատիպ խմոր, բայց այս անգամ կապուչինոյի փոխարեն ավելացնում ենք 2 ճ գդալ սուրճ:
Թխում ենք նույն տարբերակով:
Երկրորդ շերտից հետո պատրաստում ենք երրորդ շերտի խմորը: Նորից նույն բաղադրիչներով նույն տարբերակլով խմոր ենք պատրաստում՝ այս անգամ ավելացնելով 2 ճ. գդալ կակաո:
Նշենք, որ Հեղինեն այս խմորեղենը պատրաստել է 40×32 չափսի տապակով:
Կրեմ
250գ կարագը սենյակային ջերմաստիճանի կարագը հարել մինչև սպիտակի և հոտ չունենա, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ եփած խտացրած կաթ, վանիլին և տեղափոխել սառնարան։
Այնուհետև 200գ սառած սերուցքը լավ հարել և մաս մաս ավելացնել պատրաստի կարագով ու խտացված կաթով կրեմին։
Էստեղ ուշադիր եղեք, շատ չհարեք, որպեսզի չկտրվի, էնպես որ՝ արագ և մի-երկու պտույտ՝ հարիչի ամենացածր արագությամբ։ Ի դեպ, ջերմաստիճանների տարբերությունից ևս կարող է կտրվել:
Եկավ զարդարելու ժամանակը: Հեղինեն վստահեցնում է, որ խմորեղենը համեղ լինելուց բացի պետք է լինի նաև շատ գեղեցիկ ու կոկիկ: Մենք կողմ ենք դրան ու պատրաստ ենք աշխատել նաև այդ ուղղությամբ:
Եթե ժամանակ չունեք, կարող եք շերտով բեզե թխել, հետո փշրել Հեղինեի պես ու վրան ջնարակով կամ հալեցված շոկոլադով ձևավորել, կամ կարող եք թխել ձևավորված հատիկավոր բեզեներ ու ձևավորել դրանցով:
Բեզե
Մեզ հարկավոր է 3ձվի սպիտակուց, 150գ շաքարավազ, վանիլին, կիտրոնաթթու։ Լավ հարում ենք, մինչ սպիտակուցը լավ պնդանա ու թասը շուռ տալուց չթափվի: Թխում ենք՝ հաշվի առնե;լով մեր ջեռոցի առանձնահատկությունները: Հեղինեն թխել է 140 աստիճանում այն դեպքում, որ իր ջեռոցի մաքսիմալ հզորությունը 300 աստիճան է:
Շերտերի դասավորությունը
- Կակաոյով խմոր +կրեմ
- Սրճային խմոր + կրեմ
- Կապուչինոյով խմոր + կրեմ
- Փշրված բեզե + ջնարակ
Վերջ: Մեր սրճային ասորտին պատրաստ է: Եթե չեք հոգնել, մի բաժակ սուրճ, խնդրում եմ, ես դեռ շոկոլադե բիսկվիթ պետք է թխեմ ու թթու դնեմ…
Մինչ նոր համեղ հանդիպումներ….
Սիրով՝ woman.am



