Իմպրովիզ տրամադրություն ունե՞ք: Համեցեք, միտքն իմ կողմից, պատրաստելը՝ ձեր:
Այս աղանդերի համար հարկավոր է որևէ շոկոլադային բիսկվիթ կամ թխվածքաբլիթ, կարելի է նաև խանութից գնված թխվածքաբլիթով: Ես վերջին անգամ, օրինակ, պատրաստել եմ Սպարտակ տորթի փշրված շերտով ու թխվածքաբլիթներով: (Սպարտակի բաղադրատոմսը ևս woman.am-ի խոհանոցում կգտնեք):

Փշրում ենք բիսկվիթը կամ թխվածքաբլիթը: Լցնում որևէ հարմար թասիկի մեջ: Առանձին մի բաժակի մեջ որևէ խիտ սուրճ ենք լցնում լուծվող, դա կարող է լինել ինչպես էսպրեսսո, այնպես էլ սովորական բայց լավ խիտ կապուչինո: Ես մեկ բաժակ եռման ջրում լուծել եմ երկու լիքը ճաշի գդալ կապուչինո: Վրան ավելացնում ենք 1-2 ճաշի գդալ կոնյակ, նայած որքան եք սիրում կոնյակի բույրը: Սա քիչ-քիչ լցնում ենք փշուրների վրա ու հունցում, պետք է կպչուն, բայց ոչ շատ թույլ զանգված ստացվի: Ավելացնում ենք կամ մանրեցված ընկույզ, կամ, եթե սիրում եք, բալի հատիկներ: Ես այս անգամ պատրաստել եմ սառեցված բալի հատիկներով ու մի քանի հատիկ ընկույզով: Վերջում ավելացրել ենք 1-2 ճաշի գդալ կարագ+խտացրած կաթ կրեմ: Զանգվածը խառնում ենք:

Պահարանից դուրս ենք բերում պաղպաղակի գեղեցիկ պնակները կամ որևէ թափանցիկ միջին չափսի մեկ աման ու դրա մեջ թույլ սեղմելով  տեղավորում ենք այս զանգվածը: Որից հետո վրան քսում ենք մեր կարագ+խտացրած կաթ կրեմից, հաստությունը որոշեք ինքներդ: Նախորդ անգամ հարած սերուցք եմ օգտագործել, նույնպես շատ ներդաշնակ էր:

Ես կրեմի վրա կակո եմ շաղ տալիս կամ շոկոլադ քերում: Այստեղ արդեն գործի դրեք ձեր երևակայությունը: Իմը սպառվել էր, շոկոլադից ու կակաոյից հեռուն չէի տեսնում)))
Վերջ, համեղ, գեղեցիկ աղանդերը պատրաստ է:

axander

axandner
Բաղադրիչները չափսերով չեմ նշել, քանի որ ինձանից պահանջվում էր այս անգամ գաղափարը փախանցել, իսկ թե ում երևակայություն ուր կտանի, ցույց կտա ժամանակը: Իսկ ես, ինչպես տեսաք, շատ եմ սիրում արբած բալի համն ու հոտը, կապուչինո, շոկոլադ: Սիրում եմ նուրբ ու խրխուռ բաղադրիչների հանդիպումը մեկ աղանդերում…

Իմպրովիզների շարքից տիրամիսուի նմանվող աղանդեր ևս կլինի շուտով՝ իմ կատարմամբ: Փնտրեք Woman.am-ի էջերում և հետևեք թարմացումներին: