Երբ ամենահեշտ ու ամենամատչելի խմորեղենի բաղադրատոմսն եք փնտրում, հիշեք այս տարբերակի մասին:
Հիմա մանրամասնեմ:
Նախ գրանցենք, թե ինչ է հարկավոր:
- 4 ձու
- 1.5 բաժակ շաքարավազ
- 2 բաժակ մածուն կամ թթվասեր, կամ երկուսը միասին
- 3-4 ճաշի գդալ հալեցված կարագ
- 3 ճաշի գդալ կակաո
- 2 բաժակ ալյուր
- 1.5 թեյի գդալ սոդա
Վանիլին
Քանի դեռ չեք մրոտվել, հիշեցնեմ, որ իմ մյուիս բաղադրատոմսերը կարող եք գտնել նաև իմ ֆեյսբուքյան խմբում՝ Arusyak Hokhikyan’s group :
Սկսեցինք: Հարմար ամանը վերցնում ենք, կոտրում ձվերն ու լցնում շաքարավազը: Մի քիչ հարում ենք, կարող եք նաև առանց հարիչի. Երկար հարելու կարիք չկա: Հետո ավելացնում ենք մածունը, խառնում ենք ու ավելացնում արդեն հալեցված ու արդեն սառը կամ գոլ վիճակում գտնվող կարագը: Այստեղ ուշադրություն: Խորհուրդ եմ տալիս կակաոն ավելացնել՝ հալեցված կարագի հետ խառնված: Սա օգնում է, որ կակաոյի բույրն ու գույնը ավելի արտահայտիչ դառնան:
Ավելացրեցիք, հիմա ժամանակն է ավելացնելու ալյուրը, որին կխառնենք նախատեսված քանակի սոդան: Այո, սոդան ալյուրի հետ, իսկ թե ինչու, կայքում կարդացեք «Իդեալական խմորի գաղտնիքները Արուսյակից» վերնագրով նյութը:
Ուրեմն, ինչ բաժակով, որ մածունն էիք չափել, նույն այդ բաժակով չափում ենք ալյուրն ու ավելացնում անպայման մաղելով: Ալյուրը խմորին ցանկալի է միշտ ավելացնել մաղելով, եթե նույնիսկ նախապես մաղված է: Այսպես այն հագենում է թթվածնով: Դա միայն դրական է ազդում խմորի ու հետևաբար նաև ապագա թխվածքի որակի վրա:
Կստացվի թուլոտ խմոր:
Լցնում ենք նախապես յուղաթղթով տապակի մեջ ու դնում 190 -200 աստիճան տաքացված ջեռոցն ու թխում այնքան, մինչ չոփիկով ստուգելիս չոփիկը խմորի միջից չոր դուրս գա:
Ասեմ, որ իմ տապակի չափսը 30*40 սմ է:
Կստացվի միջին բարձրության բիսկվիթ, ինչպես լուսանկարում է: Եզրերը մեջտեղի համեմատ միշտ ավելի ցածր են ստացվում, չանհանգստանաք. Նմա խմորների սովորությունն է: Սկզբում գուցե անշուք թվա: Չանհանգստանաք: Կտրված վիճակում հաստատ տեսքը հրաշալի է լինելու, բարձրությունն էլ՝ գոհացնող՝ լուսանկարս վկա:
Մի կարևոր բան: Նման բիսկվիթները միշտ խորհուրդ է տրվում կտրել թխելուց մի քանի ժամ հետո միայն: Այս դեպքում խմորի մեջի ավելորդ խոնավությունը գոլորշիացած է լինում, փափկությունն էլ կարգավորվում է, ու ստացվում են կոկիկ կտրված, գեղեցիկ կտորներ, որ կարելի է մատուցել սիրելի հյուրերին:
Ես բիսկվիթը ջնարակապատել եմ:
Իսկ թե ինչպես ստանալ ջնարակ՝ իմ տարբերակով, կարող եք կարդալ woman.am-ում՝ փնտրելով «Փայլուն ջնարակ՝ Արուսյակից» նյութը:
Ահա այսքանը: Մինչ նոր համեղ հանդիպումներ 😉



