Այս անգամ համեղ ու շոկոլադասերների համար անփոխարինելի մի թխվածքաբլիթ ենք պատրաստելու: Ինձ օգնելու համար այսօր հրավիրել եմ տիկին Անահիտին, իմ սիրելի հարևանուհուն:
Շոկոլադի անուշ ու գրավիչ բույրով այս թխվածքաբլիթը որքան պարզ է, նույնքան և համեղ ու շատ հաճելի փխրուն: Ինչպես ասում են՝ ամեն հանճարեղ բան շատ պարզ է:
Գոգնոցներդ կապեք ու պատրաստվեք դիմակայելու շոկոլադի գայթակղությանը:
Նախ հարմար թասի մեջ կոտրում ենք երկու ձու, մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք մոտ մեկ բաժակ շաքարավազ (250 գ բաժակով), լավ խառնում ենք, հեղինակն ինքն էլ հարիչ չի օգտագործել, հարել է ձեռքի զսպանակով: Այնուհետև ավելացնում ենք մի բաժակ մածուն, մի սուրճի բաժակ հալեցված կարագ և ուշադրություն՝ 150 գ հալեցված սև դառը շոկոլադ (1.5 տուփ շոկոլադե սալիկէ օգտագործվում): Զանգվածը լավ խառնում ենք՝ չմոռանալով վայելել շոկոլադի արձակած անմահական բույրը: Սթափվելուց հետո շարունակում ենք աշխատանքը:
Խառնեցինք, վայելելով համասեռ զանգվածը ստացանք, ուրեմն ալյուրն ավելացնելու ճիշտ ժամանակն է: Բայց տեսեք, սոդան չենք ավելացրել ու ճիշտ էլ արել ենք, բա հո մածունի հետ չէինք ավելացնի, այս մասին թե դեռ չեք կարդացել, ծանոթացեք իդեալական խմորի գաղտնիքները անվանումով իմ հրապարակման մեջ:

Հա, ասածս այն էր, որ սոդայի մասին չանհանգստանաք, ալյուրի հետ 1 թեյի գդալ հանգիստ ավելացնում ենք ու շարունակում մաղելով ավելացնել ալյուրը, ավելացնում ենք այնքան, որ ստացվի շատ փափուկ, թեթև խմոր: Ոչ շատ բարակ գրտնակում ենք սեղանի վրա ու բաժակով կամ հատուկ կտրիչներով տալիս ցանկացած տեսք: Տեղափոխում ենք ապագա թխվածքաբլիթները ձեթ քսած տապակի մեջ ու միացնում ջեռոցը: Մինչ ջեռոցը տաքանա, մոտ 10 ր կտևի, մեր խմոր էլ մի փոքր կհանգստանա: Էլի հիշեցնեմ, վերոնշյալ նյութում նշել եմ, թե ինչու ենք թողնում հանգստանալու: Սակայն այս անգամ մեր տիկին Անահիտը ճաքեր ստանալու համար թխել է առանց թողնելու, որ խմորը հանգստանա: Դուք որոշեք ինքներդ, եթե ցանկանում եք, որ ճաքերը չառաջանան, ինչպես նշեցի, թողեք խմորը հանգստանա:
Ահա, այսքանը: Երեկոյան թեյի հետ ընտանիքով վայելեք համեղ, շոկոլադաբույր այս թխվածքաբլիթները՝ պարզ, հասարակ ու անչափ համեղ:
Շոկոլադասերների համար Woman.am-ը դեռ շատ անակնկալներ ունի: Փնտրեք մեր էջերում ու հետևեք մեր թարմացումներին:



