Նոր տարին բոլոր ժամանակներում համարվել է շատ-շատերի ամենասիրելի տոներից մեկը: Մարդիկ փորձում են ձմեռային տոնը հեքիաթային դարձնել։ Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տոնում են Ամանորը՝ փորձելով անմոռանալի ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։ Հայաստանում, սակայն, պատկերը բոլորովին այլ է:

Ամանորն արտերկրում

Հայ ընտանիքներում արդեն սկսվել են նախատոնական խուճապն ու բուռն քննարկումները՝ ինչպե՞ս դիմավորել Նոր տարին: Շատերը կարծում են, որ Ամանորն ամեն գնով պետք է նշել ամենաբարձր մակարդակով, չէ՞ որ այդպես են նշելու հարևանները, ընկերներն ու հեռու-մոտիկ բարեկամները (իսկ իրենք ումի՞ց են պակաս, որ իրենց սեղանին ավանդական «Մայրաքաղաքային» աղցանի հետ չլինի նաև 5-6 տեսակի այլ աղցան, բլինչիկ, խոզի բուդ, տոլմա, «երշիկեղեն», «ջրեղեն», ալկոհոլային խմիչքներ, մրգերի մի ամբողջ «շուկա», չարազ և այլն, և այլն):
Մի խոսքով, անհասկանալի ու անտրամաբանական ծախսեր, պատրաստություններ, լարվածություն, և խեղճ հայուհիներն այլևս ժամանակ ու ցանկություն չեն ունենում ուրախանալու համար:

Ամանորն արտերկրում

Ժամանակն է վերանայել Նոր տարվա մասին ունեցած այս կարծրատիպային պատկերացումներն ու այս գեղեցիկ տոնը չդարձնել ստամոքսի տոն: Ամենևին կարիք չկա հյուրերին զարմացնելու, թե որքան կլորիկ գումարի սահմաններում է առևտուր արվել, քանի տեսակի աղցաններ ու այլ ուտեստներ պատրաստվել կամ ինչ էկզոտիկ կենդանի է դրվել ամանորյա սեղանի կենտրոնում:
Պետք չէ մոռանալ, որ Ամանորին պետք է ողջ ընտանիքով, երգ ու պարով, ուրախությունով, միմյանց նվերներ հանձնելով դիմավորել Նոր տարին:

Պետք է խոստովանել, որ վերջին տարիներին հայերը, մեծ ծախսերից խուսափելու ու լիարժեք ուրախանալու համար, սկսել են Նոր տարին դիմավորել այլ երկրներում, մասնավորապես՝  Եգիպտոսում ու Դուբայում:

Ամանորն արտերկրում անցկացնելու համար հայերն ամենից հաճախ նախընտրում են Եգիպտոսը, քանի որ Եգիպտոսի նույնիսկ ամենաշքեղ հյուրանոցներում Ամանորը դիմավորելն այնքան էլ թանկ չէ:
9 օր տևողությամբ ամենաթանկ փաթեթն արժի մինչև 850 ԱՄՆ դոլար, որը նախատեսված է մեկ անձի համար ու ներառում է ավիատոմս (թռիչքը Երևանից), 5-աստղանի հյուրանոց Շարմ Էլ Շեյխ զբոսաշրջային քաղաքում, All inclusive սննդակարգ, ամանորյա ընթրիք և այլն:

Ամանորն արտերկրում

Դուբայում Ամանոր անցկացնելու համար տուրիստական գործակալությունները մեկ անձի համար առաջարկում են միջինը 950 ԱՄՆ դոլար արժողությամբ 8-օրյա տուրեր, որոնք ներառում են ավիատոմս (թռիչքը Երևանից), հյուրանոց, նախաճաշ, դիմավորում և ճանապարհում, ինչպես նաև վիզա: Դուբայը զբոսաշրջիկներին խոստանում է շքեղ Ամանոր՝ հյուրանոցներում կազմակերպելով հետաքրքիր շոու ծրագրեր, իսկ ահա հյուրանոցներից դուրս հյուրերը կարող են վայելել շքեղ հրավառությունն ու միջոցառումները (2017 թվականին Դուբայի ամանորյա հրավառությունը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկարատևը):
Ամանորն արտերկրում

Մի կողմից հրաշալի է ամանորյա հոգսերից խուսափելու համար այլ երկրներ այցելելը, սակայն մյուս կողմից բժիշկները խորհուրդ չեն տալիս օրգանիզմը ենթարկել եղանակային կտրուկ փոփոխությունների՝ Հայաստանի ցրտաշունչ ձմեռը փոխելով Եգիպտոսի կամ Դուբայի բավականին տաք եղանակի հետ:
Դա կարող է առաջացնել արյան ճնշման տատանումներ, սիրտ-անոթային և քրոնիկ հիվանդությունների սրացումներ, բացի այդ բացասական ազդեցություն թողնել մաշկի վրա և վարակիչ հիվանդություններ ձեռք բերել։ Նոր տարին տաք երկրներում դիմավորելու որոշում կայացնելու դեպքում պետք է հետևել բժիշկների հորդորներին՝ ժամանման առաջին օրը հանգստանալ և, եթե հնարավոր է, չգտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, օգտագործել շատ ջուր, սահմանափակել ալկոհոլի, ծանր սննդի, սուրճի և սառը հյութերի օգտագործումը:

Որտեղ և ինչպես դիմավորել Ամանորը՝ որոշումը ձերն է: Ջերմ, անհոգ ու ուրախ տոներ բոլորիդ: