Լազանյա՝ տնական

Իտալական խոհանոցի ճանաչված ու սիրված ուտեստներից ենք պատրաստելու: Տնական տարբերակը կվայելենք միասին: Եթե միանում եք մեզ, շտապեք:

Սաթեն Արզումանյանի պատրաստածն է գլխավոր լուսանկարում, հրաշալի է ստացվել, հենց նա էլ կօգնի մեզ այսօր խոհանոցում:

Նախ գրանցենք բաղադրիչները

Մեզ հարկավոր են

Լազանյայի համար պատրաստի շերտեր-12 հատ

Դեղին, չոր պանիր-300 գ

 

Բոլոնյեզ սոուսի համար

 

600-700 գ աղացած միս

3-4 հատ լոլիկ

2-3 գլուխ սոխ

2 պճեղ սխտոր

2-3 միջին չափսի գազար

ռեհան, մաղադանոս, աղ, պղպեղ
գազար

 

Բեշամել սոուսի համար

800-900 մլ կաթ

80-100 գ կարագ

4 ճաշի գդալ ալյուր

Աղ, պղպեղ

 

Անցանք գործի:

Նախ պատրաստենք բոլոնյեզը:

Դրա համար նախ լոլիկների ետևի մասից խաչաձև կտրվածք ենք անում, իջեցնում ենք եռման ջրի մեջ, որից հետո կեղևը հեշտությամբ դուրս է գալիս: Դրանից հետո լոլիկները կամ քերում ենք կամ բլենդերով հարում: Սաթենն ասում է, որ ինքը հենց բլենդերով էլ հարել է:

Լոլիկի հարցերը լուծելուց հետո անցնում ենք սոխին, մանր կտրատում ենք ու տապակում տաքացված ձեթի մեջ: Ավելացնում ենք նաև սխտորի կեսն ու միասին տապակում մի քանի րոպե: Հետո ավելացնում ենք աղացած միսը, գազարը, խառնելով այս զանգվածին ավելացնում ենք նաև լոլիկի զանգվածը, աղն ու պղպեղը: Ամանը կափարիչով փակում ենք ու շարունակում եփել ևս մոտ 7 րոպե: Հետո անջատում ենք կրակը, զանգվածին ավելացնում մանրեցված կանաչին, մնացած սխտորն ու կրկին փակում կափարիչով:

Հերթը բեշամել սոուսինն է:

Թավայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ենք ալյուրը, խառնում, ավելացնում ենք կաթը, խառնում ենք ու եփում այնքան, մինչ մի փոքր թանձրանա, վերջում ըստ ճաշակի համեմում ենք ու վերջ, սոուսը պատրաստ է:

Այս սուոսի 1/3 մասն առանձնացնում ենք, մնացածը խառնում բոլոնյեզին:

Անցանք  լազանյայի շերտերին:

Դրանք օգտագործելուց առաջ նախ պետք է շարել որևէ հարթ, ընդարձակ ամանի մեջ ու վրան եռացրած ջուր լցնել, որ փափկեն: Մի քանի րոպե ջրի մեջ մնան ու պատրաստ են, արդեն փափկած վիճակում են:

Սկսում ենք հավաքել մեր ուտեստը:

Վերցնում ենք ջեռոցի հրակայուն որևէ հարմար աման, որի մեջ պետք է պատարստենք ուտեստը:

Նախ բարակ շերտով լցնում ենք մսային զանգվածից, հարթեցնում ենք, վրան մեկ շերտով շարում ենք լազանյայի շերտերը, վրան բարակ շերտով քսում ենք մի կողմ առանձնացված բեշամել սոուսը, վրան մի շերտ պանիր ենք քերում, հետո նորից ֆարշի շերտ, խմորի շերտեր, բեշամել սուոս և այդպես շարունակ…. Պետք է դասավորել այնպես, որ վերջում ուտեստն ավարտվի խմորի շերտերով: Վերջին շերտին քսում ենք բեշամել սոուսից ու դնում նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցը: 40 րոպե անց ուտեստը պատրաստ է: Ժամանակը լրանալուց րոպեներ առաջ այն հարկավոր է դուրս բերել, վրան մի շերտ պանիր քերել ու նորից տեղավորել ջեռոցում մինչ պանրի շերտը հալվի ու վարդագունի:

 

Ահա և վերջ: Համեղ այս ուտեստը պատրաստ է: Պաստան էլ շուտով կպատրաստենք, որպեսզի լիարժեքորեն վայելենք իտալական խոհանոցի համն ու բույրը:

Woman.am-ը միշտ ձեր կողքին է՝ որպես խորհրդատու և սրտակից ընկեր, թերթեք մեր էջերն ու գտեք ձեզ հետարքրքող շատ հարցերի պատասխաններ:

Մինչ նոր համեղ հանդիպումներ:

Տեքստի հեղինակ՝  Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)