Էկլերի այլընտրանք կամ դասական համեղություն: Ինչպես կուզեք՝ անվանեք, դրանից ոչինչ չի փոխվի: Եթե ծանոթ չեք այս համեղությանը, առաջարկում եմ միանալ մեզ:
Մեզ օգնելու համար այսօր մեր խոհանոցում է Կարինե Օհանյանը: Նրա պատրաստած գեղեցիկ աղանդերն այսօր զարդարում է մեր էջը:
Նախ գրանցեք բաղադրիչները.
Խմորի համար
Ջուր 180 գ
Ալյուր 200 գ (սա հավասար է 250 գրամանոց բաժակով բերնեբերան, բաժակից էլ քիչ բարձր ալյուրին)
Կարագ 100 գ
Ձու 5-6 հատ
Աղ 1 պտղունց
Կրեմի համար
Սերուցք կամ թթվասեր 900-1000 գ
Շաքարի փոշի 220 գ
Վանիլին
Սկսենք կրեմից: Եթե նախընտրում եք սերուցք, ապա այն պետք է հարել շաքարի փոշու հետ միասին մինչ լավ պնդանալը: Շաքարի փոշին ցանկալի է ավելացնել այն ժամանակ, երբ սերուցքը մի փոքր արդեն սկսում է պնդանալ:
Եթե պատրաստում եք թթվասերով, ապա թթվասերի մեջ ավելացնում եք շաքարի փոշին ու հարում, բայց ոչ շատ արագ, մեծ արագությունից թթվասերը կջրիկանա: Ցանկալի է հարել ձեռքի զսպանակով, այսպես ավելի ապահով է: Վերջում ավելացնում ենք նաև վանիլին:
Չժանգոտվող մետաղից կամ էմալապատ ամանի մեջ լցնում ենք ջուրը, կարագն ու աղը: Դնում ենք մարմանդ կրակին, եփում ենք մինչ կարագը հալվի ու ջուրը եռա: Հենց եռաց, ավելացնում ենք նախապես մաղված ալյուրն ու արագ խառնում՝ կրակից չվերցնելով: Սա խառնելով եփում ենք այնքան ժամանակ, մինչ խմորը սկսի ամանի տակից հեշտությամբ պոկվել:
Խմորը կրակից վերցնում ենք, տեղափոխում այլ ամանի մեջ: Մեջը հատիկ-հատիկ ավելացնում ենք նախապես հարված սենյակային ջերմաստիճանի ձուն: Ամեն մի ձուն ավելացնելուց հետո պետք է լավ խառնել, նոր միայն ավելացնել մյուսը:
Պատրաստի խմորը լցնում ենք խոհարարական ձևավորման տոպրակի մեջ ու երկարավուն էկլերների պես տեղավորում ենք ջեռոցի տապակի մեջ: Տապակը կարող է ուղղակի ալյուրոտ լինել, կարող եք օգտագործել նաև յուղաթուղթ:
Տապակը խմորի հետ միասին տեղավորում ենք նախապես 200 աստիճան տաքացած ջեռոցում ու թխում 10 րոպե, որից հետո ջերմաստիճանն իջեցնում ենք ու 10-12 րոպե թխում 180 աստիճանով:
Թխված էկլերները թողնում ենք սառեն, որից հետո հատիկ-հատիկ թաթախում ենք պատրաստի կրեմի մեջ ու դասավորում 26 սմ տրամագծով ամանի մեջ: Վերջում կրեմ ենք քսում ու ձևավորում՝ ըստ ցանկության:
Կարինեն կրեմի վերջին շերտի վրա կակաո է ցանել, իսկ տորթը զարդարող ծաղիկները ստացել է սպիտակ շոկոլադից:

Woman.am-ի խոհանոցում արդեն շատ տարբերակներ կան, ընտրեք այսօրվա ձեր տրամադրությանը համապատասխան համեղություն, պատրաստեք և հյուրասիրեք բոլորին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ 😉



