Տոնական տորթ

5511

Բոլորին ծանոթ սպունգ խմորն ենք պատրաստելու այսօր: Երկու տեգորկին միասին ձեզ կներկայացնեն բաղադրատոմսը: Այո, լուսանկարում իմ սիրելի տոգրակին Լիլիթ Հոխիկյանի թխած փափուկ, համեղ ու լավ բարձրացող սպունգ խմորով տորթն է, ներկայացնում եմ ես՝ Արուսյակ Հոխիկյանս 😉

 

Սկսեցինք:

Խմորի համար մեզ հարկավոր է.

6 ձու

1 բաժակից քիչ պակաս շաքարավազ

Նույն բաժակով ալյուր

Վանիլին՝ ըստ ցանկության

 

Կարագով կրեմի համար մեզ հարկավոր է

250 գ կարագ

1 տուփ խտացրած կաթ

 

Սերուցքային կրեմի համար մեզ հարկավոր է

0.5 լ կրեմ պատրաստելու սերուցք՝ ցանկալի է բարձր յուղայնությամբ

200-250 գ շաքարավազ կամ նույնքան շաքարի փոշի

 

Նշեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան խմբում:

Սկսցեինք: Վերցնում ենք երկու հարմար թաս, մեկի մեջ առանձնացնում ենք սպիտակուցները, մյուսի մեջ՝ դեղնուցները:

Սպիտակուցները սկսում ենք հարել՝ ցածր արագությամբ սկզբում՝ ատիճանաբար հարիչի արագությունն ավելացնելով մինչև առավելագույնը:

Հարելուն զուգահեռ սպիտակուցի մեջ ավելացնում ենք նախատեսված շաքարավազի կեսից ավելին: Շարունակում ենք հարել, մինչ շաքարավազը հարվի, զանգվածն էլ լիարժեք բեզեյի վերածվի այնպես, որ թասն անգամ շուռ ռալուց չթափվի:

Այստեղ չմոռանամ ասել, որ սպիկուցը հարելուց առաջ պետք է նայել, որ թասն ու հարիչի զսպանակները լինեն բացարձակ չոր, չլինեն նաև յուղոտ: Սպիտակուցը դեղնուցից առանձնացնելիս էլ ուշադիր պետք է լինել, որ սպիտակուցի մեջ ոչ մի գրամ դեղնուց չխառնվի, հակառակ դեպքում բեզեն չի ստացվի՝ որքան էլ հարեք: Իսկ բեզեն չստացվելու դեպքում այ խմորը հաստատ չի ստացվի, քանի որ այն բարձրանալու է սպիտակուցի մեջ առաջացած օդային պղպջակների հաշվին. չենք մոռանում, չէ՞,որ այս խմորի մեջ չկա սոդա:

Իմ կողմից ավելացնեմ, որ եթե անհանգիստ եք ու կասկածում եք արդյունքի վրա, այս խմորի մեջ ալյուրի հետ միասին կարող եք ավելացնել նաև մեկ ոչ լիքը թեյի գդալ փխրեցուցիչ, բայց ոչ մի դեպքում սոդա: Սոդան չի աշխատի այս խմորի մեջ, քանի որ մեջը չկա թթվային բաղադրիչ, լիարեք չաշխատելու հետևանքով էլ խմորից, ամենայն հավանականությամբ, տհաճ հոտ ու համ կգա:

Հարած բեզեով թասը թողնում ենք մի կողմ ու սկսում ենք մնացած շաքարավազի հետ հարել դեղնուցները: Հարում ենք այնքան, որ դեղնուցը մի փոքր սպիտակի: Ահա այս պահին սպիտակուցի զանգվածի կեսից քիչ պակաս մասը գդալով ավելացնում ենք դեղնուցի զանգվածին: Այս պահին կարելի է հարել հարիչով՝ միջին արագությամբ:

Սրանից հետո արդեն դեղնուցային զանգվածն ավելացնում ենք մնացած բեզեի վրա ու նորից հարում, բայց արդեն ոչ շատ երկար:

Համասեռ զանգված ստանալուց հետո արդեն կարելի է ավելացնել ալյուրը: Ալյուրն ավելացնում ենք մաղելով ու զգուշորեն խառնում զանգվածը: Խնայում ենք սպիտակուցի մեջ օդային մասը, հիշում ենք, որ այն մեզ շատ է հարկավոր: Խառնում ենք հնարավորության դեպքում որևէ թիականման խառնիչով՝ տակից վերև ուղղությամբ:  Այս խառնուրդի մեջ չպետք է ալյուր մնա: Երբ ալյուրը լավ խառնված է, խմորը լցնում ենք 24-28 սմ տրամագծով կաղապարի մեջ ու դնում մոտ 200 աստիճան նախապես տաքացված ջեռոցն ու թխում մինչ պատրաստ լինելը: Ժամանակը կախված է ջեռոցի հզորությունից:

Ասեմ, որ նշված քանակից ստանում ենք մեկ շերտ, այս խմորեղենը պատրաստված է 2 նման շերտից, որոնցից յուրաքանչյուրը կիսված է մեջտեղից՝ երկու մասի, ստացվել է 4 շերտ:

Շերտերն իրար միացրած են կարագ+խտացրած կաթով պատրաստված կրեմով:

200-250 գ սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք մինչ սպիտակելն ու աստիճանաբար ավելացնում ենք նույնպես սենյակային ջերմաստիճանի խտացրած կաթը:

Եթե ջերմաստիճանները նույնը լինեն, կրեմը գրեթե երբեք չի կտրվի:

Տորթը ձևավորում ենք սերուցքային կրեմով:

Դրա համար սառնարանից նոր դուրս բերված սերուցքը հարում ենք շաքարի փոշու կամ շաքարավազի հետ այնքան, մինչ ստացվի կրեմանման զանգված: Հարելու ժամանակը ևս կախված է սերուցքի տեսակից: Բուսական ծագմամբ սերուցքները, սովորաբար, ավելի պինդ ու ավելի ենթարկվող կրեմ են դառնում, չնայած, որ առողջական տեսնակյունից ավելի հանձնարարելի են կենդանական ծագմամբ սերուցքները, որոնց կտրվելու հավանականությունը, սակայն, ավելի մեծ է, և պետք է հարելիս լինել զգույշ ու հետևել կրեմին՝ ավելորդ չհարելու համար: Կենդանական ծագմամբ սերուցքները բուսականներից ավելի կամակոր են ու ավելի հաճախ են կտրվում հարելիս: Պատրաստ լիելուն պես կենդանական ծագմամբ սերուցքների դեպքում հարիչը պետք է անջատել ու չշարունակել, երկար հարելուց այն հեշտությամբ կկտրվի:

Կենդանական ու բուսական ծագման սննդի ու հատկապես սերուցքի մասին առավել մանրամասն իմ գրառումը շուտով կհրապարակվի woman.am –ում, հետևեք, եղեք տեղեկացված: Ես, որպես լրագրող, սիրում եմ կրկնել, որ եթե տեղեկացված ենք, ուրեմն պաշտպանված ենք:

Ահա այքանը, և գեղեցիկ, նուրբ ու շաատ համեղ տորթը պատրաստ է: Ձևավորման հարցում արդեն գործի դրեք ձեր երևակայությունը: Մեր դեպքում տորթը մանկական միջոցառման համար է նախատեսված՝ ուրախ ու նուրբ գույների մեջ:

Չմոռանամ նշել, որ ամեն շերտը թխելու համար պետք է խմորը պատրաստել առաբնձին, քանի որ այս խմորը իր հերթին սպասել չի սիրում, պատրաստեք այնքան, որքան պետք է թխեք մեկ անգամով:

Ձեզ հաջողություն, ու թող որ տոնական սեղաններին միշտ լինեն գեղեցիկ ու մեր ուզածի պես ստացված տորթեր. դրանից կախված է ցանկացած տանտիրուհու տրամադրությունը: Իսկ մենք գիտենք, որ մեր գոհունակությունն ու տրամադրությունը ցանկացած տոնի առանձնահատուկ փայլ են տալիս:

Միշտ ձեր՝ woman.am