Համեղ ու տնական կարկանդակ պատրաստելու տրամադրություն ունեմ, իսկ դո՞ւք:
Եթե սիրում եք, միացեք ինձ. woman.am –ի խոհանոցում աշխատանքը եռում է:
Մեկ բաժակ գոլից քիչ տաք կաթի մեջ ավելացնում ենք 1 ճ գդալ խմորիչ ու 1 ճ գդալ շաքարավազ, թողնում ենք հանգստանալու: Երբ խառնուրդը փրփրած լինի, ավելացնում ենք ևս մեկ բաժակ գոլից քիչ տաք արդեն ջուր, մեկ ճ գդալ աղ: Խառնում ենք, ավելացնում ենք նախապես հարած ձու և 5 ճ գդալ բուսայուղ: Հունցում ենք ու ստանում փափուկ, նուրբ, ձեռքերին մի փոքր նաև կպչուն խմոր: Ծածկում ենք մեր խմորը որևէ կափարիչով կամ սրբիչով ու որևէ տաք տեղում թողնում ենք 1.5-2 ժամ հանգստանալու և թթվելու:
Այս ընթացքում գտեք ինձ ֆեյսբուքում, միացեք իմ՝ Arusyak Hokhikyan’s group խմբին՝ բոլոր նորություններին առաջինը տեղեկանալու և հարցերին պատասխան ստանալու համար:
Այս ընթացքում նախապատրաստում ենք կարտոֆիլի պյուրեն ու քերած պանիրը:
Սովորական կարտոֆիլի պյուրեին ավելացնում ենք նախընտրած կանաչիները, աղ, պղպեղներ, ես նաև սոխառած եմ ավելացում՞: Խառնում ենք, թողնում սառի:
Առանձին ամանի մեջ քերում ենք նաև հալվող պանիրը, ավելացնում ենք աղ, եթե անալի է, և համեմունք ու կանաչիներ՝ ըստ ցանկության:
Ուռած ու լավ թթված խմորը քիչ ալյուրով հունցում ենք, ստանում չկպչող, փափուկ, ենթարկվող խմոր: Բարակ գրտնակում ենք խմորը, վրան դնում ենք միջուկից, ծածկում ենք մյուս բարակ գրտնակված շերտով: Ուռուցիկ միջուկով կողմնորոշվելով՝ երկշերտ խմորը կտրում ենք որևէ դակիչով կամ ուղղակի բաժակով, ինչպե ես եմ արել: Կտրված կիսաֆաբրիկատ կարկանդակները թողնում ենք հանգստանալու՝ սեղանին՝ սրբիչով ծածկված՝ 20-30րոպե: Թխում ենք առատ ձեթի մեջ՝ երկու կողմից մինչ վարդագունելը:
Միջուկը կարող եք օգտագործել երեք տարբերակով.
- Կարտոֆիլ+քերած պանիր. որից որքան, որոշեք ինքներդ
- Քերած պանիր +կանաչի
- Կարտոֆիլ+սոխառած+համեմունք
Նշեմ, որ միայն պանիրով տարբերակը ևս հրաշալի է ստացվում, խորհուրդ եմ տալիս փորձել միաժամանակ բոլոր տարբերակներն էլ՝ ընտանիքի անդամներին անակնկալ կարկանդակներ մատուցելու համար:
Այսօր էլ այսպես: Համեղ կարկանդակներով թեյ հյուրասիրեք սիրելիներին. վստահ եմ՝ կհավանեն բոլորը:
Սիրով ձեր՝ woman.am:



