Սրճային տորթ

3709

Սիրելիներս, եկել եմ ձեր բաղադրատոմսերի ցանկը հարստացնելու ևս մեկ աննկարագրելի համեղ թխվածքի տարբերակով:
Համտեսել եմ ու հիացել: Նկարում Գրետա Երիցյանի թխածն է, ումից էլ վերցրել եմ բաղադրատոմսը:
Պատրաստվեք. woman.am-ի խոհանոցում թխելու ենք միասին:
Մեզ անհրաժեշտ է.

Խմորի համար

4 ձու
1.5 բաժակ շաքարավազ
2.5 բաժակ թթվասեր կամ մի մասը թթվասեր, մի մասը մածուն
2 թեյի գդալ սոդա
200 գ հալեցված կարագ
2 -3 ճաշի գդալ պելե կամ որչևէ այլ լուծվող սուրճ
4 ճաշի գդալ կակաո
Ալյուր

Կրեմի համար

1 տուփ սովորական, սպիտակ խտացրած կաթ
300-350 գ կարագ
Խմորին անցնելուց առաջ տեղեկացնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերին ու մյուս մշակումներին, ինչպես նաև խորհուրդներին ու խոհանոցային հետաքրքիր առաջարկներին կարողեք ծանոթանալ իմ Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան խմբում:

Սկսեցինք խմորը

Թասի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը: Կարող եք հարել ինչպես ձեռքով, այնպես էլ հարիչով: Մի փոքր թեթև զանգված ստանալուց հետո ավելացում ենք թթվասերը կամ թթվասերն ու մածունը միասին: Մածունը, ինչպես հաճախ նշել եմ, կարող եք սրճեփով մի փոքր գոլացնել, նոր օգտագործել, սա ավելի լավ որակ է ապահովում մածունով բիսկվիթներում: Խառնելուց հետո ավելացնում ենք հալեցված ու գոլից քիչ ավելի սառը վիճակում գտնվող կարագը: Խորհուրդ եմ տալիս կակաոն ավելացնել հալեցված կարագի հետ խառնած, որ կակաոյի համն ու հոտը ավելի արտահայտիչ լինեն:
Այնուհետև ավելացնում ենք լուծվող սուրճի փոշին: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու սոդան: Հեղինակը նշում է, որ ալյուրի քանակը պետք է որոշել աչքաչափով, քանի որ այն տարբեր կարող է լինել՝ կախված ձվի չափսից, թթվասերի ու մածունի օգտագործման քանակից, ինչպես նաև կարագի յուղայնությունից:
Խմորը պետք է լինի բիսկվիթային թույլ խմորներից քիչ ավելի պինդ: Այս խմորը թխելու եք յուղաթղթով տապակում:
Խտությունը այնպիսին է, որ լցնեք տապակի մեջ, թիակով թույլ տարածելով կարողանաք հավասար տարածել:
Խմորը բաժանում ենք 3-4 մասի, թխում ենք 180-200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը: Ժամանակն ու պատրաստ լինելը կողմնորոշվեք չոփիկով ստուգելով կամ ձեռքով սեղմելով:
Պատրաստի շերտերը դուրս ենք բերում հարթ մակերեսին փռված սրբիչի վրա, թողնում ենք սառեն:

Անցանք կրեմին

Մինչ թխվում են շերտերը, կարող ենք պատրաստել կրեմը:
Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք ամենաքիչը 2-3 րոպե: Սա կարևոր է, որ նվազեցնենք կրեմի կտրվելու հավանականությունը:
Հետո գդալ-գդալ ավելացնում ենք խտացրած կաթը և շարունակում հարել մինչ համասեռ զանգված ստացվի:

Այս խմորեղենի դեպքում կրեմի մեջ խորհուրդ չեմ տալիս գտագործել վանիլին, քանի որ այն կծածկի սրճային յուրահատուկ համն ու բույրը, որ ունի այս խմորեղենը: Հետևաբար, կրեմի մեջ, որպես հավելում, կարելի է ավելացնել շատ քիչ կոնյակով թրջած սուրճի փոշի, ըստ ճաշակի: Սա խորհուրդ իմ կողմից…

Շերտերն իրար ենք միացնում այս կրեմով, զարդարում ենք խմորի եզրերից դուրս բերված երիզների փշրանքով, կամ կակաո շաղ տալով, կամ ինչպես կցանկանաք: Կսազի նաև ջնարակը:

Որակյալ ու փայլը երկար պահող ջնարակի բաղադրատոմս woman.am –ի խոհնոցում կա:

Կարող եք փնտրել և օգտվել:

Ահա և վերջ: Հավաքում ենք խոհանոցն ու սպասում հյուրերի:
Բարի ընտանեկան հավաքույթներ ձեզ:

իրով՝ ձեր Արուսյակ Հոխիկյան: