Advertisementjobs.am

Սերն ամենաանբացատրելի զգացմունքն է մարդկության պատմության սկզբից ի վեր: Դեռ դարեր առաջ փիլիսոփաներն ու գիտնականները փորձել են բացատրել սիրո էությունը, սակայն այդպես էլ դա նրանց չի հաջողվել: Խոսքը, իհարկե, կին-տղամարդ ռոմանտիկ հարաբերությունների մասին է:

Սովորաբար երբ տղամարդը և կինը սիրում են միմյանց, և նրանց մոտ սկսվում են ռոմանտիկ հարաբերություններ, նրանք երկուսն էլ ցանկանում են, որ իրենց հարաբերությունները լինեն ամուր ու հարատև: Յուրաքանչյուր ոք ցանակնում է գտնել սիրո այն բանաձևը, որն իր ու սիրելիի հարաբերությունները կդարձնի կատարյալ, բայց որովհետև ամեն մի զույգ տարբեր է, այդպիսի բանաձև գոյություն չունի:  Սերը և ներդաշնակ հարաբերությունները ձևավորվում են մի քանի կարևոր հիմնաքարերի վրա, որոնք ընկած են յուրաքանչյուր հաջողված ու առողջ հարաբերությունների հիմքում:

Իհարկե, առաջին տեղում սերն է, բայց քանի որ, ինչպես արդեն նշեցինք, սերը բացատրելը հնարավոր չէ այն պատճառով, որ տարբեր զույգերի մոտ դա տարբեր կերպ է ընկալվում ու դրսևորվում, ուստի խոսենք այն կարևոր կետերի մասին, որոնք ընդհանուր են բոլոր սիրող զույգերի երկարատև ու երջանիկ հարաբերությունների համար:

Հարգում եք միմյանց

Հարգանք, ահա այն ամենից կարևոր զգացումը, որի բացակայության դեպքում առողջ հարաբերությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: Հարգել դիմացինին, նշանակում է հարգել նրա անձը՝ իր առանձնահատկություններով ու բնավորության բոլոր լավ ու վատ գծերով, նրա կարծիքը, նրա խոսքը,  հետաքրքրություններն ու որոշումները, գնահատել նրա արժանիքները և, իհարկե, նույնը սպասել նրանից: Հարգանքը խորն ու կայուն հիմք է յուրաքանչյուր հարաբերությունների համար:

Վստահում եք միմյանց

Վստահությունը շատ կարևոր է ցանկացած առողջ հարաբերությունների համար: Միմյանց վստահությանն արժանանալը մեծ հաղթանակ է երկուսիդ համար: Եթե ամբողջովին անկեղծ եք միմյանց նկատմամբ, չունեք գաղտնիքներ, չեք խաբում դիմացինին, ապա ձեր հարաբերությունները երկարատև կլինեն: Պետք չէ բնավորության վատ կողմերը թաքցնելով՝ ցանկանալ ավելի լավը երևալ:

Ի վերջո մի օր կբացահայտի սուտը և ամեն ինչ կփոխվի դեպի վատը: Առողջ հարաբերություններ կառուցելու համար պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաք իրականում:

Աջակցում եք միմյան

Կայուն հարաբերությունների մեջ անփոխարինելի է միմյանց լսելու կարողությունը: Եթե ձեր սիրելին հավատում է ձեր երազանքներին և ամեն կերպ փորձում  է օգնել ձեզ հասնել դրանց իրականացմանը, ուրեմն նա անկեղծորեն սիրում է ձեզ: Խոսեք միմյանց հետ, պատմեք ձեր նպատակների ու երազանքների մասին, կիսվեք նրա հետ ձեր մտահոգություններով ու խնդիրներով: Թույլ տվեք նրան զգալ, թե որքան կարևոր ու հուսալի է նա ձեզ համար:

Պատասխանատու եք միմյանց նկատմամբ

Միմյանց նկատմամբ պատասխանատվության զգացում ունենալն առողջ հարաբերություններ կառուցելու գլխավոր «հիմնաքարերից» մեկն է: Լինել պատասխանատու սիրելլիդ նկատմամբ, նշանակում է հոգ տանել նրա մասին, ամեն պարագայում լինել նրա կողքին, և ի վերջո, երջանկացնել նրան: Չէ՞ որ միմյանց երջանիկ պահեր նվիրելը և նրա ժպիտից ուրախանալն արդեն իսկ խոսում է ամուր ու անկեղծ զգացմունքների մասին:

Ֆիզիկական սեր

Անկեղծ սիրո դեպքում, անշուշտ, շատ կարևոր է ասել նրան, որ սիրում եք, սակայն դա բավական չէ: Սերը զգալը ու միայն խոսքերով դա արտահայտելը հնարավոր չէ: Սիրող մարդկանց մոտ կա նաև, այսպես կոչված, «ֆիզիկական սեր» հասկացությունը: Խոսքը միայն սեռական հարաբերությունների մասին չէ, այլ ձեռքը բռնելու, գրկախառնվելու, համբուրվելու և այլ փոքրիկ ժեստերի մասին է, որոնք ամրապնդում և ինչ-որ կերպ ապացուցում են զգացմունքները:

Հարաբերություններ կառուցելն ամենահեշտն է, դժվարը դրանք պահպանելն է: Այս կարևոր կետերը ներգրավելով ձեր հարաբերությունների մեջ՝ դրանք կդարձնեք երկարատև, ամուր ու երջանիկ: