Մուլտիֆրուտ

5402
Մուլտիֆրուտ

Նորից հեղինակային տորթ եմ բերել: Անունը հանգիստ կարող էի նրբություն  դնել, կամ քնքշանք, կամ նման մի բան, քանի որ անհավանական փափուկ է ու նուրբ:

Անցանք գործի:

Խմորի համար մեզ անհրաժեշտ է

  • 5 ձու
  • 3 սպիտակուց (դեղնուցները՝ կրեմի համար)
  • 1.5 բաժակ շաքարավազ
  • 400  թթվասեր և մածուն իրար խառնած
  • Կես կիտրոնի հյութ
  • 70 գ հալեցված կարագ
  • 1.5 թեյի գդալ սոդա
  • 2 բաժակ ալյուր

Կրեմի համար

  • 200 գ կարագ

Եփովի կրեմ

  • 400 գ կաթ
  • 3 դեղնուց
  • 1 բաժակ շաքարավազ
  • 3 ճ գդալ օսլա
  • Վանիլին

Իմ մյուս բաղադրատոմսերն ու այլ մշակումներին ծանոթանալու համար կարող եք միանալ իմ ֆեյսբուքյան խմբին՝ Arusyak Hokhikyan’s group:

Մեծ թասի մեջ շաքարավազի անհրաժեշտ քանակի կեսը հարում ենք 5 ձվի հետ այնքան, որ թեթև զանգված ստացվի, շատ երկար հարկավոր չէ:

Այնուհետև ավելացնում ենք կրակի վրա թույլ գոլացված մածունն ու թթվասերը՝ իրար  խառնած, ավելացնում ենք նաև հալեցված կարագը: Ի դեպ, կարագը կարող եք փոխարինել մարգարինով կամ մոտ մեկ սուրճի բաժակ ձիթայուղով: Ես կարագով եմ պատրաստել;

Սոդան թթվասերի ու մածունի հետ չենք խառնում, հիշում եք, չէ՞, այս մասին մանրամասն գրում եմ միշտ: Եթե չեք հիշում, կարդացեք իմ՝ Իդեալական խմորի գաղտնիքները հրապարակումը:

Հիմա այս զանգվածը մի կողմ թողե, վերցրեք այն երեք սպիտակուցը, որ նշել եմ խմորի համար, ավելացրեք վրան մնացած շաքարավազն ու հարեք մինչ բեզե դառնա; այ հիմա զգույշ բեզեն տեղափոխեք խմորի զանգվածի վրա ու զգուշորեն խառնեք: Շատ հարկավոր չէ:

Այ հիմա մաղելով ավելացնում ենք երկու լիքը բաժակ ալյուրն ու սոդան՝ իրար խառնած:

Էլի զգուշորեն խառնում ենք ու վերջ:

Ստացվելու է թույլ խմոր, որ բաժանում ենք երեք մասի, լցնում ենք յուղաթղթով տապակի մեջ ու թխում 220 աստիճան նախապես տաքացված ջեռոցում՝ մինչ պատրաստ լինելը: Եթե խմորը լցնելուց հետո կթվա, թե խմորը քիչ է, չվախենաք, շատ հարմար չափսի շերտեր են ստացվում, ծակոտիները ժամեր հետո բացվելու են, դա անպայման հաշվի առեք:

Երեք շերտերը թխելուց հետո իրար ենք միացնում կրեմով:

Կրեմը պատրաստում ենք այսպես.

Դեղնուցները խառ նում ենք շաքարավազի, օսլայի հետ, ավելացնում ենք մի քանի գդալ ցանկացած ջերմաստիճանի կաթ, խծառնում ենք, որից հետո վրան լցնում ենք եռման կաթը՝ բարակ շիթով, որից հետո զանգվածը եփում ենք մինչ պնդանալը:

Զանգվածը թողնում ենք դառնա սենյակային ջերմաստիճանի: առանձին հարում ենք կարագը ու գդալ-գդալ ավելացնում եփովի կրեմն ու հարւոմ; Կարագը ևս պետք է լինի սենյակային ջերմաստիճանի. Բաղադրիչների տարբեր ջերմաստիճանների դեպքում կարագով կրեմները սովորաբար կտրվում են ու վնասվում:

Խմորեղենի արդեն սառած շերտերն իրար միացնում ենք կրեմով, կրեմի ամեն շերտի վրա  առատորեն դասավորում ենք ցանկացած միրգ. Ես ավելացրել եմ անանասի, կիվիի, նարնջի, բանանի բարակ շերտեր՝ ցողել եմ կիտրոնի հյութով: Զարդարում ենք  ըստ ցանկության: Ես վրան մաղելով շաղ եմ տվել քերած թխվածքաբլիթ: Կսազի նաև կիտրոնի  կամ նարնջի կեղևի քերուկը, կարելի է ձևավոորել նաև մրգերի շերտերով և կրեմով: առաջնորդվեք ընտանիքի անդամների նախասիրություններով. Մեր տանը քերուկի առկայությունը չի ողջունվում 😉

Ձեզ ուրախ ընտանեկան հավաքներ մաղթելով՝ woman.am-ը պատրաստվում է նոր համեղ հանդիպումների: