Ի՞նչ ծագում ու խորհուրդ ունի տոնածառը

Շուտով Ամանոր է, իսկ դա նշանակում է, որ մարդիկ սկսել են զարդարել իրենց տոնածառը, սակայն նրանցից քչերը գիտեն, թե ի՞նչ ծագում ու խորհուրդ ունի Ամանորին եղևնի զարդարելը:
Պարզվում է՝ այս ավանդույթն ունի շատ երկար ու հին պատմություն:

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ հռոմեացիները կարծում էին, որ մշտադալար բույսերը մարդկանց ջերմություն ու հույս են տալիս  ողջ ձմռան ընթացքում: Հնագույն ժամանակներում մարդիկ նշում էին ձմեռային արևադարձը (տարվա ամենակարճ օրն ու ամենաերկար գիշերը, որը սովորաբար լինում է դեկտեմբերի 21-ին կամ դեկտեմբերի 22-ին)՝ օգտագործելով մշտադալար ծառերի ճյուղեր: Այս բույսերը նրանց հիշեցնում էին արևի մասին:

Որոշ երկրներում մարդիկ հավատում էին, որ մշտադալար բույսերը հավերժական կյանքի խորհրդանիշ են և նույնիսկ կարող են հետ մղել չար ուժերին ու հիվանդությունները: Ահա թե ինչու էին նրանք տան ներսում՝ դռան վերևում, կախում մշտադալար ծառերի ճյուղեր:

Տոնածառ զարդարել

Ոմանք ասում են, որ առաջին տոնածառը զարդարվել է Լոնդոնում 1444 թվականին, որն այժմ գտնվում է Leadenhall Market-ում: Այնուամենայնիվ, եղևնի զարդարելու երևույթը Բրիտանիայում չի կրկնվել մինչև 19-րդ դարը:

Շատերը հավատում են, որ զարդարվող ծառի վրա վառվող մոմեր կամ լույսեր դնելու ավանդույթը սկսվել է բողոքական բարեփոխիչ Մարտին Լյութերի կողմից 1500-ականներին:

Պատմությունն այսպիսին է. ձմեռային մի երեկո, երբ Լյութերը քայլում էր դեպի իր տուն, նա մշտադալար ծառերի ճյուղերի արանքում տեսավ շողշողուն աստղեր և որոշեց իր ընտանիքի համար ևս ստեղծել այդ կախարդական պահը:

Իսկ սուրբծննդյան ժամանակակից ծիսակարգը, ըստ էության, ձևավորվել է Գերմանիայում: Գերմանացիները Ամանորին գնում էին անտառ և մոմերով ու գունավոր լաթերով զարդարում իրենց կողմից նախապես ընտրված եղևնին, որից հետո հատուկ ծես էին կատարում այդ ծառի շուրջը: Տասնամյակներ անց գերմանացիները սկսեցին անտառից իրենց տուն տանել խորհրդանշական ծառը և այն տեղադրել սեղանի վրա՝ զարդարելով քաղցրավենիքով ու խնձորներով: Ժամանակի ընթացքում այս ծիսակարգը հետզհետե տարածվեց քրիստոյաների շրջանում:

1846 թվականին Illustrated London News-ում ցուցադրվեց Վիկտորյա թագուհու, գերմանացի արքայազն Ալբերտի և նրանց երեխաների լուսանկարը, որում նրանք հավաքված էին տոնածառի շուրջը: Եվ քանի որ Վիկտորյա թագուհին մեծ ճանաչում ու հեղինակություն էր վայելում հասարակության մեջ, դրանից հետո եղևնի զարդարելու մշակույթը տարածվեց ողջ Անգլիայում և Միացյալ Նահանգների Արևելքում:

Եղևնին՝ որպես սուրբծննդյան խորհրդանիշ, առաջին անգամ Ռուսաստանում տեղադրվել է 19-րդ դարի սկզբում Սանկտ Պետերբուրգում բնակվող գերմանացիների ընտանիքներում: Սակայն Ռուսաստանում Ամանորը նշելու ավանդույթը սկիզբ է առել Պետրոս Առաջինի օրոք: 1700 թ. հունվարի 1-ին, ցարական հրամանի համաձայն, շենքերի արտաքին պատերը զարդարվեցին փշատերև ծառերի ճյուղերով, սակայն տանը եղևնի տեղադրելու ավանդույթը հաստատվել է ավելի ուշ՝ մեկուկես դար անց:

1882 թվականին, երբ Էդիսոնի էլեկտրական լույսի ընկերության փոխնախագահ Էդվարդ Ջոնսոնը 80 հատ կարմիր, սպիտակ և կապույտ լապտերներով զարդարեց մի ծառ և տեղադրեց Նյու-Յորքի իր բնակարանի լուսամուտի մոտ, տեղի թերթերից մեկի ուշադրությունից չվրիպեց լուսավոր ծառը, իսկ նյութը վերնագրեցին հետևյալ կերպ՝ «Էլեկտրական տոնածառի հայրը»:

Որոշ ամերիկացիներ դեռևս թերահավատորեն էին վերաբերվում տոնածառի վրա էլեկտրական լույսեր տեղադրելուն, սակայն նախագահ Գրովեր Կլիվլանդը նրանց հետ համաձայն չէր: Նրա օրոք 1895 թվականին Սպիտակ տանը տեղադրվեց էլեկտրական լույսերով զարդարված առաջին տոնածառը:

Տոնածառ զարդարել

1903 թվականին ամերիկական General Electric-ը սկսեց տոնածառի լույսեր վաճառել, որպեսզի մարդիկ կարողանային ավելի հեշտորեն զարդարել իրենց եղևնին:

1929 թ. ԽՍՀՄ-ում արգելվեց սուրբծննդյան տոնածառը՝ որպես «պապական սովորույթ»: Արգելվեցին նաև տոնական բոլոր միջոցառումները, իսկ դեկտեմբերին ու հունվարին հատուկ կամավորները շրջում էին փողոցներում ու ստուգում տները, որպեսզի ոչ ոք տանը տոնածառ չտեղադրի: Ամանորյա տոնածառի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց 1935թ.: Այդ թվականին Ողջ երկրում կազմակերպվեցին տոնական միջոցառումներ, խանութներում սկսեցին վաճառել տոնածառի խաղալիքների մեծ տեսականի:

Հարուստ ու բովանդակալից պատմություն կերտելուց հետո տոնածառները (ինչպես բնական, այնպես էլ արհեստական) դարձել են Ամանորի գլխավոր զարդն ու խորհրդանիշը: