Մանուկ հասակում բոլորս ենք նայել ամանորյա մուլտֆիլմեր, հիացել ձմռան հեքիաթային տեսարաններով և երազել ինչ-որ կերպ ճեղքել հեռուստացույցի էկրանն ու հայտնվել հեքիաթում: Այժմ կարող եք իրականացնել մանկության երազանքը, սակայն ոչ թե հեռուստացույցի էկրանը վնասելով, այլ ձմռանը Ֆինլանդիա այցելելով: Ձմեռը տարվա այն եղանակն է, երբ հարյուր հազարավոր մարդիկ գալիս են այստեղ, որպեսզի իրենց աչքերով տեսնեն իրականություն դարձաճ հեքիաթը: Ամանորն ու Սուրբ Ծնունդն այստեղ առանձնահատուկ տոներ են: Որպեսզի Ֆինլանդիայից ստացած տպավորությունները պահպանվեն ողջ կյանքում, պետք է անպայման այցելել հետևյալ տեսարժան վայրերը:

Ձմեռ պապի տունը և Սանտա Կլաուսի գյուղը

Ձմեռ պապի տունը փայտե մեծ կառույց է՝ հսկայական լույսերով և ուրախ թզուկներով: Սակայն մանկության հրաշագործ պապիկին այստեղ հանդիպել հնարավոր չէ. չէ՞ որ նրա խրճիթը թաքնված է անտառի եզրին: Այնուամենայնիվ, կարող եք այցելել նրա փոստային գրասենյակ կամ աշխատասենյակ:

Ձմեռային Ֆինլանդիա

Սանտա Կլաուսի գյուղը Ձմեռ պապին նվիրված զվարճանքների այգի է, որին Ֆինլանդիայում անվանում են Յոուլուպուկկի: Այն գտնվում է Լապլանդիա նահանգում՝ Ռովանիեմի քաղաքից 9 կմ հեռավորության վրա: Ըստ ավանդության՝ Սանտա Կլաուսը ծնվել է Լապլանդիայում, որը և համարվում է Սանտա Կլաուսի, Ձմեռ Պապի և նրանց սաամական գործընկեր Մուն Կալսայի աշխատավայրը: Սանտա Կլաուսի գյուղը բաժանվում է մի քանի տեսարժան վայրերի. Բևեռային շրջան, Սանտա Կլաուսի հիմնական փոստային գրասենյակ, Սանտա Կլաուսի գրասենյակ և այլ ժամանցային վայրեր, օրինակ՝ խանութներ, ռեստորաններ։

Այգում կարող եք նաև այցելել զվարճությունների մի շարք վայրեր,  սահադաշտ, դիտել թատերական շոու: Մեծահասակները կարող են վարձել ձյունագնաց սահնակ, որը տեղաշարժվում է լծկան շների կամ բևեռային եղջերուների օգնությամբ, հանգստանալ Ֆինլանդիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում, այցելել մեծ թվով տեսարժան վայրեր, հուշարձաններ, թանգարաններ, որոնք նույնպես գտնվում են Ռովանիեմիում: Անգամ եթե ձեզ հետ երեխաներ չկան, այդպիսի էքսկուրսիան կլինի ոչ պակաս հետաքրքրաշարժ ու անմոռանալի:

Արկտիկական կենդանաբանական այգին և Էլֆերի ամրոցը

Եթե որոշել եք ձմռանը Ֆինլանդիա այցելել երեխաների հետ, ապա անպայման պետք է այցելել Ռանուա քաղաքի արկտիկական կենդանաբանական այգին: Այստեղ դուք կարող եք տեսնել ավելի քան 60 տեսակի կենդանիների, որոնք ապրում են հենց իրենց բնական միջավայրում: Կարելի է, օրինակ տեսնել, թե ինչպես են բևեռային արջերը ձուկ բռնում: Այգում կարելի է շրջել բևեռային եղջերուներին և շներին լծված սահնակներով:

Ձմեռային Ֆինլանդիա

Կենդանաբանական այգուց ոչ հեռու գտնվում է Էլֆերի ամրոցը, որտեղ պահվում է հին տիկնիկների շքեղ հավաքածու, իսկ այդ տիկնիկների մասին Ձեզ կպատմի ամրոցում ապրող էլֆերից մեկը:

Եթե ուզում եք ներկա գտնվել Ձեր մանկության երազանքի իրականացմանը, ապա սուրբծննդյան տոներին պետք է այցելել խաղալիքների այս մեծ տերություն, քանի որ իր եղնիկներով այստեղ է ժամանում երեխանի երազանքները կատարող գլխավոր հերոսը՝ Սանտա Կլաուսը և իր թզուկների հետ գեղեցիկ ներկայացում է կազմակերպում ներկաների համար:

Լրտեսության թանգարան

Ձմեռային Ֆինլանդիայի տեսարժան վայրերը զարմացնում են իրենց բազմազանությամբ և կարող են բավարարել ցանկացած հետաքրքրության տեր մարդու: Օրինակ, լրտեսական խաղերի սիրահարները կարող են այցելել Տամպերե քաղաքի Լրտեսության թանգարան, որտեղ հավաքված են ամենատարբեր տվյալներ ինչպես իրական, այնպես էլ հորինված լրտեսների, նրանց բոլոր զենքերի, հագուստների, գրականության ու նրանց կյանքին ու գործունեությանը վերաբերող ամեն ինչի մասին:

Ձմեռային Ֆինլանդիա

Եթե կանանց այս թանգարանը ձանձրալի թվա, ապա նրանց համար կա այլընտրանքային տարբերակ՝ տիկնիկների թանգարան, որտեղ հավաքված են ավելի քան 4000 տեսակի տիկնիկներ: Այս թանգարանի առանձնահատուկ հպարտությունն այն տիկնիկն է, որի հետ 900 տարի առաջ խաղում էր ինկերի ցեղից մի աղջիկ:

Ձնե ամրոց

Ձմռանը լինել Ֆինլանդիայում և չայցելել Կեմի քաղաքի Ձնե ամրոց, պարզապես անկարելի է: 1996 թվականից ի վեր ամեն տարի առաջին իսկ ձյունից կառուցվում է տեղացիների լեզվով Լումիլիննա կոչվող ամրոցը: Ամրոցում կա մատուռ, սառցե հյուրանոց, քանդակների սրահ, սառցե ռեստորաններ ու սրճարաններ:

Ձմեռային Ֆինլանդիա

Այստեղ կարելի է սահել սարի վրայից, ձնագնդիկ խաղալ, զգալ ձյան ողջ շքեղությունը, նստել սառցե նստարանի վրա և տաք շոկոլադ ըմպել կամ տաքանալ հարմարավետ ու արդեն սովորական սրճարանում:

Ամանորին Ֆինլանդիա այցելելն իսկական տոն կարող է լինել ողջ ընտանիքի համար: Ձմեռային հանգիստն այստեղ յուրահատուկ է, չափազանց հետաքրքիր, և ամեն անգամ հնարավոր է որևէ նոր բան բացահայտել: