Այսօր շաատ համեղ ու շատ հեշտ պատրաստվող աղանդեր ենք վայելելու: Նարինեն մեզ կօգնի այս հարցում: Հրավիրում ենք բոլորիդ սուրճի: Բայց մինչ այդ մի փոքր կաշխատենք:
Այս համեղ քաղցրավենիքը պատրաստելու համար հարկավոր է բլենդերով կամ այլ տարբերակով լավ մանրացնել 300 գ թխվածքաբլիթը:
Այնուհետև այս փշուրների վրա ավլացնում ենք 150 գ նախապես հալեցված կարագը, լավ խառնում ենք, հարթեցնում որևէ հարմար կաղապարի մեջ ու մեկ ժամով դնում սառնարանը: Դա մեր աղանդերի հիմքն է, սառնարանում կարագի սառելուն զուգահեռ՝ այն լավ կամրանա:
Անցնենք մյուս մասին: Այստեղ արդեն հարկավոր է 20 գ ժելատինը թրջել մեկ սուրճի բաժակ ջրում, թողնել, որ ուռչի: Ուռելուց հետո այն դնում ենք կրակին ու տաքացնում, հասցնում ենք եռման, բայց թույլ չենք տալիս, որ եռա, քանի որ եռալուց ժելատինն իր ողջ ուժը կորցնում է:
Սա թողնում ենք հանգիստ սառչի, իսկ մենք անցնում ենք առաջ: Առանձին հարում ենք 200 գ սերուցքն ու մեկ բաժակից քիչ պակաս՝ 150 գ շաքարվազը: Հենց զանգվածը պնդանա, ավելացնում ենք 50 գ նախապես քամիչով անցկացված կաթնաշոռն ու շարունակում հարել այնպես, որ գնդիկներ չմնան:
Կաթնաշոռը քամիչով անցկացնում ենք, որպեսզի այն հեշտ խառնվի զանգվածին: Համասեռ զանգված ստանալուց հետո արդեն հիշում ենք մի կողմում իր համար սառող ժելատինի մասին ու լցնում ենք այն սերուցքի խառնուրդի վրա և մի խառնում: Ստացված զանգվածը լցնում ենք արդեն սառած թխվածքաբլիթներով պատրաստված հիմքի վրա:
Այս չիզքեյքը կարելի է զարդարել ցանկացած տարբերակով: Վերջնական տեսքի բերելուց հետո այն տեղափոխում ենք սառնարան: Այստեղ արդեն ժելատինի ազդեցությամբ զանգվածը կսառչի ու կպնդանա:
Կարծում եմ՝ դժվար չէր:

Դե ինչ, վայելեք սիրելիների գովեստները, իսկ Woman.am-ը կփնտրի նոր տարբերակներ՝ ձեր բաղադրատոմսերի տետրում նորույթներն ավելացնելու համար:



