Դեռ խոհանոցում չե՞ք, շտապեք, սկսում ենք:
նախապատրաստում ենք մեզ անհրաժեշտ մթերքը.

5 ձու

1.5 թեյի բաժակ շաքարավազ

2 ճաշի գդալ մեղր, եթե պինդ մեղր է, ապա 1 ճաշի գդալ

2 ճաշի գդալ եռման ջուր

2 թեյի գդալ կակաո

0.5 թեյի գդալ դարչին

1 թեյի գդալ սոդա

2-2.5 թեյի բաժակ ալյուր

Գրանցեցի՞ք: Հիմա ի գործ:
Ձուն ու շաքարավազը լավ հարում ենք, մինչ ծավալով մեծանա, սպիտակի: Մեղրը բացում ենք եռման ջրով ու լցնում այս զանգվածի վրա: Մնք աշխատել կամ ձեռքի զսպանակով, ինչպես ես,  կամ գդալով, կամ ինչպես մեր Գայանեն է խորհուրդ տալիս՝ նաև սիլիկոնե թիակով. ում ինչպես հարմար է:

Առանձին ամանի մեջ իրար ենք խառնում մնացած չոր բաղադրիչները՝ մի բաժակ ալյուրը, դարչինը, սոդան, կակաոն, մաղում ենք խմորի թասի մեջ, այնուհետև լցնում ևս մեկ բաժակ ալյուրը: Խմորը պետք է լինի ոչ պինդ, բայց և ոչ ծորուն, ուստի՝ ըստ անհրաժեշտության գուցե և 0.5 բաժակ ալյուրի կարիք զգացվի:
Հավելեմ, որ նման խմորների դեպքում խտությունը նույնիսկ առավելություն է: Նույնը կարող եմ ասել նաև իմ մեղրով առանց գոլորշու խմորի մասին, որը որքան պինդ եմ անում, այնքան ավելի նուրբ ու հալվող է  ստացվում արդյունքում: Չափն անցնել չի կարելի, պարզապես դրանից արդեն շերտերն են անհարթ թխվում:
Ստացված խմորը աչքաչափով բաժանում ենք 3 մասի, քսում յուղաթղթի վրա՝ տապակի ողջ տարածքով մեկ ու թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը: Դա կտևի 5-7 րոպե: Այստեղ ուշադրություն է հարկավոր, որ չայրվի: Շերտերն ընդամենը 3-ն են, մեղրով տորթի պես ուղղակի պակասեցնել չենք կարող J Վստահ եմ՝  դուք էլ եք նման  հանցագործություններ կատարել 😉

Շերտերը թխված են, մինչ հովանան, անցնենք կրեմին:

Կրեմի համար միջին արագությամբ հարում ենք 220 գ սենյակային ջերմաստիճանի կարագը, վրան գդալ-գդալ ավելացնում մեկ տուփ եփած խտացրած կաթը: Վերջում  ավելացնում ենք 2 ճաշի գդալ կոնյակ ու մի փոքր վանիլին, սա հետաքրքիր նրբերանգ կհաղորդի մեր տորթին: Մի փոքր ևս խառնելուց հետո կրեմն արդեն պատրաստ է:
Շերտերից յուրաքանչյուրին քսում ենք կրեմի 1/3 մասից: Վերջին շերտին ևս կրեմ ենք քսում ու զարդարում մանրացված ընկույզով:

Մեր տորթը մի ժամով թողնում ենք սենյակային ջերմաստիճանի, որ կրեմը լավ ներծծվի, այնուհետև մեկ ժամով դնում ենք սառնարանը:
Գայանեն զգուշացնում է՝ գայթակղությանը դիմադրելը դժվար է լինելու, փորձեք սպասել այս ժամերը, որպեսզի արդեն կրեմ-խմոր ներդաշնակության հասած տորթը կարողանաք գեղեցիկ կտրել ու վայելել արդեն լիովին պատրաստ այն երանելի կտորը:

Վայելելուց հետո էլ չենք մոռանում, որ Woman.am-ում անդադար թարմացումներ են լինում: Նորույթներ փնտրելիս, այցելեք մեզ ու ծանոթացեք մեր նոր բաղադրատոմսերին: Դրանք մեկը մեկից լավն են ու կարևորը՝ միշտ փորձված:

 

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)