Սուֆլեով համեղ ու սիրուն տորթի տրամադրություն ունեմ, իսկ դո՞ւք: Ինչ կարծիքի եք, չփորձե՞նք: Մեր խոհանոց այցելեք, այս համեղությունը վայելելու:

Ինչպես ասում են՝ ով աշխատի, նա կուտի: Ես ու Նարինե Մնացականյանն ենք աշխատելու, մենք էլ կվայելենք 😉

Ի դեպ ,շնորհակալութուն Նարինեին այս հրաշալի բաղադրատոմսի ու գեղեցիկ լուսանկարների համար:

Նախ գրանցեք, թե ինչ է մեզ հարկավոր.

Խմորի համար

3 ձու

1 բաժ շաքարավազ

100 գ կարագ

5 ճ գդալ թթվասեր

2 նարնջի կեղևի քերուկ

2 բաժակ ալյուր

Սուֆլեի համար

2 բաժ սերուցք

2 աղացած նարինջ

1 բաժ շաքարավազով

15 գ ժելատին

Ժելեյով շերտի համար

1 բաժակ նարնջի կամ ցանկացած հյութ

Շաքարավազ՝ ըստ ճաշակի

1 ճաշի գդալ ժելատին

1 սուրճի բաժակ ջուր կամ հյութ

Հարմար ամանի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը: Ավելացնում ենք փափուկ կարագը, թթվասերը, լավ խառնում ենք: Առանձին ամանի մեջ քերում ենք երկու նարնջի կեղևն ու ավելացնում մեր խմորի զանգվածի վրա: Մաղելով ավելացնում ենք ալյուրը՝ կես թեյի գդալ սոդայի հետ նախապես խանած:

Նարինեն այս խմորը բաժանել է երկու մասի ու թխել է 28 սմ տրամագծով ձևամանում ՝ երկու առանձին շերտով:

Ահա, մեր շերտերը թողնում ենք ցանցի վրա սառչեն, մենք շարունակում ենք, մեր գլխավոր աշխատանքը դեռ առջևում է: Ասում էի չէ, սուֆլեով է: Ուրեմն՝ սուֆլեն էլ պատրաստենք, որ հավաքենք խմորեղենը:

2 նարինջը աղում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու եփում միասին այնքան, որ զանգված մի փոքր թանձրանա, սա կտևի 7-10 րոպե: Երբ կրակն անջատենք, այս եռման զանգվածի մեջ պետք է ավելացնել նախապես մեկ սուրճի բաժակ ջրում թրջած մեկ ճաշի գդալ ժելատինը: Նախապես ժելատինը թրջել էինք, որ մինչ այս պահը հասցներ լավ ուռչել: Տաք նարնջի օշարակի մեջ այն միանգամից հալվում է ու տարածվում համաչափ: Սա թողնում ենք սառչի: Հենց լավ սառեց, հարում ենք սերուցքը, որ լավ պնդանա: Վերջում ավելացնում ենք մեր եփած օշարակն ու շարունակում ենք հարել: Այս փուլը ևս ավարտեցինք:

Հիմա մեր ձևամանի մեջ տեղավորում ենք մեր թխած առաջին շերտը, վրան լցնում ենք պատրատված սերուցքային զանգվածի կեսից ավելին, հարթեցնու ենք, վրան դնում ենք խմորի մյուս շերտը, այս շերտի վրա քսում ենք սերուցքի մնացած մասը, հարթեցնում ենք ու դնում սառնարանը, որ լավ ամրանա:

Այս ընթացքում կրկին անգործ չենք մնում: Ասեմ, որ այս տորթը կարելի է, ինչպես նարինեն է արել, եզրափակել ժելեյի շերտով:

Կարճ ժամանակ անց մի ճաշի գդալ ժելատինը թրջում ենք մի սուրճի բաժակ ջրով, թողնում ենք ուռչի: Այնուհետև մի բաժակ ցանկացած մրգի հյութը տաքացնում ենք կրակի վրա, դա կարող է նաև կոմպոտ լինել: Հասցնում ենք եռման, եթե կարիք կա, ավելացնում ենք նաև շաքարավազ՝ ըստ ճաշակի, կրակն անջատում ենք ու մեջը լցնում թրջված ու արդեն ուռած ժելատինը, խառնում ենք, թողնում հովանա:

Երբ սառնարանից դուրս եք բերում մեր տորթը, այդ պահին արդեն սառած ժելեյի զանգվածը լցնում ենք վրան ու կրկին տեղավորում սառնարանում մինչ այս անգամ էլ ժելեն պնդանա:

Փարիզյան տորթ

Վերջ: Մի փոքր աշխատատար է, բայց ոչ բարդ: Մենք աշխատանքից ու բարդ նյութերից չենք վախենում, այնպես չէ՞:  Կարևորը արդյունքն է, իսկ արդյունքի մասին խոսքերն ավելորդ են, որերորդ անգամ նայում եմ նկարին  ու հիանում:

 

Woman.am-ի խոհանոցում հիանալու շատ առիթներ կունենաք, փնտրեք մեր էջերում և հետևեք թարմացումներին: