Եթե մեղրով տորթ սիրողներ կան, համեցեք: Այսօր թխելու ենք այս անուշեղենն ու վայելենք միասին:
Անցանք գործի: Մեզ անհրաժեշտ է`
Խմորի համար
- 4-5 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 2 լիքը ճաշի գդալ մեղր
- 100 գ կարագ կամ մարգարին
- 1 ճաշի գդալ քացախ
- Ալյուր
- 1 լիքը թեյի գդալ սոդա
Կրեմի համար
- 150 գ կարագ
- Եփովի կրեմ
Եփովի կրեմի համար
- 3 դեղնուց
- 1 բաժակ շաքարավազ
- 3 ճ գդալ օսլա
- Վանիլին
- 400գ կաթ
Նախապատրաստեցիք: Անցանք գործի:
Մինչ այդ հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերի հավաքածուին կարող եք ծանոթանալ իմ ֆեյսբուքյան թեմատիկ խմբում՝ Arusyak Hokhikyan`s group:
Մի հարմար ամանի մեջ ջուր ենք եռացնում, վրան հարմար տեղավորվող որևէ աման ենք տեղադրում, որ լինի կամ չժանգոտվող մետաղից, կամ հրակայուն ապակուց, կամ էմալապատ լինի: Հենց առաջին ամանի մեջ ջուրը եռա, վրան դնում ենք նախապատրաստված տարան, մեջը արագ կոտրում ենք ձուն, լցնում շաքարավազն ու արագ խառնում: Հենց շաքարավազը հալված լինի, ավելացն ում ենք մեղրն ու էլի խառնում: Ի դեպ, եթե բնական մեղր է ու թույլ, ոչ շատ խիտ, ապա մեկ ճ գդալ ևս ավելկացրեք, քանի որ թույլ մեղրը միշտ ավելի քիչ է լցվում հաշվելիս, քան պինդ մեղրը:
Ահա, այս պահին արդեն կարելի է ավելացնել մի քանի կտորի բաժանած կարագը: Լցնում ենք ու էլի խառնում պարբերաբար՝ մինչ ամբողջությամբ հալվի: Հենց կարագը հալված լինի, 1-2 րոպեի չափ շարունակում ենք խառնելով եփել կրակի վրա, հետո ավելացնում ենք քացախը, եթե, իհարկե, մեղրը բնական չէր կամ օշարակ էր: Բնական մեղրի դեպքում քացխ կամ չենք օգտագործում, կամ նախատեսվածից ավելի քիչ: Այս դեպքում ես օգտագործել եմ արհեստական մեղր, ուստի լցրել եմ ընդամենը կես ճաշի գդալ քացախ:
Քացախը լցնելուց հետո խառնում ենք ու զանգվածը վերցնում գոլորշու վրայից: Հա, ի դեպ, գոլորշու համար լցված ջուրը պետք է լինի այնքան, որ չկպնի խմորի ամանին: Այդ պարագայում խմորը կեփվի ուղղակի, ձվի տհաճ համ կունենա և այլն:
Տաք խմորի զանգվածի մեջ արագ մաղում ենք ալյուրն ու առաջին բաժին ալյուրի հետ խառնած լցնում նաև սոդան: Սոդան ավելի շուտ չենք ավելացնում, իսկ թե ինչու, այս մասին կայքում փնտրեք իմ գրառումը՝ Իդեալական խմորի գաղտնքիները վերնագրով:
Ալյուրի չափսը չեմ գրել, քանի որ, օրինակ, գոլորշու վրա խմորը երկար եփելու պարագայում ավելի քիչ ալյուր է պահանջվում. Հաշվի առեք, որ երկար եփելուց գոլորշիացումն ավելի շատ է լինում, հեղուկ զանգվածը պակասում է: Եթե խմորը գոլորշու վրա քիչ եք եփել, ապա, համապատասանաբար, ավելի շատ ալյուր կպահանջի: Չենք մոռանում նաև ձվի չափսերը, որ ընտրում ենք մոտավոր: Ալյուրի քանակը հստակ գրում են միայն այն դեպքում, երբ աշխատում են կշեռքներով ու բոլոր բաղադրիչները ավելացնում են հստակ քանակով:
Կարևոր տեղեկատվություն
ՄԻ կարևոր բան ևս ավելացնեմ: Գոլորշու վրա եփվող մեղրային խմորները որքան շատ են եփվում գոլորշու վրա, նշեցի, որ քիչ ալյուր են պահանջում, հետևաբար ավելի թեթև ու նուրբ են ստացվում, բայց գրտնակելն ավելի դժվար է լինում: Ավելի քիչ եփվող խմորների դեպքում ալյուրը շատ է պահանջվում, համեմատաբար ավելի խիտ խմոր է ստացվում:
Եփվելու ժամանակը մի հարցրեք, ուղղակի կողմնորոշվեք: Եթե առաջին տարբերակն եք ուզում, ապա կարագը հալվելուց հետո թողեք ևս մի 10 րոպե և ավելի, եթե երկրորդ տարբերակը, ինչպես ես այս դեպքում, ապա կարագը հալվելուց հետո թողեք մի քանի րոպե, լրիվ բավարար է: Ես երկրորդ տարբերակն եմ ընտրում հիմնականում այն պատճառով, որ այս դեպքում վերջնական խմորեղենը ոչ թե փափուկ է լինում շատ, այլ անհավանական հալվող, ես նախընտրում եմ այս հալվող տարբերակը, կտրելիս էլ ավելի գեղեցիկ, հստակ գծով կտրվածք է ստացվում:
Պատրաստվում ենք թխելուն
Ստացված խմորը բաժանում ենք 3-5 շերտի, ինչպես կամենաք: Ես 4 շերտ եմ պատրաստել: Գրտնակում ենք խմորները ջեռոցի տապակի չափսով: Իմ տապակը 30*40 սմ է: Թխում ենք տապակի ետնամասի վրա, այսպես հարմար է: Ի դեպ, ցանկալի չէ գրտնակել հենց տապակի վրա: Այսպես խմորը որոշ հատվածններում կպնում է տապակին, որոշ հատվածներում ոչ: Չկպած հատվածներում տակի հատվածում օդ է մնում, որն էլ տաքանալով ընդարձակվում է ու բարձրացնում խմորի այդ հատվածը: Ահա թե ինչու ենք երբեմն այդքան անհարթ շերտեր ստանում: Դրա համար շատ հարմար է գրտնակել սեղանին, հետո գրտնակի օգնությամբ տեղափոխել ալյուր ցանած տապակին:
Տապակի վրա շերտերը նախապես նաև ծակծկում ենք պատառաքաղով, որ ավելի հարթ ու համաչափ բարձրացած շերտեր ստանանք ու թխում ենք նախապես 180-200 աստիճան տաքացած ջեռոցում մինչ պատրաստ լինելը:
Շերտերը սառեցնում ենք հարթ մակերեսին փռված սրբիչի կամ որևէ հարթ մակերեսով ցանցի վրա:
Պատրաստում ենք կրեմը
Եփովի կրեմի համար վերցնում ենք դեղնուցները, վրան լցնում ենք շաքարավազն ու արագ խառնում: Ինչու արագ: Հիմա կասեմ. որովհետև դեղնուցը շաքարի հետ շփվելիս անմիջապես սկսաում է քայքայվել, ավելի կոնկրետ՝ դեղնուցի արտաքին թաղանթն է քայքայվում, որից հետո կրեմի մեջ անպայման գնդիկներ կառաջանան, հարթ չի ստացվի: Դրա համար շաքարավազը լցնելուց առաջ լավ կլինի դեղնուցը մի փոքր խառնել, որ թաղանթը պատռվի, համասեռ դառնա: Շաքարավազն ավելացնելուց հետո էլ արագ խառնում ենք, որ գնդեր առաջանալու հավանականությունը լրիվ բացառենք:
Խառնելուց հետո ավելացնում ենք օսլան ու էլի խառնում: Դժվար է խառնելը, գիտեմ, ոչինչ, նախատեսված`կաթից մի քիչ ավելացրեք, այնքան, որ ուղղակի զանգվածը հանգիստ խառնել ստացվի: Հստակ քանակ չկա: Այս զանգվածը խառնելուց հետո վրան լցնում ենք եռման, այո, հենց նոր կրակից վերցված կաթը: Կաթը լցնում ենք շաատ բարակ շիթով ու անդադար հարում: Հետո դնում ենք կրակին ու եփում մինչ թանձրանալը: Այստեղ ևս ուշադրություն:
Կարևոր տեղեկատվություն
Եթե եփովի կրեմը օսլայով է, այն տաքանալուց անմիջապես հետո կսկսի շուտ պնդանալ, դեղնուցը չի հասցնի հասնել իր 70աստիճանին, որ ապահով դառնա ու եփվի վերջապես, հոտ ու համ չունենա, լինի բաց գույնի: Ալյուրով պատրաստելու դեպքում նման խնդիր չի առաջանում, որովհետև ալյուրը ուշ է եփվում և ուշ խտացնում զանգվածը, այդ ընթացքում ձուն հանգիստ հասցնում է եփվել:
Ինչ անել: Շատ պարզ մի բան: Հենց տեսնում ենք, որ օսլայով կրեմը սկսում է մի փոքր պնդանալ , ոչ ամբողջությամբ, նույն պահին այն վերցնում ենք կրակից, 1-2 րոպեի չափ խառնում ենք, որ եփն անցնի, խտանալու պրոցեսը դադարի, նոր միայն կրկին դնում ենք կրակին ու շարունակում եփել: Այս մի քանի րոպեում ձուն շարունակում է եփվել տաք զանգվածում, կրակին դնելուց անմիջապես հետո այն պատրաստի վիճակի է հասնում. և ապահով է, և կրեմն է որակով ստացվում: Օսլան էլ մինչ վերջնական հասցնի պնդանալ, արդեն բավական շատ ժամանակ կշահենք այս գործընթացի համար:
Եփում ենք կրեմը մինչ լավ պնդանա, ավելացնում ենք վանլին ու վերցնում կրակից, թողնում ենք սառչի, սենյակային ջերմաստիճանի դառնա:
Այս ընթացքում արդեն սենյակային ջերմաստիճանի կարագն ենք նախապատրաստում: Նախ`լավ հարում ենք մինչ սպիտակելը: Որքան լավ հարված լինի կարագը, այնքան քիչ է կրեմի կտրվելու հավանականությունը: Կարագով կրեմի մեջ բոլոր բաղադրիչները պետք է լինեն նույն ջերմաստիճանի:
Լավ հարած կարագի մեջ գդալ-գդալ լցնում ենք եփովի կրեմն ու հարում միջին արագությամբ հարիչով:
Այս տարբերակով պատրաստված եփովի կրեմը ավելի քիչ կարագ է պահանջում, քան մյուս կրեմները: Էկլերի դեպքում կարագ առհասարակ չեմ օգտագործում, երբ պատրաստում եմ այս եփովի կրեմը:
Հավաքում ենք խմորեղենը
Շերտերն իրար ենք միացնում ստացված կրեմով: Երեսին ևս կրեմ ենք քսում ու ձևավորում՝ ըստ ցանկության: Կարող եք ջնարակապատել, կամ վրան շաղ տալ նույն խմորի եզրերից դուրս բերված, փշրված խմորը, ինչպես ես եմ ձևավորել:
Պատրաստեք ու վայելեք սիրով:
Woman.am –ը անվերջ թարմացնում է բաղադրատոմսերի իր տեսականին: Հետևեք մեզ ու ծանոթացեք թարմացումներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:




