Ժենգյալով հացի այլընտրանք

Արցախի ժենգյալով հացի մասին բոլորս գիտենք՝ իրեն հատուկ բազմաթիվ վայրի կանաչեղենով: Վայրի կանաչին էլ հենց ժենգյալ է կոչվում:

Երբ կանաչեղենի անհրաժեշտ տեսականին անհասանելի է, աշխատում է երևակայությունը:

Իմ դեպքում երևակայությունս ինձ տարավ դեպի սովորական, տարին 12 ամիս սուպերմարկետներում ու շուկաներում առկա առատ կանաչիները: Բայց ամեն բան հերթով:

Պատրա՞ստ եք, գնացինք:

Իմպրովիզային ժենգյալով հաց ենք ուտելու: Թան պատրաստեք ու դրեք սառնարանը: Հաստատ ավելորդ չի լինի:

Նախ լավ լվանում ու չորացնում ենք ձեռքի տակ եղած կանաչիները:

Ես օգտագործում եմ համեմ, մաղադանոս, կանաչ սոխ ու հազարի թերթիկներ, նույն ինքը՝ մառոլ: Մի զարմացեք, պարզվում է, որ մառոլով շատ համեղ է: Իմ փորձից եմ ասում:

Մի բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուրը լցնում ենք թասի մեջ, մեջը լցնում ենք մի քանի թեյի գդալ ձեթ, մի ոչ լիքը թեյի գդալ աղ ու մաղելով լցնում ենք ալյուրը: Պետք է ստանանք պինդ խմոր: Որպեսզի այս խմորը հեշտ գրտնակվի, հարկավոր է երկար հունցել: Կարևոր է իմանալ, որ հունցելու ինտենսիվությունից է կախված խմորի էլաստիկությունը: Ի դեպ, ձեթը նաև կնպաստի դրան:

Ես հաճախ նմա խմորները հուցելիս մի քանի անգամ վերցնում եմ ու բարձրությունից մեծ ուժով ՙծեփում՚ դրանք թասի մեջ, սրանից խմորն ավելի էլաստիկ ու ենթարկվող է դառնում, իսկ ալյուրի մեջ եղած գլյուտենի կպչողականությունը մեծանում է:

Ահա և վերջ, խմորը պատրաստ է, ծածկում ենք ու թողնում մի 20-30 րոպե հանգստանա:

Դրանից հետո մեր գունդը վերածում ենք մոտավորապես ձվի չափ փոքրիկ գնդերի ու հերթով գրտնակում ենք: Պետք է գրտակենք լավաշի պես: Չափազանց բարակ բացելու կարիք չկա:

Ահա, խմորը բացեցինք: Այս պահին պետք է  արդեն ձեռքի տակ լինեն նախապատրաստված կանաչիները: Դրանք արդեն լվացված ու կտրատվա՞ծ են: Շատ լավ: Լվանալուց հետո մի որոշ ժամանակ թողեք ման սրբիչի վրա, որ ավելորդ խոնավությունը ներծծվի, ու կանաչին չորանա: Բայց միայն այդքանը: Նախապես համեմելու կարիք չկա, քանի որ հատկապես աղը շուտ ցանելու դեպքում կանաչիները շատ արագ դուրս կտան իրենց հեղուկն ու կթացացնեն մեր խմորը: Դրա համար մի փոքրիկ թասի մեջ առանձնացնում ենք մոտավորապես երկու ժենգյալով հացի համար նախատեսված չափի կանաչի, աղ ու պղպեղ ենք անում, կարելի է նաև սումախ համեմունքն օգտագործել, որը յուրահատուկ թթվաշ երանգ կավելացնի համային փնջին: Վերջում մի փոքր ձեթ ենք ավելացնում, ոչ շատ, պարզապես պետք է, որ կանաչիների զանգվածն այս շատ չոր չլինի: Ահա, կանաչին պատրաստ է: Առատորեն լցնում ենք բացված խմորի կենտրոնում, հանդիպակաց եզրերը միացնում ենք իրար ու անմիջապես տեղափոխում չոր թավայի մեջ: Ի դեպ, թավան կրակի վրա պետք է դնել նախապես, որ այս պահին արդեն լավ տաքացած լինի: Օգտագործում ենք մեր համեմած կանաչիները, հետո էլի առանձին համեմում ու ձեթ ենք անում մնացած կանաչիներից մի մասն ու էսպես շարունակ:

Հեշտ, հարմար ու կարևորը՝ անչափ համեղ և օգտակար: Հատկապես ցուրտ եղանակին ու հատկապես երեխաներին այսքան կանաչեղեն տալն իսկապես շատ դժվար կլիներ այլ կերպ: Դրանցում առկա հակաօքսիդանտներն ու մյուս միկրոտարրերը իսկական բալասան են մեր օրգանիզմի համար:

Պատրաստի ժենգյալով հացերը տապակից դուրս բերելուց հետո սառեցնում եմ կամ ցանցի, կամ սրբիչի վրա դրված:

Պատրաստեք ու վայելեք ողջ ընտանիքով:

Woman.am-ի խոհանոցում մենք Արցախի իսկական ժենգյալով հաց ևս պատրաստել ենք: Փնտրեք մեր էջերում ու սպասեք թարմացումներին: Հեշտ ու շատ համեղ տարբերակներ դեռ սպասում են ձեզ: