Ձվով կարկանդակ

Գեղեցիկ, համեղ ու շատ հեշտ պատրաստվող այս կարկանդակն առաջարկում եմ այսօր պատրաստել միասին: Ի դեպ, շատ հարմար է  պատրաստել հատկապես Զատկի տոնից հետո, երբ ներկված ձուն սառնարանում մնում է  անտեսված: տնտեսում ենք ու վերածում դրանք համեղ միջուկի:

Որպես գաղտնիք ասեմ, որ ցանկացած միջոցառումից հետո որևէ մթերք ավելանալու դեպքում այս կարկանդակն ուղղակի փրկություն է՝ մնացել են պանրի մանրուքներ, կաթնաշոռ… Կարկանդակի համար հարմար միջուկ է, մնացել է երշիկեղենի մանրուքներ, կրկին շատ հարմար միջուկ է, իսկ թե հավի խաշված միս կամ կոտլետ է մնացել, չվարանեք, կրկին ու կրկին շատ հարմար միջուկ կարող է դառնալ:

Սակայն, ինչպես խոստացել էի, նկարագրեմ ձվով միջուկը, մնացած տարբերակները ինքնուրույն մտածեք ու կսվեք մեզ հետ՝ մեկնաբանություններում:

Դրա համար մեզ նախ անհրաժեշտ է գրանցել բաղադրիչները:

Ուրեմն այսպես.

Խմորի համար

1.5 բաժակ թթվասեր

Կամ 1 բաժակ թթվասեր, 0.5 բաժակ մածուն

2 ձու

1 դեղնուց՝ կարկանդակի վրա քսելու համար

1 ճ գդալ աղ

Կես թեյի գդալ սոդա

Մեկ թեյի գդալ  շաքարավազ

3.5-4.5 բաժակ ալյուր

 

Միջուկի համար

 5-6 խաշած ձու

Թարխուն

Կանաչ սոխ

Աղ, սև պղպեղ

Ի դեպ, իմ մյուս բոլոր բաղադրատոմսերն արդեն այստեղ են՝ Arusyak Hokhikyan’s group հասցեով:

1.5 բաժակ թթվասերի մեջ կոտրում ենք 2 ձու, լավ հարում ենք:  Ի դեպ, կես բաժակը կարող եք մածուն անել: Լուսանկարում պատկերված կարկանդակը հենց այդպես էլ պատարաստել եմ:

Մեկ այլ ամանի մեջ մաղում ենք 3.5  բաժակ ալյուր, ավելացնում ենք 1 ոչ լիքը ճաշի գդալ աղ, մեկ թեյի գդալ շաքարավազ, կես թեյի գդալ սոդա: Խառնում ենք ու մաղելով ավելացնում մածնաթթվասերային խառնուրդի վրա: Խառնում ենք ու սկսում հունցել խմոր: 1 բաժակի չափ մոտավորապես ալյուր ավելացնելու կարիք կզգացվի այս ընթացքում: Սա պատրաստելիս կզգաք: Խմորը պետք է լինի թեթև, բայց գրեթե  չկպչի ձեռքերին: Այն դնում ենք տոպրակի մեջ, պինդ փակում բոլոր կողմերից ու դնում սառնարանը՝ 30 րոպեով: Որից հետո դուրս ենք բերում ու անցնում պատրաստման ընթացքին:

Եթե ջեռոցի մեծ կլոր տապակով եք որոշել պատրաստել, կամ մեծ ուղղանկյուն տապակով, ապա այս խմորը հենց այդքան էլ կլինի, մեկ մեծ կարկանդակ կստանաք,  եթե ավելի փոքր կլոր եք պատրաստելու, ապա բաժանեք երկու մասի, ստացեք երկու կլոր կարկանդակ՝ մոտավորապես 30 սկ տրամագծով:

Մեծ ուղղանկյուն կամ ջեռոցի մեծ կլոր տապակով պատրաստելու համար խմորը բաժանում ենք երկու մասին, մի մասը գրտնակում ենք ու տեղավորում տապակի մեջ: Պետք է հենց տապակի չափսով լինի: Վրան համափչափ տարածում ենք միջուկը: Մյուս գունդը գրտնակում ենք այնպես, որ տապակից մի փոքր մեծ լինի, սրանով էլ պետք է ծածկենք միջուկը, մեծ պետք է լինի, որ եզրերը անցկացնենք առաջին շերտի տակ ու ամրացնենք:

 

Միջուկի համար 5-6 խաշած ձվին ավելացնում ենք 1-2 կապ թարխունի միայն թերթիկներ՝ ոչ շատ մանր կտրատված: Կարելի է նաև կանաչ սոխ ավելացնել: Հրաշալի համադրություն կստացվի: Այս ամենը համեմում ենք աղ ու սև պղպեղով և վերջ. միջուկը պատրաստ է:

Երկու փոքր կարկանդակ պատրաստելու համար էլ խմորը բաժանում  նք երկու մասի: Յուրաքանչյուր մասն իր հերթին բաժանում ենք երկու մասի, ամեն մասը բարակ բացում ենք ցանկալի չափսով, ես 28 տրամագծով բացվող կաղապարի մեջ եմ պատրաստել, գրտնակել եմ համապատասխան չափսի, տեղավորել եմ կաղապարի մեջ, վրան միջուկի կեսն եմ տարածել , հետո գրտնակել եմ մյուս կեսն ու ծածկել դրանով: վրան քսում ենք  հարած դեղնուց+մի քանի կաթիլ ջուր կամ կաթ:

Թխել եմ 200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում՝ մինչ գեղեցիկ ոսկեգունելը:

Նույն կերպ ստացել եմ նաև երկրորդ կլոր կարկանդակը:

 

Պատրաստեք, ներդրեք ձեր աշխատանքի մեջ ձեր սերն ու ոգեշնչանքը:

Woman.am-ն էլ կօգնի կողմնորոշվելու ու հետաքրքիր հուշումներ գտնելու հարցում:

Մինչ նոր համեղ հանդիպումներ 😉