Խանդը զգացում է, ոչ թե հոգեբանական վիճակ: Մասնագետներն են պնդում:

Ինչից է առաջանում, ինչի կարող է հանգեցնել ու ինչ է կատարվում հարաբերություններում, երբ կա խանդը: Խանդն անվստահություն է, սեփականատիրական զգացումների արտահայտություն… Ոչ մի դրական բան:

Եթե խանդում է, ուրեմն սիրում է: Բայց հոգեբանները պնդում են, որ մեկը մյուսի հետ կապ չունի: Խանդը սեփականատիրական զգացումների արգասիքն է: Ո՞ւր մնաց այստեղ սերը:

Հարաբերությունների երկարատև պահպանման գրավականը փոխվստահությունն է: Այստեղ խանդի համար ուղղակի տեղ չկա: Եթե առաջացել է, անհրաժեշտ է արմատախիլ անել՝ նախ հասկանալով երևույթի ծագումն ու զուգընկերոջ մոտ դրա առաջացման նախադրյալները:

խանդ

Խանդի ավելի շատ հակված են անվստահ մարդիկ, ովքեր դիմացինների մեջ մշտապես փնտրում են մրցակիցներ: Ավելին, նրանք գրեթե միշտ իրենց արժանիքները ստորադասում են մյուսների նմանատիպ արժանիքներից:

՛՛Ինչո՞ւ նա քեզ այդքան երկար նայեց՛՛, ՛՛Ինչո՞ւ ես նրա հետ այսքան սիրալիր՛՛, ՛՛Ո՞ւմ համար են գեղեցկանում՛՛…

Ծանո՞թ իրավիճակներ են: Եթե այո, ապա մտածելու առիթ ունեք: Անինքնավստահ զուգընկերոջ հետ հոգեբանական աշխատանք տանելու ճիշտ ժամանակն է:

զուգընկեր

Փորձեք սերելիին ավելի շատ գեղեցիկ խոսքեր ասել, գովել նրա ամենաաննշան ձեռքբերումներն անգամ բոլոր բնագավառներում: Ձեր հարաբերություններում նրա դերը փորձեք ընդգծել՝ դիմելով նրան որևէ թեկուզ անկարևոր թվացող փոքրիկ հարցի  վերաբերյալ: Դա թույլ կտա նրան զգալ իրեն գերիշխող ու կարևոր դերում: Շատ կարևոր է նաև նման իրավիճակում, որ տղամարդը զգա իր իշխանությունը: Հարց լուծե՞լ է հարկավոր: Դու կարող ես դա, ոչինչ: Թույլ տուր նրան զգալ, որ իրենից բացի դա ոչ ոք լուծել չի կարող: Մի փոքր թույլ լինելը քեզ միայն կանացիոթյուն կհաղորդի, իսկ կողքիդ տղամարդուն՝ կավելացնի այն պակասող ինքնավստահությունն ու իրավիճակի նկատմամբ իշխելու հաճույքը:

Հաճախ թերարժեքության զգացում տղամարդկանց մոտ կարող է առաջանալ քիչ վաստակելու, կամ մասնագիտական առումով կնոջից ավելի ցածր դիրք գրավելու դեպքում: Այստեղ կարևոր է կնոջ մոտեցումն ու դիրքորոշումը: Եթե կողիքդ ուժեղ ու ինքնաբավ տղամարդ ես ուզում, շոյիր նրա ինքնասիրությունը, շեղիր նրա ուշադրությունը այլ հարցերի վրա, որտեղ նա ուժեղ է ու ավելի կարող, քան դու: Դու հաստատ նրա ուժեղ կողմերի մասին շատ բան գիտես:

Այնքան հեշտ է համատեղել հաճելին օգտակարի հետ:

Սա սակայն երբեք չպետք է ընկալել որպես թույլ ձևանալու անվերջ փորձերի շարան: Ամենևին, տղամարդիկ սիրում են ուժեղ կանանց, ուղղակի չափի մեջ, երբ իրենց չեն գերազանցում. Սահմանը զգալը խիստ կարևոր է:

Հետաքրքիր է, որ հոգեբանների կարծիքով մարդիկ ձեզ կարող են խանդել միայն այն բանի համար, որ մտահոգված են ձեր անվտանգությամբ: Սա, թերևս, խանդի ամենաանմեղ տեսակն է, որ կարող է լինել հարաբերություններում՝ անկախ այդ հարաբերությունների տեսակից:

Նման զգացում միմյանց նկատմամբ կարող են ունանալ ինչպես զույգերն, այնպես էլ ընկերներն ու ծնողները: Խանդի նման դրսևորում հաճախ կարելի է  նկատել նաև հայրիկների մոտ՝ իրենց դուստրերի նկատմամբ: Մայրիկների մոտ այս զգացումը հիմնականում մի փոքր այլ երանգավորում ունի և դրսևորվում է  ավելի հաճախ վախի, անհանգստության ու կպչուն մտքերի միջոցով: Մայրական խանդ երևույթը ևս բացառիկ չէ: Այստեղ, սակայն, տեսակավորումը տանում է դեպի տղամարդ-կին հարաբերություններում առկա խանդի տեսակները. մայրիկները տղայի կողքին այլ կին տեսնել չեն ուզում, իրենց անտեսված են զգում և լքված: Հիմնականում նման ձևով արտահայտվող խանդը առանձին ուսումնասիրության առարակա են ու արմատներով ավելի խորն են, քան կարելի է ենթադրել:

Խանդի զգացումը սեռերից յուրաքանչյուրը վերապրում է յուրովի: Կանայք ավելի հաճախ քան տղամարդիկ պատրաստ են աչք փակել կողակցի դավաճանության վրա՝ շեղելով իրենց խանութներով վազելով կամ տնային հաճելի հոգսերով: Սա սակայն ոչ բոլորին է հատուկ: Կանանց մյուս տեսակն էլ հակված է պարբերաբար հիշեցնելու խանդի օբյեկտի ու իր կասկածների մասին:

Տղամարդիկ խանդի մասին արտահայտվում են գրեթե միշտ ու ավելի քիչ են հակված ներելու զուգընկերոջը՝ հավատարմության դաշիքնը խախտելու դեպքում: Կրկին այդ սեփականատիրական զգացումները, որոնց ավելի շատ հակված է մարդկության ուժեղ կեսը:

Խանդի մասին շատ երկար կարելի է խոսել ու դասակարգել ՝ ըստ ծագման տեսակի ու աստիճանների: Հոգեբանները այս մասին դեռ շատ գրքեր կգրեն: Գիտակից մարդիկ, սակայն, իրենք են իրենց առաջին հոգեբանն ու բժիշկը: Բոլոր հարցերն էլ լուծում ունեն, միայն թե պետք է նախ և առաջ գիտակցել հարցի գոյությունը: Երբ հիվանդությունը ախտորոշված է, բուժումը միշտ կա: