Իհարկե, կուզեինք հավատալ, որ կան կանայք, ում հայտնի չէ դավաճանության ցավ: Սակայն սա ամենամեծ ինքնախաբեությունն է: Վիճակագրությունը փաստում է, որ չկա կին, ով կյանքում գոնե մեկ անգամ չի ապրել այս ողբերգությունը: Իհարկե, քիչ չեն կանայք, ովքեր զուտ սեփական հանգստությունից ելնելով պարզապես աչք են փակում այս երևույթի վրա: Ինչն անկասկած նման է ջայլամի քաղաքականության:
Դավաճանության փաստը հիմնվում է մարդու ներքին արժեհամակարգի ու բարոյական նորմերի ուրույն զսպանակների վրա: Բարոյականությունը մարդու բազային հոգեբանությունում է, որը հնարավորություն է տալիս հանգիստ ապրել՝ հստակ իմանալով գործողությունների ու որոշումների կայացման շրջանակը:
Հոգեբանության պրոֆեսոր Էլլիոթ Թուրիելի բնորոշմամբ, բարոյական նորմերը ապահովում են արդարության, իրավունքի, բարեկեցության, միմյանց նկատմամբ վերաբերմունքի հիմնարար սկզբունքները: Հենց այս սկզբունքներն ունենալով ենք մենք ապրում՝ կառուցելով մեր առօրյան ու հարաբերությունները:
Բարոյականության սկզբունքների համաձայն մենք զույգի միջև դավաճանությունը ոչ նորմալ ու սխալ ենք դիտարկում: Սա իհարկե չափազանց չոր բնորոշում է: Չէ՞ որ դավաճանությունը քանդում է, հիասթափեցնում ու կոտրում: Ինչու՞ ենք այսքան էմոցիոնալ ընդունում դավաճանության փաստը:
Հույզերը դավաճանության փաստի ուղեկիցներն են: Հենց դրանք են որակ ու ուժգնություն տալիս դավաճանության փաստին: Կոգնիտիվ զարգացման մասնագետները փաստում են, որ դավաճանություն գործելը, ինչպես նաև դավաճանության փաստով ի հայտ եկած արձագանքների ուժգնությունը միանշանակ կապված են մարդու հոգեկերտվածքի հետ:
Այնուամենայնիվ, ի՞նչն է կնոջ ու տղամարդու միջև դավաճանության ցավի պատճառը:
Ի վերջո, ո՞րն է ավելի ազնիվ: Հայտնել ու խոսել այդ մասին, թե թողնել ամեն ինչ բացահայտվի իր հունով:
Հատկանշական է, որ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք հակված են ծանր տանել դավաճանությունը: Անկախ այն հանգամանքից՝ փաստը նորություն է, թե ժամանակի ընթացքում հնարավոր էր կանխատեսել ու սպասել:
Տղամարդիկ դավաճանության հանդիպելիս պատրաստ են ֆիզիկական բռնության՝ ծեծել հակառակորդին, հաշվեհարդար տեսնել կնոջից, և այլն: Նրանք ոտնահարված են տեսնում սեփական արժանապատվությունը, ինչն էլ ծայրահեղ քայլերի է դրդում: Իհարկե, կախված հոգեբանական տիպից ու ընդհանուր բնույթից, նրանք հակված են նաև դեպրեսիաների՝ կրկին ծայրահեղ ելքով:
Կանանց պարագան փոքր-ինչ այլ է: Նրանք առավել հուզական են: Դավաճանության ամբողջ էմոցիոնալ բեռը նրանք կրում են միայնակ:
Մասնագետները փաստում են, որ իրականում ամուսնու կամ զուգընկերոջ դավաճանության մասին կինը զգում է: Չունենալով որևէ ստույգ տեղեկություն, չվերլուծելով ամուսնու վարքը՝ նա միևնույն է, համարյա վստահ է, որ կա մեկ ուրիշը: Սա ինտուիցիայի բարձր մակարդակ է: Ճիշտ է, սիրող կնոջ պարագայում երբեմն կանխազգացումները լռեցվում են հենց իր կողմից: Եվ միանում է հակազդեցությունը, մերժումը:Արդյունքում, նա երբեմն դուրս է գալիս իր բնական վիճակից, սկսում է ջանքեր թափել, օրինակ՝ ավելի գեղեցիկ ու երիտասարդ դառնալ է փորձում, հագնվում է առավել գայթակղիչ, ընտրում է սեքսուալ ներքնազգեստ: Ամենահաճախ հանդիպող գործողությունը՝ սկսում է նիհարել: Սակայն դավաճանության փաստն այնուամենայնիվ կայանում է: Իսկ միթե դեպի դավաճանություն ճանապարհը հնարավոր էր անցնել պայմանականորեն՝ մեկ օրում: Բնականաբար՝ ոչ: Դեպի դավաճանություն տանող ճանապարհն անցել է փոքրիկ րոպեական հիասթափություններով, ասենք՝ սխալ ընտրված հագուստ, անցանկալի ներքնազգեստ, մաշկից ու մազերից ճաշի հոտ, չհարդարված մազեր, անտաղանդ հարցեր, անհասկանալի զրույցներ ու հարցադրումներ… Սխալ կարծիք է իհարկե, թե այս ամենը հենց դավաճանության դրդող հանգամանքներ են: Պարզապես սրանք և նման այլ վիճակներ ժամանակի ընթացքում երկրորդային են դարձնում զույգի միջև էմոցիոնալ կապը: Ու որքան էլ ամուր ու խորքային լինի սերը և հավերժ թվա, միևնույն է՝ ինչ-որ պահի հաղթում էամենապարզ մարդկային գայթակղությունը: Տղամարդը հրապուրվում է այն բոլոր մանրուք թվացող հատկություններով, որոնք իր սիրելի կինը չունի կամ կորցրել է: Հոգեբանները սա միանգամայն բնական են համարում:
Դավաճանության դառնությունը կնոջը կարող է քայքայել: Որոշ դեպքերում դրա հակազդեցությունը փոխադարձ դավաճանությունն է: Ինչը միանգամայն անընդունելի է ու հղի վտանգներով: Պատասխան արարքը լինում է առավել ցավոտ ու կարող է հանգեցնել դեպրեսիաների:
Դավաճանության փաստն անխուսափելի է թվում: Սակայն դրանից ելք կա: Չեն դավաճանում այն մարդիկ, ովքեր հարգում են սեփական ընտրությունը, իսկ սիրո դադարը կամ բացակայությունը մատուցում են խելամիտ ու քիչ ցավալի:
Սիրելի կանայք, մի՛ խելագարվեք այն դեպքում, երբ հայտնաբերել եք դավաճանության փաստը: Մի՛ նախաձեռնեք հիսթերիաներ ու մի՛ գոռգոռացեք ձեր ամուսնու վրա, մի՛ պահանջեք պատիվ ու պատասխան: Մեծ նշանակություն ունի ինքնատիրապետումը: Պետք է խորապես հասկանալ իրավիճակը: Ո՞վ է ձեր ամուսնու նոր հետաքրքրության օբյեկտը: Հավատացեք, բացարձակ կարևոր չէ: Անգամ կարևոր չէ, թե ինչ է գտել ձեր ամուսինը նրա մեջ, որը բացակայում է ձեր մեջ: Ամուսնու դավաճանությունը ներելու իրավունքը կնոջն է: Եթե խելամիտ եք ու սիրում եք ձեր ամուսնուն, միանշանակ ներեք նրան ու շարունակեք պահպանել ընտանիքը, կապը: Մտայնությունը, թե մեկ անգամ դավաճանողը կրկին կանի, բնական է, սակայն ոչ միշտ է օրինաչափ: Հարաբերությունները կարող են լիարժեք շարունակվել, եթե կինը խելամտորեն հաղթահարի բացասական էմոցիաները, կարող է փրկել հարաբերությունները: Սակայն ան դեպքում, երբ հույզերը հաղթահարված չեն, լավագույն տարբերակ է հարաբերությունները դադարեցնելը: Հակառակ դեպքում անվերջ բախումները, փոխադարձ վիրավորանքներն ու տառապանքը կթունավորեն կյանքը՝ կասեցնելով հնարավոր զարգացումներն ու երջանկության հնարավորությունը:
Արաքսյա Շահսուվարյան
հոգեբան




