Երեք տարեկանի ճգնաժամը. Ինչպե՞ս օգնել

Առհասարակ ճգնաժամը, մասնավորապես՝ երեք տարեկանի ճգնաժամը, երեխայի համար վատ չէ, քանի որ կյանքում նա ոչ առաջինն է, և ոչ էլ վերջինը, ով ինքնահաստատաման փորձեր է անում:  Ճգնաժամն անհրաժեշտ է երեխայի ներդաշնակ զարգացման համար: Երեք տարեկանում երեխայի մոտ արդեն ի հայտ է գալիս ինքնագնահատականը, ինչպես նաև «ես»-ի ճանաչումը: Այլ կերպ ասած, երեխայի համար միայն ծնողների սերը բավական չէ. նա ցանկանում է ինչ-որ բան անել, փոխել աշխարհը: Այս շրջանում  հաճախակի կրկնվող արտահայտություններն են՝ «ես կանեմ», «ես արդեն մեծ եմ» և այլն: Երեխայի վարքում ծնողները կարող են նկատել մեկուսացում, ինչը  բնական է: Քանի որ երեխայի մոտ մեծանում է  ակտիվությունը,  ծնող-երեխա նոր հարաբերությունների ձևավորման բացակայությունը սահմանափակում է երեխայի անկախությունը, ինչն էլ հանգեցնում է ճգնաժամի: Այդ  ճգնաժամի հիմնական ախտանշաններն են՝

  • Նեգատիվիզմ: Երեխան բացասական արձագանք է տալիս այն ամենին, ինչն առաջարկվում է մեծահասակի կողմից: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա մերժում է, քանի որ մեծահասակն է առաջարկել:
  • Համառություն: Երեխան արձագանքում է ոչ թե  առաջարկին, այլ  սեփական որոշմանը:
  • Ինքնակամություն: Երեխայի մոտ նկատվում է անկախություն, և նա  ցանկանում է ամեն ինչ ինքնուրույն անել: Սա վերաբերում է նաև առօրյա գործողություններին:
  • Բողոք-ընդվզում:  Սա  դրսևորվում է  ծնողների հետ հաճախակի վեճերով: Թվում է՝ երեխան մշտական կոնֆլիկտի մեջ է շրջապատի հետ, բողոքում է ամեն ինչից,  որն էլ հանգեցնում է  ամենօրյա կոնֆլիկտների:

Երեք տարեկանի ճգնաժամը հաղթահարելու համար ծնողները պետք է խելացի վարվեն և երեխային հակադրվելու փոխարեն նրան ընտրության հնարավորություն տան: Չի՞ ցանկանում, որ մաքրեք սենյակը, միգուցե, նա ինքն է ուզում անել: Թույլ տվեք նրան փորձել:  Ճգնաժամը սրվում է  հատկապես այն ժամանակ, երբ ծնողները, անտեսելով երեխայի ցանկությունները, սահմանափակում են նրա ազատությունը և շարունակ վերահսկում: Մասնագետների համոզմամբ՝ ճգնաժամը հաղթահարելու համար պարզապես պետք  է ստեղծել նոր հարաբերություններ, որոնք  հաշվի կառնեն երեխայի ցանկությունները, և դրանց բավարարման հնարավոր ուղիները:

 

Leave a Comment