Շոկոլադային այս համեղ ու փափուկ խմորեղենը ծնվել է պատահական, երբ ինձ պես շոկոլադի սիրահար տղաս մտավ խոհանոց ու հայտարարեց, որ փափուկ մի բան է ուզում ու որ ունենա շատ համով շոկոլադի համ ու հոտ: Դե մայրիկին էլ ինչ է մնում. բացել սառնարանը, ուսումնասիրել առկա մթերքն ու ստեղծել պահանջվածը: Արդյո՞ւնքը.. ահա այն:
Եթե ձեր տանն էլ կան շոկոլադասերներ, առաջարկում եմ միանալ ինձ:
Woman.am –ի խոհանոցում արդեն պատրաստ են հետևյալ բաղադրիչները.
6 ձու
1 լիքը բաժակ շաքարավազ
3 ճ գդալ հալեցված կարագ
200 գ գոլացված մածուն կամ թթվասեր (ես մածունի ու թթվասերի խառնուրդ եմ օգտագործել)
Ըմպելի տաք շոկոլադի փոշի՝ եռման ջրով բացված
4 ճ գդալ կակաո
Կես տուփ խտացրած կաթ
1 թ գդալ սոդա
Ալյուր
Կրեմի համար
250 գ կարագ
Կես տուփ խտացրած կաթ
2 ճ գդալ կակաո+ ձիթայուղ
Մինչ սկսելը չմոռանամ հիշեցնել, որ իմ բոլոր բաղադրատոմսերին, մշակումներին ու խորհուրդներին ծանոթանալու համար կարող եք միանալ իմ Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան խմբին:
Սկսեցինք:
Մեծ հարմար թասի մեջ հարում ենք սենյակային ջերմաստիճանի ձուն և շաքարավազը: Հարում ենք այնքան, միչ փքուն, թեթևոտ զանգված ստացվի: այնուհետև ավելացնում ենք կես տուփ կրկին սենյակային ջերմաստիճանի խտացված կաթն ու 2-3 ճ գդալ եռման ջրով բացված ու գոլացված որևէ լուծվող սուրճ կամ տաք շոկոլադի փոշի ու լավ խառնել: Ես օգտագործել եմ հենց Горячий шоколад: Ավելացնում ենք նաև տաքացված մածունը:
Այնուհետև հալեցնում ենք կարագն ու ավելացնում նշված քանակությամբ կակաոն: Զանգվածը նորմալ խառնել կարողանալու համար կարող եք 1-2 ճ գդալ ձիթայուղ ավելացնել:
Ստացված զանգվածին ավելացնում ենք մաղած ալյուր և սոդա՝ միասին: Խառնում ենք ոչ շատ, այնքնա, որ բողոդրիչները լավ խառնվեն:
Սոդայով խմորներն առհասարակ ալյուրն ավելացնելուց հետո ցանկալի չէ երկար խառնել, որ ռեզինանման զանգված ու հետո նաև խմոր չդառնա:
Ալյուրի քանակը չեմ նշում, քան որ ձուն չենք ավելացնում գրամներով: Ուղղակի արեք այնպես, որ խմորը լինի թույլ, որ տապակի մեջ լցնեք, ոչ թե քսեք, տապակը թեքելով խմորն ինքն իրեն հավասարվի: Այս խմորը պինդ պատրաստելու դեպքում թխվելիս անհավասար է ստացվում, թույլ լինելու պարագայում հավասար շերտեր են դուրս գալիս:
Թխում ենք անպայման յուղաթղթով, 200 աստիճան ջերմաստիճան նախապես տաքացված ջեռոցում՝ մինչ պատրաստ լինելը: Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով:
Ջեռոցից դուրս բերելուց հետո յուղաթուղթը հանել չշտապեք, դա անում ենք մի քանի րոպե անց:
Յուղաթուղթը հանելուց հետո շերտերը դնում ենք սրբիչի վրա մինչ սառելը, հակառակ դեպքում սինու կամ տախտակի վրա դնելու դեպքում խմորը կխոնավանա ու կկպնի մակերեսին:
Ես պատրաստել եմ երկու շերտ: սկզբում ցածր կթվան, մի վախեցեք: Մի քնաի ժամ անց ծակոտիները կբացվեն ու ավելի բարձևր կերևա: առհասարակ, խմորեղենի իրական բարձրությունը երևում է միայն ժամեր անց ու այն էլ միայն կտորների բաժանելուց հետո: ամբողջական շերտով այն միշտ ավելի ցածր է թվում. Ինքս շատ եմ անհանգստացել տարբեր տեսակի խմորեղեն պատրաստելիս, հիմա արդեն նախապես իմանալով՝ հանգիստ եմ ու ավելի վստահ:
Երկու փափուկագույն շերտերը թխելուց հետո դրանք իրար միացնում ենք կրեմով, վերջին շերտին ևս կրեմ ենք քսում ու ձևավորում ինչպե սկամենանք:
Ես ձևավերոլ եմ շերտերի եզրերից դուրս բերված երիզների փշուրների ու կակաոյի խառնուրդով: Կարող եք օգտագործել նաև շոկոլադի քերուկ, ջնարակ կամ ուղղակի շաղ տալ կակաո:
Իսկ կրեմը պատրաստում ենք հետևյալ կերպ:
200 գ կարագը լավ հարում ենք՝ մոտ 2-3 րոպե: Դրանից հետո քիչ-քիչ ավելացնում ենք խտացրած կաթն ու ձեթով բացված 2 ճ գդալ կակաոն:
Կրեմը պատրստելիս բոլոր բաղադրիչները պետք է լինեն միևնույն ջերմաստիճանի, հակառակ դեպքում կրեմը կկտրվի: Ձիթայուղով կակաոն ավելացնելու դեպքում կրեմի կտրվելու հավանականությունը փոքրանում է:
Ահա այսքանը: Հեշտ արագ պատրաստվող խմորեղեն է:

Երկար-բարակ գրեցի, քանի որ ցանկանում եմ ամեն անգամ կիսվել իմ փորձով ու նախազգուշացնել հնարավոր ցանկացած ելքի մասին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ՝ woman.am –ի խոհանոցում:
սիրով ձեր՝ Արուսյակ Հոխիկյան



