Տոնական տորթ

Երբ առաջիկա օրերին մեծ իրադարձություն է սպասվում, կամ պետք է նշեք հարազատներից որևէ մեկի ծննդյան օրը, տորթ թխելու կամ գնելու երկընտրանքի մեջ առաջարկում եմ նախապատվությունը տալ թխելու տարբերակին: Մենք ձեզ կօգնենք այդ հարցում:

Ջանքեր ու ժամանակ կներդնեք, իհարկե, բայց արդյունքով բավարարված՝ հաստատ կմոռանաք դրա մասին:

Եթե սիրում եք փորձարկումներ անել, ապա գնացինք: Այսօր պատրաստելու ենք միայն շերտերը, կրեմն ու գանաշը, տորթի ձևավորման դետալների մասին կխոսենք առանձին:

Խմորի համար

5 ձու

200 գ շաքարավազ

3 ճաշի գդալ արհեստական մեղր կամ մուրաբայի խիտ օշարակ

100 գ կարագ

3 ճաշի գդալ ձեթ

1 թեյի գդալ սոդա

1 ճաշի գդալ քացախ

3.5-4 բաժակ ալյուր

Կրեմի համար

500 գ սերուցք

1 բաժակ շաքարի փոշի

1 ճաշի գդալ ժելատին

Եփովի կրեմի համար

400 գ կաթ

3 դեղնուց

3 լիքը ճաշի գդալ եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա

1,5  բաժակ շաքարավազ

վանիլին

Շոկոլադային ծածկույթի համար

70 գ սերուցք

90 գ շոկոլադ

2-3 թեյի գդալ ձեթ

1-2 ճաշի գդալ կոնյակ

Անցանք գործի, աշխատանքը շատ է:

Մինչ այդ հուշեմ, որ իմ մուս բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group հասցեով:

Ջրային բաղնիքի վրա ենք դնում ձուն, շաքարավազն ու մեղրը, խառնելով սպասում ենք մինչ շաքարավազը հալվի, ավելացնում ենք կարագն ու ձեթը, խառնում: Հենց կարագը հալվի, խառնում ենք ևս 1-2 րոպե ու ավելացնում սոդան, մի լավ խառնում ենք ու վերցնում կրակից: Ավելացնում ենք նաև քացախը, խառնում ու մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր: Խառնում ենք մինչ համասեռ զանգված ստացվի ու թողնում ենք մի 20-30 րոպե հանգստանա, սառի: Ես այս ընթացքում խմորը փակ ամանով դնում եմ սառնարանը, պահում եմ մի 20 րոպե, հետո դուրս եմ բերում, ավելացնում մնացած ալյուրը, ստանում եմ ինձ անհրաժեշտ խտությունն ու սեղանին թողնում հանգստանալու ևս մի 10 րոպե՝ սրբիչով ծածկված:

Այժմ ժամանակն է միացնել ջեռոցը, որ տաքանա: 180 աստիճան է հարկավոր:

Մենք բացում ենք առաջին գունդը:

Ասեմ, որ ես խմորը բաժանել եմ 5 գնդի, ստացել եմ 26 սմ տրամագծով 5 շերտ: Ավելին խորհուրդ չէի տա, քանի որ ներքևի հարկի կրեմի վրա շատ մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում: Կրեմն այս քանակի համար լիովին բավարար է:

Խմորը գրտնակել եմ սեղանին, հետո տեղափոխել եմ յուղաթղթի վրա, հարմար չափսի կափարիչը դրել եմ վրան ու եզրերով կտրել, ստացել եմ իմ ուզած չափսի շրջան: Ասեմ, որ թե սեղանին կտրեք կլորն ու հետո տեղափոխեք յուղաթղթի վրա, վտանգ կա, որ այն տեղափոխելիս կտձևանա ու իդելական կլոր չի լինի: Ուստի արեք այնպես, որ կտրելուց հետո էլ չտեղափոխեք: Կարեղ եք կտրել ջեռոցի տապակի հակառակ կողմի վրա ու հենց այդպես էլ թխեք:

Թխելուց առաջ լաաավ ծակծկեք, որ շերտերը հարթ ստացվեն: Շերտերն աշխատեք բարակ գրտնակել, որ թեթև ստացվեն, տեսքից էլ գեղեցիկ լինեն:

Հերթով թխում ենք բոլոր շերտերն ու անցնում կրեմին:

Ասեմ, որ այս պանհին արդեն լավ կլինի ունենալ պատրաստի եփովի կրեմը, որը սառած կլինի:

Եփովի կրեմը պատրաստելու համար փոքրիկ կաթսայի մեջ իրար ենք խառնում դեղնուցը, շաքարավազն ու օսլան, մի քանի ճաշի գդալ կաթ ենք ավելացնում, որ լավ խառնվի: Լավ խառնելուց հետո ավելացնում ենք 400 գ եռման կաթը, խառնում ենք, դնում կրակին ու եփում մինչ լավ պնդանալը: Երբ այս զանգվածը սառի, պատրաստում ենք ժելատինը:

Այն թրջում ենք մի սուրճի բաժակ սառը կաթով կամ ջրով, թողնում ենք ուռչի: Հենց լավ ուռի, գոլորշու կամ թույլ կրակի վրա պահում ենք, որ լավ թուլանա:

Տաք ժելատինը թողնում ենք հովանա, արագ հարում ենք սերուցքն ու շաքարի փոշին, ստանում ենք պինդ կրեմ:

Գոլացած ժելատինը խառնում ենք եփովի կրեմին, հարիչի կարիք չկա, ու այս խառնուրդի վրա քիչ-քիչ ավելացնում ենք հարած սերուցքը: Խառնում ենք զգուշորեն, առանց հարիչի:

Ահա և վերջ, կրեմը նույնպես պատրաստ է:

Շերտերն իրար ենք միացնում այս կրեմով: Եթե նույն տեսակի ձև եք ուզում ստանալ, կրեմը լցրեք ձևավորման տոպրակների մեջ, որի գլխիկը պետք է նախշավոր չլինի, ուղիղ կտրվածքով:

Շերտերն իրար վրա դասավորելուց հետո պատրաստում ենք շոկոլադային ծածկույթը, որով ծածկելու ենք վերին շերտը:

Սերուցքը դնում ենք կրակին, հենց հասնի եռման աստիճանի, վերցնում ենք կրակից, ավելացնում մանրացված շոկոլադը, խառնում ենք, որ հալվի, թե չհալվեց, կարելի է մի փոքր պահել գոլորշու վրա, հետո ավելացնում ենք ձեթն ու կոնյակը: 40 աստիճանին մոտ ջերմաստիճանի ենք հասցնում, երբ գոլից քիչ տաք է: Տարածում ենք վերին շերտի վրա ու թողնում, որ ամրանա:

Ահա և վերջ, գեղեցիկ տորթը պատրաստ է: Ձևավորեք՝ առիթին համապատասխան: Ես ձևավորել եմ մակարոն կոչվող թխվածքաբլիթներին նմանվող թխվածքով, որի մասին կպատմեմ առաջիկա հանդիպումներից մեկի ժամանակ: Օգտագործել եմ նաև բեզե ու շոկոլադե դեկորներ:

Երբ սիրելիների համար անակնկալ ենք պատրաստում, ներդնում ենք մեր ողջ սերն ու հմտությունները:

Պատրաստեք և ուրախացրեք բոլորին, իսկ woman.am-ը կօգնի ձեզ այդ հարցում:

 

Մինչ նոր համեղ հանդիպումներ: