Ախ այդ բարձրակրունկ կոշիկները, որոնք ցանկացած կնոջ կարող են դարձնել ուժեղ սեռի երազանքի հերոսուհին: Կանայք սա լավ գիտեն ու ամեն գնով փորձում են հաղթահարել այս կոշիկների առաջացրած անհարմարություններն ու կրել դրանք՝ ինչ գնով էլ լինի:

բարձրկրունկ

Հաճախ, այդ ՙՙինչ գնով էլ լինի՚՚ մոտեցումն ուղղակի ծայրահեղ դրսևորումների է բերում:

Դրա վառ օրինակը Եվրոպայում իրականացվող լուրջ միջամտություներն են:  Ոտնաթաթի որոշակի հատվածում բժիշկներն այսօր արդեն հաճախորդի պահանջով կոլլագեն նյութն են ներարկում, որը թույլ է տալիս չզգալ այս ցանկալի կոշիկի անհարմարությունները: Բոտեքսի միջամտությամբ ևս ամեն ինչի պատրաստ գեղեցկուհիները փորձում են ժամանակավորապես ազատվել ոտնաթաթի ցավերից ու այտուցներից:

Նույնիսկ հատուկ սիլիկոնե ներդիրներ են արտադրվում կոշիկ առաջարկող ընկերությունների կողմից, որոնք թույլ են տալիս երբեմն խիստ անհարմար կոշիկները դարձնել քիչ թե շատ տանելի:

Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր կնոջ ոտքի համար անհատական է կրունկի թույլատրելի բարձրությունը: Նույնիսկ հատուկ բանաձևեր են դուրս բերվել: Դրանց համաձայն ոտքի չափսը եթե բաժանենք 7 գործակցի վրա, կստանանք կրունկների՝ մեզ համար օպտիմալ չափսը: Այս թիվը միջինում տատանվում է 3-5 սմ-ի միջև: Սա, իհարկե, բարձրակրունկ չէ, բայց, ստացվում է, որ մեր ոտքերի համար բարձրակրունկի օրթոպեդիկ իմաստով օպտիմալ չափս գոյություն չունի:

Ավելին, 7 սմ-ից բարձր կոշիկի հաճախակի կրելը բերում է ոչ միայն ոտնաթաթի դեֆորմացիայի, այլ նաև հանգեցնում է ողնաշարի ճողվածքի առաջացմանը՝ դրանից հետևող բարդություններով:

Ապացուցված է, որ ոտնաթաթի ձևավորման փուլն ավարտվում է 23 տարեկանում, դա նշանակում է, որ մինչ այդ տարիքը բարձրակրունկ կոշիկներ հագնելն ուղղակի թույլատրելի չէ: Այս մասին ահազանգում են բժշիշկները, մինչդեռ ամսագրերից մեզ ժպտացող բարձրակրունկներով դեռահաս աղջիկների գրավիչ լուսանկարները թույլ չեն տալիս մտածել նման ՙՙմանրուքների՚՚ մասին:

Բարձրակրունկի օրթոպեդիկ իմաստով օպտիմալ բարձրությունն, փաստորեն, այնքան էլ բարձր չէ, մնում է հաշվել մեր ոտքերի համար տանելի բարձրությունը, սմ-եր, որոնք մեծ ցանկության դեպքում կարելի է հաղթահարել:

Այսպես, ուրեմն, ձգում ենք ոտնաթաթն ու պահում հատակին զուգահեռ հարթության վրա: Հիմա փորձեք չափել ձեր կրունկից մինչ ոտնաթաթի բարձիկներն ընկած հատվածը: Ստացա՞ք: Ուրեմն մտապահեք ու կոշիկ գնալիս առաջնորդվեք դրանով: Իմացեք, որ ձեզ համար այդ չափսից բարձր կոշիկը ոչ միայն անհարմար կլինի, այլ գուցե նաև անհաղթահարելի ու խիստ վտանգավոր:

Այս ամենը լավ գիտակցելով, բայց միևնույն ժամանակ նուրբ բարձրակրունկների վրա փայլել ցանկացողներին խորհուրդ է տրվում ունենալ փոխելու համար ևս մեկ կոշիկ՝ հարմար կրունկներով: Եթե սրա հնարավորությունը չկա, ապա կոշիկները հնարավորության դեպքում հանեք մի քանի րոպեով, ձգեք ոտնաթաթը դեպի ձեզ, այնուհետև թուլացրեք այն, կանգնեք ոտնաթաթերի վրա, մի քանի անգամ ձգվելով հնարավորինս վերև, հետո իջեք կրունկների վրա ու թուլացրեք մկանները: Կրկնեք սա ամեն հնարավոր պահի:

Իսկ եթե նոր եք սովորելու կոշիկի բարձունքը հաղթահարել, ցանկալի չէ նոր կոշիկներով գնալ որևէ կարևոր հանդիպման կամ միջոցառման: Ձեր անվստահ քայլը մարդկանց աչքից չի վրիպի,և կհայտնվեք ՙՙանճոռնի ճուտիկի՚՚ կարգավիճակում: Փորձեք կոշիկների վրա քայլել սովորել կարճ զբոսանքների ժամանակ, երբ ցանկացած պահի կկարողանաք փոխել դրանք:

Մոդելային գործակալություններում մոդելներին խելահեղ բարձրության կոշիկների վրա քայլել սովորեցնելու համար դիմում են հետաքրքիր շատ մեթոդների: Մոդելները երբեմն ժամերով ստիպված են լինում քայլել՝ գլխին որևէ ծանր առարկա դրված: Փորձությունը հաղթահարված է համարվում, երբ քայլելու տարածքությունը անցնելուց հետո մոդելը շարունակում է վստահորեն գլխին պահել այդ առարկան: Սա արդեն նշանակում է, որ նա սովորել է բարձրակրունկներով հավասարակշությունը պահել: Ուսուցման տեսանկյունից կարևոր է, քանի որ հավասարակշռության բացակայությունն առաջինն է, որ խանգարում է մեզ երբեմն գեղեցիկ ու վստահ քայլել:

սեր

Փորձեք աշխատել ինքներդ ձեզ վրա, հաշվի առեք ձեր հնարավորություններն ու ֆիզիկական առանձնահատկությունները: Որքան էլ բարձրակրունկները լինեն գայթակղիչ ու եթերային, միևնույն է, ոչ մի տղամարդ երբևէ չի հմայվի այդ կրունկների վրա մի կերպ անփույթ քայլող, կռացած կնոջով:

Ժպտացեք, եղեք թեթև ու ինքնավստահ: Գեղեցկության դեղատոմսն այնքան հեշտ է: