Տրյուֆել՝ տնական
Advertisementjobs.am

Շոկոլադային դրախտի մի քանի տոմս ունեմ: Ո՞վ է ինձ հետ գալիս: Տնական համով-հոտով տրյուֆել ենք պատրաստելու մեր խոհանոցում: Հրավիրում եմ բոլորիդ:

Եթե անհամբեր եք, ապա անմիջապես գրանցեք բաղադրիչներն ու սկսենք: Մեզ այսօր այդ հարցում օգնելու է Դիանա Հարությունյանը, ով էլ սիրով տրամադրել է բաղադրատոմսը:

1 ձու

1 տուփ կարագ կամ մարգարին

0.5 թեյի գդալ սոդա

2 ճաշի գդալ գոլ ջուր

Ալյուր

Վանիլին՝ ըստ ցանկության

Կակաո, շաքարի փոշի՝ պատրաստի տրյուֆելները թաթախելու համար

 

Անցանք գործի:

Որևէ հարմար ամանի մեջ կոտրում ենք ձուն, հարում ենք հալեցված ու արդեն գոլ կարագի հետ, ավելացնում ջուրը: Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացնում ենք իրար խառնած սոդան ու ալյուրը: Ալյուրն այնքան պետք է լինի, որ ստացվի ձեռքերին չկպչող, պինդ խմոր:

տրյուֆել

Տեսաք՝ ինչ հեշտ պատրաստվեց:

Հիմա այս խմորից գեղեցիկ տրյուֆելի տեսք ենք տալիս՝ բուրգիկների պես,  կարելի է  նաև գնդիկներ անել, քանի որ տրյուֆել անունն այս անուշեղենը ստացել է համանուն շատ թանկարժեք սնկից, որը ոչ իդեալական կլոր տեսք ունի:

Տրյուֆելները տեղավորում ենք յուղաթղթով տապակի վրա և թխում 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում: Ուշադիր եղեք, տրյուֆելները չպետք է շատ կարմրեն:

Ահա և վերջ: Պատրաստի թխվածքաբլիթները դուրս ենք բերում ջեռոցից: Թողնում ենք սառեն: Այս ընթացքում պատրաստում ենք կակաոյի ու շաքարի փոշու խառնուրդը:

Մեկ բաժին շաքարի փոշուն ավելացնում ենք 1.5 բաժին կակաո: Այսինքն՝ 4 ճաշի գդալ շաքարի փոշուն ավելացնում ենք 6 ճաշի գդալ կակաո: Լավ խառնում ենք: Այս խառնուրդի մեջ լավ բոլոր կողմերից թավալում ենք տրյուֆելները:

Վերջնական գեղեցիկ տեսքի համար խորհուրդ եմ տալիս ամենավերջում իրարից ոչ շատ հեռու շարել տրյուֆելներն ու վրան ավելացնել կակաո կամ նույն խառնուրդից՝ այս անգամ մաղելով: Սա վերջնական հարթ շերտի համար է:

Կա ևս մեկ տարբերակ: Տրյուֆելները կարող եք դուրս բերել ջեռոցից, տաք վիճակում թավալել կակաոյի ու շաքարի փոշու խառնուրդի մեջ: Այս պարագայում փոշին կթացանա խմորի տաքությունից, ոչինչ, այն ավելի լավ կամրանա խմորին: Թողնում ենք սառեն, որից հետո արդեն վերջնական դրանց վրա շաղ ենք տալիս նույն խառնուրդից:

Պատրաստեք ու հրավիրեք բոլորին սուրճի:

Ի դեպ, տրյուֆելների հետ ափսեի մեջ շատ գեղեցիկ է լինում ռաֆաէլլոն՝ հեշտ ու շատ հարմար տարբերակով պատրաստված:

Woman.am-ի էջերում փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու սպասեք նորույթներին: Առաջիկայում հեշտ, շատ մատչելի ռաֆաէլլո ենք պատրաստելու:

Մինչ նոր համեղ հանդիպումներ 😉