Նոր թխված, թարմ  կռուասաններ և դարչինով կապուչինո… Քաղաքի բանուկ մի հատվածի փոքրիկ սրճարանում՝ ճաշակով երաժշտության ուղեկցությամբ:

Իսկ ով ասաց, որ դրախտային այս վայելքը չի կարելի կազմակերպել տանը՝ հանգիստ բազմոցին նստած. կոպուչինոն կա, լավ երաժշտությունը կա, իսկ այ թարմ թխված կռուասանի մասին մենք ենք հոգացել, որ լինեն, ոչ միայն թարմ ու համեղ, այլ նաև տնական և ամենակարևորը՝ սեփական արտադրության:

Վայելելուց առաջ սակայն  նախ հարկավոր է մի փոքր աշխատել: Գայանեի առաջարկած տարբերակով կռուասան ենք պատրաստելու՝ հեշտ ու շատ համեղ:

Թասի մեջ մաղում ենք 3 բաժակ ալյուրը, ավելացնում ենք մեկ ձվի դեղնուց, 1 թեյի գդալ աղ, 1 սուրճի բաժակ ձեթ, 1 սուրճի բաժակ շաքարավազ, 2 թեյի գդալ խմորիչ: Մի մեծ բաժակի մեջ իրար ենք խառնում կես բաժակ գոլից տաք ջուրն ու գոլ կաթը և ավելացնում մեկ թեյի գդալ շաքարավազ, խառնում ենք, ավելացնում խմորին: Լավ հունցում ենք, դնում  որևէ տաք տեղ, տաք-տաք ծածկում ու թողնում ենք որ հասունանա: Հասունանալուց հետո  էլ մեկ անգամ վրահունց ենք անում:

Տնական կռուասաններ

Վերջնական հասունանալուց հետո խմորը երկար ու մի քիչ լայնոտ  գրտնակում ենք սեղանի վրա, վրան աշխատում ենք հավասարաչափ քսել  200 գ փափուկ, լավ թույլ կարագը: Այնուհետև երկու կողմերից  խմորը բերում ենք մեջտեղ, որից հետո նորից այն ծալոււմ ենք այս անգամ արդեն գրքի պես, փաթաթում ենք սննդային թաղանթով կամ տոպրակն ենք դնում ու 15 րոպեով դնում սառնարանը: 15 րոպե անց հանում ենք, կրկին գրտնակում, ծալում ու, կրկին տեղավորում սառնարանում: Այսպես երեք անգամ: Վերջին բացելուց արդեն կարելի է ձևավորել և թխել: Կարելի է օգտագործել ցանկացած միջուկ՝ թե քաղցր, և թե, օրինակ՝ մսային:

Շատ հարմար ու համեղ խմոր է, հեղինակը երաշխավորում է ու նշում ամենակարևոր.  խմորը կարելի է պատրաստել նախապես ու մոտ մեկ ամիս պահել սառնարանում:

Հարմար է, հեշտ ու հաստատ շատ համեղ: Աշխատանքային ժամն ավարտվեց, այժմ հանգիստ կարելի է վայելել, կապուչինոն սառչում է 😉

Հաջորդ սուրճի սեղանի համար Woman.am-ը նոր տարբերակներ ունի.  փնտրեք մեր էջերում ու հետևեք թարմացումներին: