Advertisementjobs.am

Տարբեր գույնի ու նրբերանգի դիմափոշու և տոնային քսուքի միջոցովմասնագետները  նույնիսկ կարողանում են փոքրացնել քիթն ու դեմքին նոր ձև հաղորդել՝ բառացիորեն նկարելով այտոսկրեր անգամ , եթե դուք դրանցից լիովին զուրկ եք:

Որքան էլ տարածված լինեն դիմահարդարման այս կամ այն միջոցները, միշտ առաջին տեղում է ինքը՝ ամենակարող շրթներկը:

Պարզվում է` շրթներկից սկսել են օգտվել դեռ վաղնջական ժամանակներից: Հիշատակումներ կան հին Եգիպտոսում շրթներկի օգտագործման մասին, ի դեպ, այս գեղարարական միջոցից օգտվել են նաև տղամարդիկ՝ հաճախ զբաղեցրած պաշտոնն ու դիրքն ընդգծելու և հասարակ մահկանացուներից տարբերվելու համար:

Եգիպտացիներն այնքան են կարևորել իրենց կյանքում շրթներկի դերն ու նշանակությունը, որ անգամ հանդերձյալ աշխարհ են իրենց հետ վերցրել այն: Դամբարաններում գտածոների մեջ քիչ չեն թանկարժեք տուփերով ու թանկարժեք յուղերից, անգամ թանկարժեք քարերի փոշուց պատրաստված շրթներկերը:

Հին Հունաստանում, սակայն, շրթներկի առկայությամբ սովոր են եղել տարբերելու սիրո քրմուհիներին: Այս հին մասնագիտության տեր կանայք իրավունք չունեին տանից դուրս գալո առանց շրթներկի, քանի որ համարվում էր, այդպիսով սովորական կնոջ կերպարում նրանք կարող էին մոլորեցնել ու թակարդը գցել ոչինչ չկասկածող տղամարդուն:

Չնայած նման սահմանափակումների ու հատուկ նշանակության` այստեղ ևս շրթներկի հաղթարշավը շարունակվել է:

Կռվախնձոր արտահայտության ծագումը որոշոկիորեն կապված է հենց շրթներկի հետ: Ասում են, որ երբ երեք դիցուհիներ՝ Աֆրոդիտեն, Հերան և Աթենասը, վիճել են, թե ով է իրենիցից ամենագեղեցիկը, թագաժառանգ Պարիսը նախապատվությունը տվել է Աֆրոդիտեին՝ այսպիսով հաղթանակ շնորհելով նրան այս վեճում: Նշվում է, որ սիրո աստվածուհին Պարիսի վրա ներգործել է հատկապես դիմափոշու ու գեղեցիկ շրթներկի շնորհիվ:

Կաթոլիկ եկեղեցին տարիներ շարունակ արգելել է ու անընդունելի համարել շրթներկի կիրառությունը: Համարվում էր, որ նման կերպ կինը հեռանում է Մարիամ Աստվածածնի օրինակելի կերպարից ու աղավաղում այն:

Շրթներոկով կինը բոլոր ժամանակներում այնքան գայթակղիչ է ու ցանկալի, որ Ինկվիզիցիայի դարաշրջանում անգամ շրթներկով կանայք վհուկ են համարվել:Այդ ժամանակաշրջանում շրթներկ օգտագործող շատ կանայք ցուցադրաբար այրվել են խարույկի վրա՝ ի ցույց մյուս կարգազանց կանանց:

Չնայած այս միջոցի նկատմամբ երբեմն խիստ ծայարհեղական մոտեցման ու արգելքների` շրթներկը գոյատևել է մինչ մեր օրերը:

Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբն Մեծ Բրիտանիայում դիմահարդարման միջոցների արտադրությունն ամբողջությամբ արգելված էր, Ուինսթոն Չերչիլի պահանջով արտադրվում էր միայն  շրթներկը: Զինվորին մարտական ոգին բարձր պահելու համար էր. ժամանակի հրամայականն էր: Այստեղ են ասել՝ գեղեցկությունը հզոր ուժ է:

Շրթներկի հզոր ուժի մասին խոսում է նաև այն, որ միջնադարյան Ֆրանսիայում հատուկ օրենք է ընդունվել, որի համաձայն, եթե կինը ամուսնությունից հետո դադարում է շպարի միջոցներ ու հատկապես շրթներկ օգտագործել, կարող է լքվել ամուսնու կողմից: Կինը, ըստ ընդունված օրենքի, պետք է շարունակեր նույն կերպ գեղեցիկ ու խնամված լինել, ինչպիսին եղել է ամուսնությունից առաջ: Հակառակ դեպքում նա կմեղադրվեր խաբեության մեջ:

Հատկապես այսօր, երբ արհեստական թարթիչները, գեղեցիկ նկարված դիմագծերը, արհեստական մազափունջն ու եղունգները մի օր հանելով՝ ամուսինն ուղղակիորեն գուցե և չճանաչի իր սիրելի կողակցին ու իրեն իրավամբ խաբված զգա, կա նման օրենքի անհրաժեշտությունը:

Տղամարդկանց կողմից շրթներկի կիրառումը հասել է մինչ մեր օրեր: Վկայություններ կան, որ շրթներկից օգտվել է նաև Ջորջ Վաշինգթոնը: Նա համարել է, որ այդպիսով իր կերպարն ավելի ազդեցիկ ու հիշվող է դառնում ելույթների ժամանակ:

Գեղեցկությունը զոհեր է պահանջում: Իզուր չէ ասված: Գեղեցիկ ու ընդգծված շրթունքներ ունենալու համար կանայք օգտվել են հաճախ նաև տոքսիկ նյութեր պարունակող միջոցներից, որոնք ժամանակավոր լավ արդյունք են ապահովել:

Այսօր սակայն լավագույն  շրթներկ արտադրող ընկերությունների արտադրանքի բաղադրության մեջ պարտադիր պայման է համարվում կակաոյի կամ նշի յուղի առկայությունը, որը շպարի այս միջոցը գեղեցիկից նաև օգտակար է դարձնում: Հանդիպում են նաև շրթներկեր վարդի յուղի ու մեղրամոմի պարունակությամբ:

Ժամանակակից շրթներկը ոչ միայն հաճելի բուրում է, այլ հաճախ նաև համեղ է: Այո, համեղ: Դա խիստ կարևոր հատկություն է, եթե հաշվի առնենք, որ ըստ հաշվարկների, միջինում կանայք ողջ կյանքի ընթացքում 4.5-5 կգ շրթներկ են ուտում: Ասում են՝ սա վտանգավոր ցուցանիշ չէ: Մասնագետների վկակյությամբ երևույթը վտանգավոր կլիներ կնոջ օրգանիզմի համար, եթե վերջինս մեկ անգամից ուտեր 1-2 տուփ շրթներկ: Ի դեպ, տղամարդիկ էլ, կանանց այս գեղեցկության զոհերն են ու հանգամանքներից ելնելով՝ ստիպված են լինում ողջ կյանքի ընթացքում համբույրի միջոցով ուտել 1.5 կգ շրթներկ. սիրելիի շուրթերը դրանով այնքան գեղեցիկ են ու գայթակղիչ. դիմադրել չի լինում:

Չնայած, որ շրթներկի կիրառման մասին վկայությունները շատ հին են, բայց ժամանակակից տեսքով շրթներկի արտադրությունը սկսվել է 1903 թվականից: Իսկ 1932 թվականից ի հայտ է եկել շուրթերի համար նախատեսված փայլը, որը այսօր ողջ աշխարհում վաճառքի ծավալներով գերազանցում է շրթներկին:

Կոկո Շանելն ասել է՝ եթե տխուր ես, թարմացրու շրթներկդ ու անցիր հարձակման:

Ուրեմն՝  ի գործ: Գեղեցկությունը կփրկի աշխարհը: