Շատ փափուկ գաթա՝ տնական

Կրկին ու կրկին գաթա: Հայկական գաթայի թեման անսպառ է: Այս անգամ պատրաստում ենք մածունով գաթա՝ շատ փափուկ ու նուրբ խմորով:

Նախ գրանցեք բաղադրիչները.

3 բաժակ ալյուր

Կես թեյի գդալ սոդա

Վանիլին

Կես բաժակ շաքարավազ

1 տուփ կարագ կամ մարգարին

2 ձու

250 գ մածուն

Անցանք գործի:

Մինչ սկսելը հիշեցնեմ, որ իմ մյուս բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:

 

Ուրեմն այսպես, մեծ թասի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում ենք շաքարավազը, սոդան ու վանիլինը: Խառնում ենք ու սառնարանից դուրս բերում լավ սառը կարագը: Քերում ենք ալյուրի զանգվածի մեջ ու ձեռքերով արագ փշուրի վերածում: Աշխատում ենք արագ ու մատներով, ձեռքի ափերով աշխատելիս մեր ձեռքերի ջերմաստիճանն ենք փոխանցում, դրանից կարագը կարող է հալվել ու ավելի շատ ալյուր պահանջել: Դա նշանակում է, որ մեր պատրաստած գաթան մի փոքր ավելի չոր կստացվի, քան ցանկանում էինք: Իսկ ես ձեզ փափուկ գաթա եմ խոստացել)

Փշուրը ստանալուց հետո զանգվածի կենտրոնում փոս ենք անում, կոտրում ենք ձուն (1 դեղնուցը պահում ենք երեսին քսելու համար) , ավելացնում ենք մածունն ու հունցում փափուկ, չկպչող խմոր: Խմորը բաժանում ենք 2-3 գնդի, փաթաթում ենք սննդային թաղանթով ու 30 րոպեով դնում սառնարանը:

Ժամանակը լրանալուց հետո գնդերը հերթով դուրս ենք բերում, գրտնակում ենք ոչ շատ բարակ, վրան տարածում ենք խորիզն ու փաթաթում ոչ շատ պինդ: Պինդ փաթաթելու դեպքում խմորը թխվելիս ուռչում է ու դուրս հրում խորիզը: Սրա արդյունքում է, որ երբեմն գաթաների եզրերից խորիզը շատ է  դուրս գալիս:

Փաթաթուկը կտրատում ենք 2-3 սմ, կամ ավելի մեծ կտորների, տեղափոխում բուսայուղ քսած տապակի վրա, երեսին հարած դեղնուց ենք քսում ու թխում ենք նախապես 200-220 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչ գեղեցիկ ոսկեգունելը:

Միջանկյալ նշեմ, որ գաթաները ցածր ջերմաստիճան չեն սիրում, չորանում են: Նրանք պետք է արագ թխվեն, երկար թխվելուց որակը կորցնում են: Խոսքը վերաբերում է  սոդայով ցանկացած գաթայի:

Խորիզի բաղադրատոմսը կարող եք գտնել woman.am-ի փնտրման տողում խորիզ բառը գրելով:

Ահա և վերջ, համեղ ու անուշ բուրմունքով փափուկ գաթան ձեր սեղանին է, մնում է թեյը լցնել ու կանչել ընտանիքի անդամներին: Մնացեք սիրով:

Մինչ նոր համեղ հանդիպումներ:

#ashxatanq bolori hamar