Իդեալ խմորեղենի բազմաթիվ բաղադրատոմսերի մեջ կողմնորոշվելու համար պետք է փորձել մի քանիսը: Ես այսօր կկիսվեմ իմ փորձած ու շատ սիրելի տարբերակով:
Նշեմ, որ այս բաղադրատոմսով իդեալը թխում եմ մոտ 30×40 սմ տապակով:
Օօօ՜՜՜, մեր խոհանոցն այսօր լի է շոկոլադասերներով: Դե ինչ, սկսեցինք: Տետրերը պատրաստեք, բաղադրիչներն ենք գրանցում:
Խմորի համար.
8 ձու
2 բաժակ շաքարավազ
3 ճաշի գդալ մեղր՝ նախապես թուլացված
1 թեյի գդալ սոդա
վանիլին
2.5-3 բաժակ ալյուր
3 ճաշի գդալ կակաո՝ ըստ ցանկության
Կրեմի համար.
250 գ կարագ
1 տուփ եփած խտացրած կաթ
1 ճաշի գդալ կոնյակ
Որևէ հարմար թասի մեջ կոտրում ենք ձուն և շաքարավազի հետ լավ հարում ենք 5-7 րոպե տևողությամբ: Սա կարևոր է: Երբ լավ փրփրուն զանգված ստացվի, ավելացնում ենք թուլացրած մեղրը: Կրկին մի փոքր հարում ենք ու հարիչը ուղարկում հանգստանալու՝ մինչև կրեմին անցնենք:
Մի բաժակ ալյուրի հետ խառնում ենք մեկ թեյի գդալ սոդան, վանիլին, ավելացնում ենք զանգվածի վրա, խառնում, որից հետո ավելացնում ենք ևս 1.5-2 բաժակ ալյուր՝ որից պակասեցնում ենք 3 ճաշի գդալի չափով ու փոխարենը կակաո ենք ավելացնում: Խառնում ենք ու պատրաստվում թխելու: Այս խմորը հարկավոր չէ թողնել, որ հանգստանա: Գիտեմ, որ նման սովորություն կա: Խմորը թողնում են հանգստանալու, որ ավելանա գլյուտենի կպչողականությունը, բայց հավատավցեք՝ այդ ընթացքում կորցնում ենք ավելին, քան ձեռք ենք բերում: Ինչ ենք կորցնում, իհարկե, սոդայի ուժն ենք կորցնում, որը շատ ավելի էական է որակյալ արդյունքի համար:
Խմորը բաժանում ենք 3 հավասար մասերի ու թխում յուղաթղթի վրա քսած՝ նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում:
Մի կարևոր դիտարկում անեմ: Մեղրով, իդեալի պես ոչ գոլորշիով պատարստվող խմորները որքան խիտ են լինում, այնքնան ավելի հալվող ու նուրբ են ստացվում կրեմ քսելուց ժամեր անց: Միայն մի դժվարություն կա. երբ խմորը պինդ է, հարթ ու հավասար քսելն է դժվար: Եթե չեք կարող հարթ քսել, լավ կլինի ընդհանուր հաշվով միայն 2.5 բաժակ ալյուր ավելացնել, իսկ թե հարթ քսելու փորձը կա, ապա կարող եք ավելացնել 3 բաժակ ալյուր ու փորձել հավասար քսել:
Դրանից ավել ալյուր ավելացնել չարժի, խիստ անհարթ է ստացվում:
Արդեն թխված շերտերը թողնում ենք սառչեն, մենք պատրաստում ենք կրեմը:
Սենյակային ջերմաստիճանի 250 գ կարագը լավ հարում ենք, այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք կրկին սենյակային ջերմաստիճանի եփված խտացրած կաթը: Վերջում ըստ ցանկության ավելացնում ենք նաև մեկ ճաշի գդալ կոնյակ: Ես այս կրեմին ավելացնում եմ կես չափաբաժնով պատրաստված եփովի կրեմ, սակայն դա ևս ըստ ցանկության, կրեմի այս քանակությունը լրիվ բավարար է շերտերը միացնելու և վերին շերտին քսելու համար:
Շոկոլադային տարբերակով պատրաստելու դեպքում ես այս տորթը սովորաբար ջնարակապատում եմ, սակայն այս դեպքում, ինչպես տեսնում եք, զարդարել եմ մանրեցված ընկույզով:
Ջնարակի մասին մանրամասն տեղեկություն կգտնեք woman.am-ի էջերում՝ իմ՝ Փայլուն ջնարակ նյութում:
Ասեմ, որ այս իդեալը պատրաստելիս որոշ չափով շեղվել եմ դասական իդեալի պատրաստման ձևից:
Դասական բաղադրատոմսերում իդեալի խմորի մեջ ավելացնում են մեկ բաժակի չափ մանրացված ընկույզ, կամ ընկույզը շաղ են տալիս շերտերի արանքում քսված կրեմի վրա:
Դասական իդեալը պատրաստվում է առանց կակաոյի: Իսկ բնորոշ մուգ գույնը ստանում է հարած ձվի մեջ առկա թթվածնի ու սոդայի արձակած ածխաթթու գազի փոխազդեցությունից: Իսկ թե բնական մեղր չեք օգտագործում, ապա վերջում՝ ալյուր լցնելուց անմիջապես առաջ, անհրաժեշտ է մի լիքը ճաշի գդալ քացախ ավելացնել: Այս դեպքում գույնն էլ ավելի կմգանա՝ արդեն քացախի շնորհիվ:
Հուսով եմ՝ հավանեցիք: Իհարկե, արտահայտված շոկոլադային համն ու հոտը ինչպե՞ս կարող են դուր չգալ մեզ՝ շոկոլադասերներիս: Դուք վայելեք, իսկ ես շոկոլադային համ ու հոտով այլ հետաքրքիր ու սիրված տարբերակներ փնտրեմ:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:



