Կանանց սեքսուալ հաճույքն ու սեռական բավարարվածությունը մեծ դեր են խաղում ինչպես կնոջ հոգեկան ու ֆիզիկական առողջության, այնպես էլ զուգընկերների միջև ներդաշնակության հաստատման մեջ: Բարեբախտաբար, այսօր շատ կանայք անկեղծ են իրենց սեռական ցանկությունների հարցում ու զուգընկերոջ հետ կիսվում են դրանց մասին: Սա կնոջ համար օրգազմի հասնելու կարևոր նախապայմաններից մեկն է:
Ի՞նչ է կատարվում, երբ օրգազմ եք ապրում կամ որտե՞ղ փնտրել G կետը. մենք պատրաստվում ենք պատասխանել կնոջ սեքսուալ հաճույքին վերաբերող մի քանի հարցերի: Սկսեցի՛նք:

Ի՞նչ է օրգազմը
Երբ դուք ավելի ու ավելի գրգռված եք դառնում, լավանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ, շնչառությունը ծանրանում է:
Կանանց համար օրգազմը սեռական հաճույքի գագաթնակետն է, որն ուղեկցվում է հեշտոցի մկանների կծկմամբ: Տղամարդկանց դեպքում այն մեծամասամբ ուղեկցվում է սերմնաժայթքմամբ, չնայած որ կան դեպքեր, երբ առանց սերմնաժայթքման կամ չոր օրգազմ է լինում, կամ էլ հակառակը՝ սեմնաժայթքում առանց օրգազմի:

Ի՞նչ է G կետը
G կետը տեղակայված է հեշտոցի վերին պատին՝ 5-8սմ խորության վրա: Այս մակերեսը շատ զգայուն է հպումների դեպքում, և հեշտոցային ներթափանցման ժամանկ օգնում է օրգազմի հասնել:
Բոլոր կանայք չէ, որ զգում են G կետի խթանումը: Եթե դուք երբևէ այն չեք զգացել, մի՛ անհանգստացեք, դա աննորմալ չէ:
Ամեն դեպքում, G կետի գոյությունը գիտականորեն ապացուցված չէ, չնայած այն հանգամանքին, որ գիտնականները 1940-ական թվականներից ուսումնասիրություններ են իրականացնում: Մյուս կողմից էլ շատ կանայք պնդում են, որ այդ հատվածի խթանումն օգնում է նրանց օրգազմի հասնել:

Ի՞նչ է ծլիկը
Ծլիկը հեշտոցամուտքից մի փոքր վերև գտնվող փոքր կտոր է, որն իրենից նյարդային հանգույց է ներկայացնում: Սա կնոջ ամենաէրոգեն գոտին է և սեռական գրգռման ընթացքում մեծանում է այնպես, ինչպես առնանդամը:
Ծլիկի խթանումը սեռական հաճույք ստանալու հիմնական ձևերից է և օգնում է կանանց օրգազմի հասնել թե ներթափանցման, թե այլ գործողությունների ընթացքում (ինքնաբավարարում, օրալ սեքս և այլն):
Օրգազմի հասնելու ձևերն իմանալը, անշուշտ, խրախուսվում է: Ճանաչեք ձեր մարմինն ու ձեր սեռական կյանքն առավել հաճելի դարձրեք:




