Այս համեստ թխուկը մեզ մանկություն կտանի: Պարզ, արագ ու զարմանալիորեն համեղ: էլ ինչ է պետք, երբ չգիտես՝ երեկոյան թեյի հետ ինչ հյուրասիրել սիրելիներին:
Ով հիշեց, ով էլ նոր կծանոթանա: Բոլորդ միասին դեպի խոհանոց: Ես պատրաստ ձեզ եմ սպասում՝ Սոֆիա Սարգսյանի հետ միասին: Նա է այսօր մեզ օգնելու: Մի տեսեք ինչ սիրուն է պատրաստել: Լուսնակարում Սոֆիայի աշխատանքն է:
Գրում ենք բաղադրիչները:
1 բաժակ սպիտակաձավար /մաննի/
1 բաժակ թթվասեր
150 գ կարագ
1 բաժակ շաքարավազ
3 ձու
0.5 թեյի գդալ սոդա կամ 1 թեյի գդալ փխրեցուցիչ
1 բաժակ ալյուր
Չամիչ, ընկույզ՝ ըստ ցանկության
Անցանք գործի:
Մաննին ու թթվասերը խառնել, թողնել որ ուռչի: 30-60 րոպեն լիովին բավարար է: Այնուհետև ավելացնում ենք փափկեցված կարագն ու լավ հարում հարիչով:
Վերցնում ենք մեկ ուրիշ աման, իրար ենք խառնում շաքարվազն ու ձուն, հարում ենք այնքան, մինչև թեթև ու փրփրուն զանգված ստացվի, որից հետո ավելացնում ենք վանիլինն ու սոդան:
Երկու ամանների զնագվածները խառնում ենք իրար ու լավ հարում հարիչով: Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու արդեն խառնում գդալով:
Եթե փխրեցուցիչ եք օգտագործելու, ապա ավելացրեք ալյուրի հետ խառնված: Չնայած, որ խմորի մեջ թթվասերի առկայությունը թույլ է տալիս սոդա օգտագործել ու ստանալ շատ լավ արդյունք:
Սոֆիան այս թխվածքը պատրաստել է 26 սմ տրամագծով ձևամանում, որի տակ նախապես պետք է յուղաթուղթ դնել: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու թխում նախապես 180-200 աստիճան տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը:
Ահա, այսքանը:

Համեղ ու հեշտ խմորեղենը պատրաստ է: Այն որոշ առումով հիշեցնում է շատերիս ծանոթ շամալին:
Ձևամանից դուրս ենք բերում, դնում կամ սրբիչի կամ հարմար ցանցի վրա ու թողնում սառչի: Ձևավերոք՝ ինչպես կցանկանաք, ես սիրով կվայելեի հենց Սոֆիայի տարբերակը՝ շաքարի փոշիով:
Woman.am-ը մտածում է ձեր ժամանակի մասին: Խնայեք ժամանակը խոհանոցում՝ տնային հոգսերը թեթևացնելու ու ամեն բան ժամանակին հասցնելու համար:
Փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու հետևեք թարմացումներին:
Ձեր սիրելի բաղադրատոմսերը կարող եք գտնել կայքում փնտրման տողի միջոցով:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)



