Մեր սեղաններին տարեց տարի ավելի հաճախ հանդիպող ուտեստներից իշլին, այսինքն՝ միջուկով քյուֆթան, ինչպես պատրաստման, այլնպես էլ մատուցման բազմազան տարբերակներ ունի: Հնարամիտ տնային տնտեսուհիները ջանք ու եռանդ չեն խնայում տան անդամներին ու հյուրերին համեղ ու հետաքրքիր տարբերակներով հյուրասիրելու համար:
Ձեր հոգսը մի փոքր թեթևացնենք: Անահիտ Հովհաննեսյանն առաջարկում է պատրաստել իր կողմից արդեն փորձված մի տարբերակ: Հուսով ենք՝ կհավանեք:
Գնացինք խոհանոց:
Նախ մանր կտրատում ու տապակում ենք մեկ մեծ գլուխ սոխը՝ մինչ այն թափանցիկ դառնա: այստեղ մի կարևոր բան հիշեցի: Սոխը կտրելիս եթե չեք ուզում լացել, լավ կլինի այն նախապես դնեք սառնարանը: Ես միշտ մի քանի սոխ սառնարանում եմ պահում, հավատացեք, սառնարանից դուրս բերելուց հետո դեռ մի քանի րոպե դրանք կարելի է կտրել առանց արցունքների:
Առանց արցունքների սոխը կտրելուց ու տապակելուց հետո ավելացնում ենք մի քանի ճաշի գդալ տոմատի մածուկ, բարակ ու երկարությամբ կտրատած 1-2 հատ կանաչ պղպեղ, համեմում ենք աղով, սև և կարմիր պղպեղներով: Լավ խառնում ենք, ավելացնում մի սուրճի բաժակի չափ ջուր, փակում կափարիչն ու սպասում մինչև զանգվածը մի լավ եռա: Եռալուց հետո արդեն կարող ենք ավելացնել նախապես մի փոքր խաշված միջին չափսի 6-7 հատիկ քյուֆթան, որից հետո կրկին փակում ենք կափարիչն ու թողնում մի քանի րոպե ևս: Վերջում ավելացնում ենք կանաչի, ցանկացած, ինչ սիրում եք, կամ ինչ կա ձեռքի տակ ու վերջ, հրավիրեք տանեցիներին՝ վայելելու համեղ ուտեստը:

Որպես հավելում ասեմ, որ սա շատ հարմար տարբերակ է այն դեպքում, երբ ունեք խաշած քյուֆթա, որ մնացել է սառնարանում: Այդ վիճակով դրանք արդեն այնքան էլ ախորժելի չեն, իսկ ահա այս տարբերակով, փաստորեն, երկրորդ կյանք ենք պարգևում դրանց:
Քյուֆթայով պատրաստվող մի տարածված ճաշատեսակ էլ կա՝ քյուֆթայով սպասը: Այս մասին ևս մանրամասն կզրուցենք առաջիկա հրապարակումներում:
Սիրելի տնային տնտեսուհիներ, woman.am-ը անվերջ նոր տարբերակներ է փնտրում՝ ձեր հոգսը թեթևացնելու ու ձեր ճաշացանկն առավել հարստացնելու համար: Մենք լավ տարբերակներ շատ ունենք, փնտրեք մեր էջերում և սպասեք թարմացումներին:



