Արդյո՞ք կեսարյան հատումն ազդում է երեխայի վրա

kesaryan hatum

Վիրահատական միջամտությամբ ծննդաբերության առավելությունները և թերությունները մշտապես քննարկման թեմա են եղել, մասնավորապես վերջին տարիներին, երբ շատ կանայք իրենց կազմվածքը պահպանելու և ցավ չզգալու համար  նախընտրում են կեսարյան հատումը:

Երեխայի կյանքի կարևորագույն փուլը նրա ծնունդն է, քանի որ այդ պահից սկսած փոքրիկը լույս աշխարհ է գալիս և ծանոթանում արտաքին աշխարհի հետ: Բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ երեխան ակտիվ մասնակցում է ամբողջ գործընթացին: Բացի այդ, ծննդաբերության ժամանակ փոքրիկն իր թոքերն ազատում է կուտակված հեղուկից, որի շնորհիվ նա կարողանում է ինքնուրույն շնչել:

Հարկ է նշել, որ բնական ճանապարհով ծննդաբերությունը մեծ դեր ունի նաև հոգեբանական տեսանկյունից: Այս ոլորտի մասնագետները նշում են, որ  ծննդաբերությունը յուրաքանչյուր երեխայի կյանքի ամենամեծ փորձությունն է, որը հաղթահարելուց հետո նա հանդիպում է իր մայրիկի հետ: Սա վկայում է այն մասին, որ ծննդաբերությունը հաջող և անվտանգ է անցել:

Նախկինում մասնագետները պնդում էին, որ կեսարյան հատումով ծնված երեխաներն ավելի հավասարակշռված են և հանգիստ, քանի որ նրանց հաջողվում է սթրեսից խուսափել: Ըստ այդմ, այս շրջանում գրեթե բոլոր կանայք դիմում էին վիրահատական միջամտության: Իրականում դա այդպես չէ: Կեսարյան հատումով լույս աշխարհ եկած երեխաներն ավելի պասիվ են, քանի որ նրանք դանդաղ են ընտելանում արտաքին աշխարհին:

Կեսարյան հատումով ծնված երեխաների մոտ կտրուկ ճնշման պատճառով մեծ է արյան անոթների հետ կապված խնդիրների և դիսբակտերիոզի  առաջացման հավանականությունը: Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, նա դա չի հասկանում, ուստի թոքերում կուտակված ջրի և անզգայացման պատճառով սկսում է վատ շնչել:

Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ կեսարյան հատումը ծննդաբերության լավագույն տարբերակը չէ: Այն պետք է նշանակվի միայն բժշկի խորհրդով, որպեսզի չվտանգվի երեխայի կյանքը: