Խնձոր և կանաչ թեյ ի՞նչ կարելի է պատրաստել այս համադրությունով։
Դուք ուրախ գարնանային տրամադրություն ունեք, և ոչինչ չի կարող անհանգստացնել ձեզ: Եթե դուք ցանկանում եք ողջ օրն անցկացնել հրաշալի տրամադրությամբ, ապա խնձորով և կանաչ թեյով այս էներգետիկ սմուզին հենց ձեզ համար է: Վիտամիններով հարուստ սմուզին ձեզ թարմություն և լրացուցիչ էներգիա կհաղորդի:
Այսպես՝ խնձորով և կանաչ թեյով սմուզին պատրաստելու համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները.
- Կանաչ խնձոր՝ 2 հատ
- Խաղող՝ 40գ
- Կանաչ թեյ՝ 2 տուփ
- Կիվի՝ 2 հատ
- Մեղր՝ 2 թ. գդալ
- Ջուր՝ 20մլ
Նախօրոք ձեռք բերեք բոլոր բաղադրիչները: Մաքրեք մրգերը և կտրատեք խնձորը: Այնուհետև, պատրաստեք թեյը և թողեք մի քանի րոպե, որ սառի: Բլենդերով մանրացրեք մրգերը, ավելացրեք մեղրը, սառը կանաչ թեյը և խառնեք: Ահա և վերջ, համեղ սմուզին պատրաստ է:
Քիչ կալորիաներ պարունակող այս կոկտեյլը կարող է հագեցնել նաև քաղցը: Այս բաղադրատոմսը նրանց համար է, ովքեր ցանկանում են հետևել իրենց կազմվածքին:



