Հեքիաթները կնպաստեն Ձեր բալիկի զարգացմանը. պատմե՛ք քնելուց առաջ

Յուրաքանչյուր ընտանիք իր ավանդույթներն ունի: Որոշ ծնողներ երեխայի համար հեքիաթներ սկսում են կարդալ դեռ նորածին ժամանակ, մյուսներն էլ միայն այն դեպքում, երբ երեխան որոշակիորեն պատրաստ է այդ ծավալի ինֆորմացիան ընկալել և հեքիաթի վերաբերյալ իրեն հուզող հարցերը տալ:

Գրքերն իրենց գունազարդ նկարներով ու հետաքրքիր բովանդակությամբ կարող են գրավել ցանկացած տարիքի երեխայի: Անգամ մեկ տարին չբոլորած երեխաները կարող են տարվել նկարներով ու պատկերներով՝ հետաքրքրությամբ շոշափելով կամ թերթելով էջերը: Ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում էլ ծնողների կողմից հեքիաթ կարդալը կամ պատմելը կարող է աստիճանաբար սիրելի ու սպասված սովորույթի վերածվել: Հեքիաթների ու դրանց հերոսների, պատկերների ու երևույթների քննարկումը, հարցերի միջոցով դրանց բացահայտումը թույլ են տալիս երեխային ինքնադրսևորվել՝ զուգահեռ շատ նոր բաներ սովորելով:

Բացի այն, որ հեքիաթները խթանում են երեխայի մտավոր և լեզվական զարգացումը, պարբերաբար բնույթ կրող երեկոյան հանդիպումները, երբ ծնողներից որևէ մեկը երեխային հեքիաթ է պատմում, էականորեն ամրացնում են ծնող-երեխա կապը:

Ծնողը բավարված է զգում, երբ զբաղված աշխատանքային օրվանից հետո վերջապես կարողանում է ժամանակ տրամադրել երեխային և կիսել նրա հետ հեքիաթների ողջ հմայքն ու կախարդանքը: Երեխայի համար էլ այդ պրոցեսը դառնում է սպասված ժամանակահատված, և վերջինս ակտիվ կերպով պատրաստվում է դրան (արագ հավաքում է թափթփված սենյակը, ատամներն է մաքրում և տեղավորվում անկողնում, որպեսզի հեքիաթի հետ հանդիպումից չուշանա):

 

Ինչ վերաբերում է հեքիաթների ընտրությանը, ապա մենք խորհուրդ ենք տալիս տարիների փորձությունն անցած գրականություն կարդալ ձեր երեխաների համար՝ հին հայկական հեքիաթներից (Թումանյան, Աղայան) մինչև արտասահմանյան կլասիկա (Գրիմ եղբայրներ, Շառլ Պերո, Անդերսեն):

Leave a Comment