Ժամանակակից մայրիկներն այսօր որքան մեծ ընտրության հնարավորություն ունեն՝ բալիկների  հատուկ օրերը անմոռաց ու գեղեցիկ անցկացնելու համար. մանկական սրճարաններ, հատուկ միջոցառումների կազմակերպման գործակալություններ, ինչպես նաև տանը՝ հատուկ հրավիրված դերասանների, ծաղրածուների մասնակցությամբ… Ընտրությունը մեծ է, բայց հաճախ խիստ ծախսատար: Բարեբախտաբար, կան նաև ավելի մատչելի ու հետաքրքիր տարբերակներ, որոնց մասին խոսել են մեր հայուհիները:

 

Luiza Torosyan– Կարծում եմ՝ ճոխ կհամարվի հետաքրքիր անցած միջոցառումը։ Դեռ փոքրիկ է բալիկս, բայց արդեն մտովի փորձում եմ կազմակերպել առաջին տարեդարձը, թե ինչ հետաքրքիր խաղեր ու անակնկալներ կարելի է պատրաստել,  որ ուրախացնի ու հետաքրքրի երեխաներին։ Արդեն փորձում եմ մատչելի ու հաճելի մանկական սրճարան ընտրել։ Ուրախ հումորով խաղավարը, զվարճալի խաղերը, կարծում եմ, հիշարժան երեկոյի գրավականն են։ Ինքս միայնակ մայր եմ։ Դժվարանում եմ, բայց առաջին տարեդարձը ուզում եմ նշվի՝ ինչ գնովել լինի։ Այդ պատճառով կցանկանայի, որ մի փոքր հասանելի ու մատչելի լինեին նման ծառայությունները:

 

Saten Arzumanyan– Ինձ համար առաջնայինը երեխաների համար հետաքրքիր ժամանցի կազմակերպումն է՝ հետքրքիր խաղեր,անակնկալներ,ծաղրածու,բնականաբար, համեղ մենյուն նույնպես կարևոր է։

Գոհար Պետոյան -Դե լավ, որ դարում ենք ապրում, որ վազ տանք աննպատակ ոսկյա պատեր ունեցող ռեստորանների հետևից՝ հարևանին զարմացնելու ու ինստագրամում գլամուր երևալու համար: Ինձ համար էդ ամենը շատ հեռու է քաղաքակրթություն կոչվելուց։ Պարտադիր չէ իկրա ու սուշի դրված լինի սեղանին, որ հյուրերը երկար ժամանակ հիշեն սեղանի բովանդակությունը, կարծում եմ, դա էական չէ, օրը կազմակերպել պետք է երեխայի, ոչ թէ բարեկամների համար. եթե երեխան գոհ ու բավարարված է, ուրեմն ծնողների ջանքերը զուր չեն։ Սա էլ մի քայլ է երեխային ճիշտ դաստիարակելու ճանապարհին։

Ан Ул –Տղայիս ծնունդը 4 տարի մենակ տանն ենք նշել:  5 տարեկանի օրն արթնացավ, տեսավ սենյակն ամբողջությամբ ձևավորված՝ իր սիրելի հերոսներով փուչիկներ և այլն: Հետո գնացինք լողավազան: Ինքը չգիտեր, երբեք չէր եղել լողավազանում: Շաատ ոգևորվեց: Դրաքնից հետո գնացինք խանութ՝ իր սիրած խաղալիքի հետևից, հետքո մանկական խաղասրահ: Հետո տանն արդեն տորթիկ կար ու հրավառություն: Շատ հետաքրքիր օր անցկացրեց ու տպավորված է մինչ օրս:

6 տարեկանի ծնունդին գնացինք խաղասրահ, որտեղ տարբեր մասնագիտություններ կային: Տղաս իր ձեռքով թխվածքաբլիթ պատրաստեց, շինարարաություն արեց, եղավ ոստիկանության աշխատող, հրշեջ մեքենայով գնաց հրդեհ հանգցնելու… Էս բոլորի համար ինքը վարձատրվեց: Երեկոյան էլի տորթիկ՝ տանը: Լավ հիշողություններով օր ունեցանք:

Ծախսած գումարն ու մյուս բաները էկանա չեն, կարևորը երեխան զգա, որ իր օրն է, ինքն է օրվա հերոսը:

Lilia Hovhannisyan -Տանը նշելը չեմ ընդունում. մայրիկն անդադար վազքի մեջ է և ոչինչ չի հասկանում, մինչև ցանկանում է ուրախանալ, արդեն հյուրերի գնալու և սեղանը հավաքելու ժամանակն է լինում:  Իսկ սրճարանում եթե շոուն և խաղավարը լավն են լինում, մնում է միայն ուրախանալ և բալիկիդ օրը տոն դարձնել։

Ivetta Shishyan –Աղջիկս 4 տարեկան է, տղաս՝ 1: Այսքան ժամանակ մենք ծնունդները նշելու համար գնում ենք քաղաքից դուրս, ամեն անգամ տարբեր վայրեր ու մի քանի օրով հյուրանոց՝ միայն մեր ընտանիքով:

Տղայիս 1 տարեկանին որոշեցինք Դիլիջան գնալ, էնտեղ հյուրանոցում տորթ էինք պատվիրել, բայց հյուրանոցն անակնկալ արեց, ու մենք ծնունդը նշեցինք ռեստորանում՝ ուրիշ մարդյկանց ներկայությամբ: Կարևորը չենք հոգնել, ու մի լավ հանգստացել ենք՝ վայելելով ծնունդը:

Ruzanna Nazaryan-Իմ աղջկա 6 ամյակը նշել ենք մանկական սրճարանում՝ ամենամոտ բարեկամների հետ: Ծախսել եմ 70 000 դրամ: Շատ լավ անցավ, հետաքրքիր: Վերջում  մի մեծ թղթի վրա բոլոր ներկաները գրեցին իրենց մաղթանքները, հետո ես ամեն գրությայն կողքին այդ օրվանից որևէ գեղեցիկ լուսանկար փակցրեցի: Արդեն շատ ժամանակ է անցել, բայց աղջիկս մինչևև օրս էլ հիշում է ու ուրախանում: Հաջորդ ծնունդինն դեռ ժամանակ կա. մտածում եմ ավելի լավ կազմակերպել:

Lucin Beybutyan-Ես էլ սիրում եմ տանը նշել, որովհետև սիրում եմ էդ տոնական եռուզեռը: աղջիկս էլ դեռ փոքրուց սիրել է ծննդյան օրը տանը նշել: Ասում է՝ էդպես տոնը երկար է թվում:

Arusyak Hokhikyan-Իմ տղաների ծննդյան օրերը  նշում ենք ամեն անգամ տարբեր կերպ: Նշել ենք և մանկական սրճարանում, բայց իրենք դրանից առանձնապես գոհ չեն եղել, քանի որ չեն սիրում խաղավարների կազմակերպած միանման շոուները: Երբեմն գնում ենք առավոտյան որևէ ժամանցի կենտրոն, որտեղ վայելում են իրենց սիրելի խաղերը, հետո տղաներս գնում են սրճարան՝ իրենց սիրելի ուտեստը ինքնուրույն պատվիրելու ու վայելելու: Հետո անհապաղ մեքենա քշելու. Դա պարտադիր է միշտ: Հետո՝ օրվա երկրորդ կեսին, տանը՝ որևէ անակնկալ, կամ անակնկալ հյուրեր՝ որոնց իրենք ուրախ են միշտ տեսնել, ծաղրածու, հեքիաթի հերոս….Տղայիս ծննդյան օրը օգոստոսի 5-ին է, նախորդ տարի էնքան շոգ էր, որ բակում՝ լողավազանում ենք նշել, տորթի մոմերը ևս փչել են լողավազանում. և հետաքրքիր էր, և տարբերվող և անչափ ուրախ: Լողավազանում բռնած շուրջպարը, կերած տորթն ու հրավառությունը հաստատ մոռանալ չի լինի:

Ծննդյան օրը անմոռանալի ու հոբելյարի համար հիշարժան դարձնելու համար միշտ չէ, որ կարևոր են մեծ գումարներն ու շքեղ սրահները: Հետաքրքիր կազմակերպված ժամանցն ու բալիկի նախասիրություները հաշվի առնելը հաստատ կօգնեն հասնելու ցանկալի արդյունքի:

Իսկ եթե գեղեցիկ ու շքեղ միջոցառում եք ուզում, այդ հարցում արդեն  կան հատուկ օգնական-մասնագետներ, ովքեր գեղեցիկ կարողանում են կազմակերպել ցանկացած տեսակի միջոցառում՝ հատուկ նախատեսված տոնական դեկորներով, բոլոր անհրաժեշտ պարագաներով: Մնում է միայն վայելել:

Հետաքրքիր ժամանացի համար կա նաև այլ տարբերակ՝ անակնկալներ՝ հատուկ պատվիրված շապիկներով՝ բալիկի լուսանկարով: Մի փքր ավելի մեծ տարիքի երեխպաները հաստատ կգնահատեն: Սա կարևոր է փոքրիկի՝ դեռ նոր ձևավորվող ինքնագնահատականի համար:

Տարբերակներն ընտրեք ինքներդ, սակայն մի մոռացեք երբեք, որ ծննդյան կազմակերպումն ու առհասարակ ձեր մոտեցումն այս հարցին ևս փոխանցվում է բալիկին. արեք ամեն բան սիրով ու լավ տրաադրված: Թող որ փոքրիկն իրեն արքայադուստր կամ արքայազն զգա… իսկական օրվա հերոս: