Նորածնի խնամք և հիգենա

Նորածնի խնամք

Յուրաքանչյուր մայր վախենում է, երբ գալիս է երեխայի ականջները մաքրելու և եղունգները կտրելու ժամանակը: Սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ  որոշ ժամանակ անց այդքան «վախեցնող» գործողություններն այլևս մտահոգիչ չեն  դառնում: Պարզապես պետք է իմանալ երեխայի խնամքի կազմակերպման  որոշ առանձնահատկություններ՝ չվնասելու փոքրիկին և ապահովելու նրա մաքրությունն ու հարմարավետությունը:

Աչքերի խնամք

Նորածնի աչքերի խնամքը շատ ավելի պարզ է, քան պատկերացնում ենք: Փոքրիկի աչքերը պետք է մաքրել օրական 2-3 անգամ որակյալ բամբակե սկավառակներով: Նախապես պատրաստել եռացրած ջուրը (սենյակային ջերմաստիճանի) և բամբակը: Բամբակը մտցնել ջրով տարայի մեջ, ապա շատ թույլ քամել և քսել երեխայի աչքերին: Չի կարելի նույն բամբակով մաքրել երեխայի երկու աչքերը, հարկավոր է փոխել բամբակը: Սովորաբար, խորհուրդ չի տրվում նորածնի աչքերը մաքրել հատուկ լուծույթներով, քանի որ խոտաբույսերով թեյը, կոսմետիկ միջոցները և թաց անձեռոցիկները կարող են վնասել աչքերը:

Ականջների խնամք

Նորածնի ականջները հարկավոր է մաքրել օրական 2 անգամ՝ հատուկ բամբակե փայտիկներով: Ինչպես մեծահասակների, այնպես էլ նորածին երեխաների դեպքում հարկավոր է մաքրել միայն արտաքին ականջը, քանի որ ներքին ականջն ինքնուրույն մաքրվում է: Քանի որ նորածնի ականջի թմբկաթաղանթը լիարժեք պաշտպանված չէ, երեխային չվնասելու համար պետք է զգույշ լինել: Ականջները հարկավոր է մաքրել միայն խոնավ բամբակե փայտիկներով: Սկզբնական շրջանում չի կարելի երեխայի ականջները ջրով մաքրել, քանի որ ջուրը կարող է  խոց կամ ականջաբորբ առաջացնել:

Քթի խնամք

Քանի որ նորածնի քթի հատվածները շատ նեղ են, դրանց մեջ կուտակվում  են  մեծ քանակությամբ փոշի և լորձ, որոնք խանգարում են  շնչառությանը և բացասաբար ազդում  քնի վրա: Եթե երեխայի քթի մեջ մշտապես չոր կեղևներ են հայտնվում, ապա դա կապված է սենյակային անբարենպաստ ջերմաստիճանի  (չափազանց տաք և չոր) հետ: Նորածնի համար կատարյալ  է համարվում 21-22°С սենյակային ջերմաստիճանը, իսկ օդի խոնավությունը չպետք է գերազանցի 60-70%-ը: Նախքան քթի խնամքը, հարկավոր է  նախապես պատրաստել բոլոր անհրաժեշտ իրերը:  Երեխայի քթի մեջ կաթեցնել մի քանի կաթիլ եռացրած ջուր, այնուհետև բամբակյա խոնավ գնդիկներով զգուշորեն մաքրել՝ խուսափելով խորը հպումներից:

Եղունգների խնամք

Դեռևս մոր արգանդում երեխայի զարգացմանը զուգընթաց աճում են նրա եղունգները: Այդ իսկ պատճառով, երբ երեխան լույս աշխարհ է գալիս, ունենում է երկար եղունգներ: Բժիշկները խորհուրդ չեն տալիս կտրել նորածնի եղունգները կյանքի առաջին օրերին: Սովորաբար, երեխայի եղունգները պետք է կտրել այն ժամանակ, երբ նա քնած է: Այս դեպքում նա անհարմար շարժումներ չի անի, և  չեն վնասվի եղունգները:

Leave a Comment