Տորթ Վեներա

Ամեն տնտեսուհի բիսկվիթային խմորեղենի իր տարբերակն ունի՝ իր նախընտրած եղանակով: Ես էլ որոշեցի ու մի օր իմի բերեցի իմ ունեցած բոլոր տարբերակներն ու ստացա մի խմորեղեն, որը որքան հեշտ ու արագ է ստացվում, նույնքան էլ համեղ ու գեղեցիկ է՝ անգամ ամենահարգելի հյուրերին մատուցելու համար:
Խմորեղենն անվանել եմ իմ պատվին՝ Վեներա, այսինքն՝ Արուսյակ ։)

Ուրեմն այսպես, Վեներան պատրաստելու համար անհրաժեշտ է 3-4 ձուն (կախված ձվի չափսից) լավ հարել մեկ բաժակ շաքարավազի հետ: Չմոռանամ նշել, որ ես չափսերը կողմնորոշվում եմ 250 գրամանոց բաժակով, որը բերնեբերան լցված 200 գրամ շաքարավազ է տանում, ալյուրն էլ 170 գ:

Ինչ էի ասում… Հա, շաքարավազն ու ձուն հարեցինք, ավելացնում ենք 1.5 բաժակ մածուն:

Հիմա ուշադրություն. մածունը կարող եք փախարինել թթվասերով, կամ նշված չափսի կեսը մածուն, կեսը թթվասեր վերցնել, որից որքան կուզեք, դուք որոշեք, կամ մի մասը փոխարինեք կաթով, ես էդպես ավելի շատ եմ հավանում, որոշեք դուք՝ կախված ձեռքի տակ եղած մթերքից, կարևորը, որ կաթնամթերքի ընդհանուր քանակը 1.5 բաժակը չգերազանցի:

Այնուհետև այս համասեռ զանգվածին պետք է ավելացնել 1 սուրճի բաժակ (100 գ) ձիթայուղ:
Բոլոր բաղադրիչները երբ արդեն  լավ խառնված են, կարելի է ավելացնել նաև ալյուրը:
Բոլոր խմորեղենների դեպքում ալյուրն ավելացնում ենք մաղած, ես նախընտրում եմ հենց այդ պահին մաղել այն խմորի թասի մեջ, այդպես այն ավելի լավ է հարստանում թթվածնով, ինչն էլ խմորեղենի որակի վրա իր դրական ազդեցությունն անպայման  թողնում է:

Ստացվելու է թույլ խմոր, չվախենաք ու չավելացնեք լրացուցիչ ալյուր (2 թեյի բաժակ):
Մի կարևոր հանգամանք ևս: Սոդան(1 թեյի գդալ) չեմ  նշել, բայց չեմ էլ մոռացել, սոդան ես միշտ ավելացնում եմ միայն ու միայն ալյուրի հետ խառնած, երբեք նախապես չեմ մարում այն որևէ մթերքով:

Ալյուրն ավելացնելուց հետո խմորն աչքաչափով բաժանում ենք երկու հավասար մասի: Մի մասը սպիտակ է մնալու, մյուսի մեջ կավելացնենք 2 լիքը ճաշի գդալ կակաո:
Մի կարևոր բան էլ այստեղ ավելացնեմ:
Եթե ուզում եք, որ կական ավելի արդյունավետ լինի, խմորեղենի շոկոլադային համն ու հոտն էլ ավելի արտահայտված, ապա խորհուրդ եմ տալիս այն նախապես թրջել մի քանի թեյի գդալ ձեթով, այնպես որ նուտելլայի խտության զանգված ստացվի կականոն ու ձեթը միասն, որից հետո նոր այն ավելացնել խմորին:

Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթով տապակի մեջ, չենք քսում, հենց լցնում ենք, քանի որ բավական ջրիկ է, ու թխում ենք 200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչև որ չոփիկով ստուգելիս չոփիկը չոր դուրս գա:

Խորհուրդ չեմ տա երկար թողնել,դրանից առհասարակ ցանկացած խմորեղեն միայն չորանում է, իսկ բիսկվիթային խմորների դեպքում դա ավելի զգալի կլինի:

Խմորեղենի երկու շերտերը իրար ենք միացնում եփովի կրեմով, երեսին ևս կրեմ ենք քսում ու ձևավորում կամ քերած շոկոլադով, կամ մաղած կակաոյով, կամ ինչպես կցանկանաք, վերջնական տեսքը կտեսնեք լուսանկարում:

Նման հեշտ ու արագ պատրաստվող տարբերակներ ինձ մոտ շատ կան, այստեղ են՝ Arusyak Hokhikyan’s group-ում:

Ահա այսքանը, հեշտ, արագ ու շատ մատչելի խմորեղենը ձեր սեղանին է, կանչեք հյուրերին 🙂
Իսկ ես ձեզ խոստանում եմ առաջիկայում կիսվել իմ մեկ այլ շատ հեշտ, արագ պատրաստվող խմորեղենով, որը կոչվում է  Դառը շոկոլադ ու լիովին համապատասխանում է իր անվանը:

Շոկոլադասերներ, հետևեք իմ գրառումներին, մինչ նոր  հանդիպում woman.am-ի էջերում: