Գայանե Առաքելյանն առաջարկում է այս թխվածքի իր տարբերակը, որով ինքս ևս պատրաստել եմ ու հիացել: Հեշտ, արագ, համի ու նրբության մասին էլ չասեմ:

Տետրերը պատրաստեք, նախ գրանցենք բաղադրիչները:

Խմորի համար

6 ձու
1.5-2 բաժակ շաքարավազ

2 ճաշի գդալ օղի

2-4 ճ գդալ մեղր

1 թեյի գդալ սոդա

3 ճաշի գդալ կակաո

3-3.5 բաժակ ալյուր

Կրեմի համար

250 գ կարագ

1 տուփ խտացրած կաթ

1 բաժակ կաթ

1 բաժակ շաքարավազ

3 ճաշի գդալ ալյուր

Վանիլին՝ ըստ ցանկության

Որևէ հարմար թասի մեջ հարում ենք 6 ձուն, ավելացնում ենք 1.5-2 բաժակ շաքարավազ, կախված նրանից, թե որքան քաղցր եք նախընտրում: Փրփրուն ու լավ թեթև զանգված ստանալուց հետո ավելացնում ենք օղին ու մեղրը: Ի դեպ, մեղրն ավելացնելուց առաջ լավ կլինի գոլորշու վրա թուլացնեք, որպեսզի չափսը ճիշտ կողմնորոշվեք, հակառակ դեպքում պինդ մեղրը չափելուց սխալվելու հավանականությունը մեծ է: Բաղադրիչները լավ խառնում ենք, որպեսզի ստացվի համասեռ զանգված:
Առանձին ամանի մեջ մաղում ենք  3 բաժակ ալյուրը՝ կակաոյի ու սոդայի հետ միասին: Ալյուրն ավելացնելուց հետո ևս մեկ անգամ խառնում ենք այնպես, որ չոր բաղադրիչները լավ տարածվեն: Այս պահին արդեն , կախված ստացված խմորի խտությունից, կարող եք ավելացնել ևս կես բաժակ ալյուր: Սա արդեն կախված է նրանից, թե ինչ չափսի ձու եք օգտագործել: Ասեմ, որ պետք է ստացվի ոչ շատ պինդ, բայց և ոչ շատ թույլ, հեշտ քսվող խմոր:

Վերջ, խմորը պատրաստ է:
Այն աչքաչափով հնարավորինս հավասար բաժանում ենք 4 մասի և քսում ենք տապակի ողջ մակերեսով: Ի դեպ, տապակի մեջ պետք է անպայման յուղաթուղթ դնել: Գայանեն սա թխել է մոտավոր 20×30 սմ տապակով: Յուրաքանչյուր շերտը թխվում է 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը:
Պատրաստի շերտերը թողնում ենք սառեն, որից հետո դրանք միացնում ենք իրար կրեմով:

Պատրաստում ենք հետևյալ կրեմը:

250 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք, քիչ-քիչ ավելացնում մի տուփ խտացրած կաթը, որից հետո կրկին քիչ-քիչ ավելացնում ենք եփովի կրեմը, որը պետք է եփել նախապես, որպեսզի մինչ այս պահը սենյակային ջերմաստիճանի լինի:
Կարագով կրեմների դեպքում խիստ կարևոր է, որ բաղադրիչներից բոլորը լինեն նույն ջերմաստիճանի, այս դեպքում պակասում է կրեմի կտրվելու հավանականությունը: Կտրվելու դեպքում միշտ էլ լուծում կա, բայց մենք չենք ուզում գլխացավանքի մեջ ընկնել J

Եփովի կրեմ պատրաստելու համար փոքր կաթսայի մեջ լցնում ենք մեկ  բաժակ կաթը, նույնքան շաքրավազն ու 3 ճաշի գդալ ալյուրը, խառնում ենք ու դնում կրակին, եփում ենք մինչ պնդանա:

Մեր հորովելն արդեն պատրաստ է:  Մնում է ձևավորել այն: Սա արդեն թողնում եմ ձեր երևակայությանը:

Լուսանկարում կտեսնեք Գայանեի ձևավորման տարբերակը՝ խմորի փշրանքներով, կարող եք փորձել նաև ջնարակով, հալեցված շոկոլադով և այլն, շատ գեղեցիկ է լինում նաև մանրեցված ընկույզով՝ վրան ջնարակի կամ հալեցված շոկոլադի գծիկներ: Սա արդեն իմ փորձից))
Մի կարևոր դիտարկում. եթե խմորեղենը պատրաստել եք ոչ բնական մեղրով, ապա ալյուրն ավելացնելուց առաջ մի ճաշի գդալ քացախ ավելացրեք խմորին (իսկ թե ինչու, այս մասին մանրամասն կարող եք կարդալ իմ հեղինակած  ՙՙՙՙՙՈրակյալ խմորի գաղտնիքները՚ նյութում):

Փորձեք ու վայելեք: Հարևաններին հրավիրեք սուրճի, հաջորդ անգամ նրանք ձեզ հաստատ կայցելեն թուղթ ու գրիչով:

Woman.am-ի էջերում տնական խմորեղենի տարբերակներ շատ կան, փնտրեք մեր էջերում և հետևեք թարմացումներին՝ ամեն օր:

Բաղադրատոմսի հեղինակ՝ Գայանե Առաքելյան
Նյութի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)