Խմորեղենի ու աղանդերի մյուս այլ տեսականու մեծ մասի դեպքում կրեմ է պահանջվում: Ընտրությունը շատ է, տեսականին՝ մեծ:
Այսօր ես կառաջարկեմ իմ ամենսաիրելին՝ սպիտակուցային կրեմը, որով լիցքավորում եմ շերտավոր խմորով պատրաստված Տրուբչկա կոչվող աղանդերը (տղաներս այն Պաղպաղակ են անվանում), որ շատ են սիրում հատկապես երեխաները: Իսկ անհայտ ծագմամբ խտացրած կաթերից ու ոչ շատ առողջարար կարագի մեծ քանակությունից խուսափելու համար այս կրեմը լավագույն այլընտրանքն է:
Քանի դեռ չեք սկսել, ասեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել այստեղ՝ Arusyak Hokhikyan’s group-ում:
Հարկավոր է փոքրիկ կաթսայով կրակին դնել 1 լիքը բաժակ շաքարավազ ու 3- 4 ճ գդալ ջուր խառնուրդը, ավելացնել մի պտղունց կիտրոնաթթու (լիմոնի աղ) և թողնել, որ եռա:
Մի կողմում մաքուր ու լիարժեք չորացված թասի մեջ լցնում ենք 2 սպիտակուց, որի մեջ ոչ մի դեպքում դեղնուց չպետք է խառնված լինի, ավելացնում ենք մի պտղոինց աղ ու դնում մի կողմ:
Սպասում ենք, մինչև օշարակի մեջ առաջանան առաջին պղպջակները: Պղպջակները երևացին: Շատ լավ, ուրեմն միացնում ենք հարիչն ու քանի դեռ օշարակը կրակին եռում է, մի կողմում հանգիստ սկսում ենք հարել սպիտակուցները: Հենց սպիտակուցները բեզեի վերածվեն, էնպես, որ ամանը շուռ տալուց չթափվեն, վերադառնում ենք մեր օշարակին ու ստուգում այն: Այստեղ ուշադրություն. ինչպես ստուգել օշարակի պատրաստ լինելը: Մի բաժակ սառը ջրի մեջ փոքրիկ գդալով իջեցրեք օշարակը ու թողեք սառի, հանեք գդալն ու ստուգեք, եթե դրա մեջ փափուկ կարամելանման զանգված է հավաքվել, ապա օշարակն արդեն պատրաստ է:

Մի կողմում սպիտակուց ենք հարում, մյուս կողմում օշարակ պատրաստում: Երկու գործողություն անում ենք միաժամանակ, որ սպիտակուցն ու օշարակը միաժամանակ պատրաստ լինեն, սպիտակուցը սպասել չի սիրում, կնստի:
Եկավ ամենապատասխանատու ու կարևոր պահը: Կրակից վերցնում ենք եռացող, շաաաատ տաք օշարակն ու շաատ, հնարավորինս բարակ շիթով լցնում ենք այն սպիտակուցի մեջ: Լցնում ենք շատ դանդաղ ու անդադար, առանց պահ անգամ կանգ առնելու հարում ենք սպիտակուցը օշարակն ավելացնելու ժամանակ:
Մի դիտարկում. հենց օշարակը լցրեցիք, սպիտակուցը մի պահ լավ կջրիկանա, նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Հանգիստ շարունակեք հարել, երկար ենք հարելու, մինչև սպիտակուցային զանգվածը, որ օշարակից լավ տաքացել էր, լիովին կարողանա սառել: Այդ պահին արդեն զանգվածը աստիճանաբար կսկսի կրեմի նմանվել, ու գեղեցիկ նախշեր կառաջանան հարիչի աշխատանքի հետևանքով:
Ահա, այս պահին արդեն կարելի է կանգ առնել: Հանգստացեք ու անջատեք տանջված հարիչը: Մեր սպիտակուցն արդեն պատրաստ է:
Կարևոր է իմանալ, որ օշարակի բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ սպիտակուցը լիովին անվտանգ է դառնում, վերանում են վտանգավոր բակտերիաները:
Կարևոր է նաև, որ այս կրեմը պահպանում է իր ձևն ու որակը անգամ տաք սենյակում՝ սառած ու կարամելիզացված օշարակի հաշվին:
Կարծում եմ՝ դժվար չէր: Այս չափաբաժնով բավականին շատ կրեմ է ստացվում, մոտավորապես այնքան, որքան կստացվեր մի տուձ կարագն ու խտացրած կաթը հարելիս:
Առաջիկա օրերին Woman.am-ի էջերում կտեղադրեմ նաև այս կրեմի կիրառման հետաքրքիր ու գեղեցիկ տարբերակներ: Հետևեք մեզ, մենք կապահովենք ձեր խոհանոցի բազմազանությունը:
Հեղինակ՝ Arusyak Hokhikyan



