չոր հալվա

Տնական, յուղաբույր անուշ չոր հալվան հայկական սեղանի զարդն ու սիրելի անուշեղենն է բոլոր ժամանակներում:

Հարմար տարբերակ չե՞ք գտնում: Ես կհուշեմ: Իսկ ավելի լավ է՝ եկեք պատրաստենք միասին:

Ասեմ, որ իմ տարբերակը վերջնական տեսքի եմ հասցրել իմ սիրեի քույրիկ Ժաննա Պալյանի օգնությամբ ու խորհուրդներով:

Մեզ անհրաժեշտ է

  • 4 բաժակ ալյուր
  • 300-400 գ  ձիթայուղ կամ կարագ
  • 2 բաժակ շաքարավազ

Ուրեմն սկսեցինք

Հաստ տակով թավայի մեջ լցնում ենք ալյուրը, բովում ենք մի քիչ, որ գույնը մգանա: Մգությունը՝ ըստ ճաշակի:

Ցանկալի ոսկեգույնին մոտ երանգը ստանալուց հետո ավելացնում ենք ձիթայուղը, կրակը իջեցնում ենք ու ինտենսիվ խառնում, որ հավասար խառնվի:

Որքան շուտ ավելացնեք ձիթայուղը, այնքան ավելի բաց կստացվի հալվայի վերջնական գույնը: Սա ևս՝ ըստ ճաշակի: Ես պատրաստում եմ և շատ բաց, և բավական մուգ գույնի:

Մի կարևոր բան: Եթե ձիթայուղով եք պատրաստվում, կարող եք ձիթայուղը շուտ լցնել, իսկ այ յուղով կամ կարագով պատրաստելու դեպքում այն ավելացրեք մի փոքր ավելի ուշ, քանի որ կարագը շատ տաքանալիս ծանրացնում է պատրաստի անուշեղենի համն ու հոտը:

Ահա, յուղային բաղադրիչի հետ էլ մի քանի րոպե բովելուց հետո ժամանակն է ավելացնելու շաքարավազը:

Ավելացնում ենք ու շարունակում խառնելով եփել միջին կրակի վրա: Շաքարավազից հետո զանգվածը կսկսի արագ մգանալ, եթե ուզում եք հարթ մակերես ստանալ, ապա պետք է աշխատեք արագ խառնել, որպեսզի ներքևից չմգանա ու անհարթություններ չերևան:

Մի քանի րոպե ևս շարունակում ենք խառնել շաքարավազն ավելացնելուց հետո ու արագ նախապատրաստում ենք մատուցվող ափսեն:

Տաք զանգվածը արագ տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, սեղմում ենք լավ, որ պնդանա: Զգույշ եղեք. այս պահին զանգվածը հանգիստ կարող է այրել ձեռքերն ու մատները: Ես հարթեցնում եմ կամ կեծ գդալով, կամ սիլլիկոնե ձեռնոցնդրով, կամ որևէ  այլ հարմար, հարթ մակերեսով: Գեղեցիկ տեսք տալուց հետո, քանի դեռ տաք է, արագ կտրվածքներն ենք անում: Սառելուց հետո արդեն կտրելիս հալվան փշրվելու է: Պատահական չէ, չէ՞, որ հենց ՉՈՐ ՀԱԼՎԱ եմ կոչել J

Վերջնական տեսքի բերելուց հետո արդեն սպասում ենք հալվան սառչի: Մատուցում ենք սառը վիճակում:

Ձևավորելու համար կարող եք օգտագործել ընկույզ, նուշ:

Այսօրվա համար այսքանը:

Մինչ նոր համեղ հանդիպումներ woman.am –ի խոհանոցում: