Բանան թխվածքաբլիթներ

Տնական համեղ ու տեղը տեղին աղանդեր ենք պատրաստելու: Ով ինչ կիսատ գործ ունի ավարտեք ու միացեք մեզ: Կարինե Հովակիմյանն արդեն տեղում է, նա մեզ կօգնի, որ ստանանք իր պատրաստած այս գեղեցիկ թխվածքաբլիթներից:

Եկա՞ք, շատ լավ: Ուրեմն  էսպես: Նախ հարկավոր է թասի մեջ լցնել մեկ բաժակ թթվասեր, որի մեջ ավելացնում ենք մեկ թեյի գդալ սոդա, խառնում ենք, ավելացնում մեկ ձու ու հարում ենք, որ ձուն լավ խառնվի: Այնուհետև ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի 200 գ կարագ կամ մարգարին ու խառնում կամ հարում այնքան, որ համասեռ զանգված ստացվի: Չանհանգստանաք, ջրիկ զանգվածի մեջ կարագը մի փոքր դժվար կտարածվի, ոչինչ, մնացածն էլ ալյուրն ավելացնելիս կխառնվի: Ալյուրի անունը տվեցինք, ալյուրն էլ եկավ: Եկել եկել է, ինչ արած, մաղում ենք ստացված զանգվածի վրա քիչ-քիչ ու խառնում: Պետք է ստանանք այնպիսի խմոր, որը չի կպնում ձեռքերին: Խմորը թեթև է ստացվելու, բայց ոչ թույլ:

Պատրաստի խմորը Կարինեի խորհրդով բաժանում ենք 25 մասի ու գնդիկներ ենք անում:
Ծածկում ենք սրբիչով, որ մինչ ամեն մեկի հերթը հասնի, մյուսները չհասցնեն չորանալ:
Հերթով գնդիկները դուրս ենք բերում սրբիչի տակից ու գրտնակով բացում ենք շրջանակների ձևով, մեջտեղում դնում ենք լցոնն ու ծայրերը մոտեցնում, ամրացնում: Պետք է արդյունքում ստացվեն բանանի տեսքով կիսապատրաստուկներ (полуфабрикат բառն էսպես եմ թարգմանել):

Միջուկի համար առանձին ամանի մեջ իրար ենք խառնում մեկ տուփ, այսինքն, մոտ 200 գ կաթնաշոռը, մեկ բաժակ շաքարավազն ու մի փոքր վանիլինը:
Գեղեցիկ տեսքի բերված թխվածքաբլիթները թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում մինչ բաց վարդագույն երանգ ստանան:
Համեցեք, բանաններն արդեն թխվեցին:  Տարօրինակ նախադասություն ստացվեց։

Այս աղանդերն ընդունված է մատուցել առատ շաքարի փոշիով, ինչպես Կարինեն է արել լուսանկարի բանանների դեպքում:

Այսքանը: Woman.am-ը հավատարիմ է իր խոստմանն ու ներկայացնում է միայն փորձված ու հաջողված բաղադրատոմսեր:

 

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)