Աննա Բաղդասարյանի օգնությամբ այսօր հետաքրքիր աղցաններ շարքից պատրաստելու ենք այս գեղեցիկ ու համեղ աղցանը: Դուք խոհանոցում հավաքվեք, հարմար աման վերցնեմ, գամ:
Այսպես, ուրեմն, Աննայի խորհրդով վերցնում ենք ոչ շատ խորը աման, քանի որ աղցանը շուռ ենք տալու վերջում, խորը լինելու դեպքում գլխացավանքի մեջ կընկնենք: Մոտ 7-8 սմ խորությունը լրիվ բավարար է: Ամանի մեջ սննդային թաղանթ ենք փռում այնպես, որ ծայրերը դուրս գան ամանի կեղքերից: Սա մեզ օգնելու է, որ հարմար շուռ տանք աղցանը:
Հիմա անցնենք բաղադրիչներին: Շերտերով ենք դասավորելու ու գլխիվայր, սկսելու ենք ամենավերին շերտից, որ շուռ տալու դեպքում ամենաառաջին շերտը հայտնվի վերևում:
Մեզ մոտ առաջին շերտը մարինացված սունկն է: Փոքրիկ սնկիկները իրար մոտիկ-մոտիկ դասավորում ենք ամանի տակը մեկ շերտով, վրան լցնում ենք մանր կտրատված կանաչ սոխ այնպես, որ սա էլ շերտ կազմի: Ի դեպ, եթե ինչ-որ պատճառով խուսափում եք սոխից, ապա կարող ենք այն փոխարինել որևէ այլ կանչիով: Կանաչ սոխի վրա մայոնեզ+սև պղպեղ կամ թթվասեր+սև պղպեղ խառնուրդով գծիկներ ենք անում, կամ ծորացնում ենք, բայց չենք քսում շերտով: Նախապես պինդ եփված ու քերած կարտոֆիլը համեմում ենք աղով ու պղպեղներով, ու էլի բարակ շերտով տեղավորում որպես հաջորդ շերտ: Վրան մի շերտով դնում ենք էլի նախապես եփված, քերած ու համեմված գազարը: Գազարի շերտից հետո նորից մայոնեզի կամ թթվասերի մասն է, այսինքն էլի ծորացնում ենք կամ գծիկներ անում: Կարող եք լցնել ձևավորման տոպրակների մեջ ու աշխատել, որ և կոկիկ լինի, և համաչափ տարածվի:
Որպես նախավերջին շերտ տեղավորում ենք եփված ու մանր կտրատված, աղ ու պղպեղներով համեմված հավի կրծքամիսը: Վերջին շերտը նորից քերած կարտոֆիլն է:
Վերջ, աղցանը գլխիվայր պատրստեցինք: Եկավ ամենապատասխանատու պահը, ինչի համար որ հավաքվել ենք: Զգուշորեն պետք է շուռ տալ այս ամենն այնպես, որ բոլոր շերտերն անվնաս մնան:
Որևէ հարմար մատուցման աման ենք վերցնում, դնում ենք այն մեր աղցանի վրա էնպես, որ վերջին կարտոֆիլով շերտը կպնի մատուցվող ամանին, սննդային թաղանթի ծայրերն էլ բարձրացնում ենք էնպես, որ աղցանն ամբողջությամբ սեղմվի մատուցվող ափսեին, հիմա այս հարմար դիրքով կտրուկ շուռ ենք տալիս մեր աղցանը մատուցվող ամանի վրա:
Պատասխանատու աշխատանք է: Վերջ, աղցանն ամանի մեջ է՝ նկարում պատկերված տեսքով: Վրայից հեռացնում ենք սննդային թաղանթն ու հիանում այս բազմահարկ համեղությամբ:

Դռները բացեք, հյուրերն արդեն ժամանեցին:
Խոհանոցում աշխատանքն ավարտելուց հետո չմոռանաք նորույթներ փնտրել woman.am-ի էջերում: Մեր խոհանոցային էջերը ամեն օր թարմացվում են հետաքրքիր ու շատ հարմար տարբերակներով:
Սիրեք և եղեք սիրված: Մինչ նոր համեղ հանդիպումներ:
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)



